Հակամշակութային 2015-ը՝ Հայաստանում
Անցնող տարին Հայաստանում աչքի ընկավ ինչպես՝ մշակութային կարևորագույն և հիշարժան իրադարձություններով, որոնք իրենց նշանակությամբ և մասշտաբներով լայն արձագանք գտան Հայաստանում և երկրի սահմաններից դուրս, այնպես էլ՝ հակամշակութային մի շարք իրադարձություններով: 168.am-ը տարվա ավարտն ամփոփում է նաև սեփական ուսումնասիրությամբ «Հակամշակութային 2015»-ի թոփ ութնյակով, որտեղ ներկայացնում ենք մեր դիտարկմամբ՝ տարվա ընթացքում տեղի ունեցած մշակութային բացասական իրադարձությունները.
1. Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմի պրեմիերան Երևանում
Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ Հայոց ցեղասպանության թեմայով «Սպի» ֆիլմի երևանյան պրեմիերան, որ կայացավ անցնող տարվա հենց սկզբին, միանշանակ ընդունելության չարժանացավ ո´չ տեղական լրատվամիջոցների արձագանքներում, ո՛չ հասարակության որոշ շերտերում: Շատերը բոյկոտեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարող ֆիլմի հեղինակի ազգային պատկանելությունը՝ մեկնաբանելով, որ սխալ որոշում էր՝ սկսել 100-ամյակը հենց թուրք ռեժիսորի մի ֆիլմով, որը նաև, շատերի կարծիքով՝ Ցեղասպանության թեմային առնչվում էր խիստ մակերեսային մոտեցմամբ ու մեկնաբանությամբ: Ինչևէ, 2015-ի առաջին հակամշակութային իրադարձությունը դարձավ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի՝ «Սպի» ֆիլմի երևանյան պրեմիերան:
2. Անտոնիո Կոնսալեսի չկայացած համերգն Օպերայում
«Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը նախատեսված էր Oպերային թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով չի կայացել»: Սա իտալացի դաշնակահարի մասնակցությամբ չկայացած համերգի պատճառների մասին վկայող պաշտոնական վարկածն էր: Իրականում 2015-ի փետրվարին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սկանդալ էր հասունացել: Ասում են՝ թատրոնի ներսում կանխամտածված ձախողել էին նրա ելույթը: Պատճառները, ըստ տարբեր աղբյուրների մեկնաբանության՝ տարբեր էին…
3. Անաստաս Միկոյանի անհետացած կիսանդրին
Այնուամենայնիվ, անցնող տարի ոչ միանշանակ արձագանքների և բուռն վեճերի ու մեկնաբանությունների տեղիք տված խորհրդային տարիների քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի կիսանդրու տեղադրման պատմությունն ավարտվեց արձանի անհետացմամբ: Կիսանդրու գտնվելու վայրը մինչև օրս մնում է անհայտ…
4. Օձունի Սբ. Հովհաննես տաճարի վերականգնումը
Անցնող տարվա օգոստոսյան թեժ օրերին էր, որ սկիզբ առավ Օձունի խնդրահարույց՝ Սբ. Հովհաննես տաճարի վերականգնման աշխատանքների պատմության ստվերոտ և մութ կողմերի լուսաբանումը, որը տևեց ուղիղ մեկ ամիս և ավարտվեց տաճարի անավարտ շինարարությամբ:
5. Մարզահամերգային համալիրի վաճառքը
Անցնող տարվա շոգ ամառը հիշարժան դարձավ ևս մեկ հակամշակութային ձեռնարկով՝ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 13-ի նիստի ժամանակ որոշում կայացրեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «անհայտ» ՍՊԸ-ին։ Գույքը վաճառվեց ընդամենը 20 օր առաջ ստեղծված կազմակերպությանը՝ 30 մլն ԱՄՆ դոլարով:
6. Արմենչիկը՝ արվեստի վաստակավոր երգիչ
Անցնող տարվա սեպտեմբեր ամիսը պայթեց ռաբիս երգիչ Արմենչիկին ՀՀ Վաստակավորի կոչում շնորհելու անհավատալի իրողությամբ: Քննարկումներն այս միջադեպի առնչությամբ միանշանակ էին՝ Արմենչիկը չի կարող լինել վաստակավոր երգիչ, կամ վաստակավորի կոչումն այլևս արժեզրկված է:
7. «Հավերժության ժապավեններ» հուշարձանների խոշտանգումը
Հանրության ուշադրությունը հերթական անգամ բևեռվեց Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող, վանդալիզմի զոհ դարձած «Անվերջության ժապավեն» քանդակի ճակատագրի վրա: Ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի հեղինակը Դավիթ Բեջանյանն է: Քանդակի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնել էր արձանի հեղինակի դուստրը` երգչուհի Էմմին, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ հղելով ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին…
8. Օպերային թատրոնը մնացել է առանց գլխավոր դիրիժորի
Տարին ավարտում ենք համաշխարհային մշակութային պրակտիկայում աննախադեպ իրողություն գրանցած «գործարքով»… ներեցեք, ուզում էինք գրել՝ կառույցի ներսում իրականացված կառուցվածքային փոփոխություններով: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժոր՝ հաստիքը լուծարվել է: Նվագախմբի անդամները չեն համակերպվում նախկին գլխավոր դիրիժորի՝ Կարեն Դուրգարյանի հեռացման որոշման հետ… Սկանդալը տեղափոխվում է նոր տարի: Բողոքող նվագախումբը սպասում է ՀՀ նախագահին ուղարկված բաց նամակի արձագանքին: