Բաժիններ՝

Մշակութային 2015-ը՝ Հայաստանում

Անցնող տարին Հայաստանում աչքի ընկավ մշակութային կարևորագույն և հիշարժան մի քանի իրադարձություններով, որոնք իրենց նշանակությամբ և մասշտաբներով լայն արձագանք գրանցեցին ինչպես՝ երկրի ներսում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում: Տարին ընդգծված թեմատիկ էր՝ Հայաստանը մեծ ու փոքր, տեղական և միջազգային հարթակներում անդրադարձ էր կատարում դարասկզբին տեղի ունեցած ողբերգական դեպքերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս շրջանակներում Հայաստան այցելեցին անվանի հայ և ոչ միայն հայ մշակութային գործիչներ, հիշատակի, ոգեկոչման և նվիրումի միջոցառումներ կազմակերպվեցին աշխարհի հայասփյուռ բոլոր համայնքներում:

Տարեվերջն ամփոփում ենք 168.am-ի ուսումնասիրությամբ հայաստանյան «Մշակութային 2015»-ի թոփ 12-ով, որտեղ ներառել ենք մեր դիտարկմամբ՝ տարվա ընթացքում տեղի ունեցած առավել որոշիչ նշանակությամբ աչքի ընկած մշակութային իրադարձությունները, որոնք ներկայացնում ենք՝ ըստ ժամանակագրության:

1. Սպիվակովի համերգը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Spivakov (5)

Կարդացեք նաև

Ապրիլի 14-ին «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ համերգով, որ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2. Գրիգոր Նարեկացին՝ Տիեզերական եկեղեցու վարդապետ

1931366_10203791122897244_1874157021363505650_n

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքից:

3. Քանյե Ուեսթի ելույթը Կարապի լճում

Qanye20

Այն բանից հետո, երբ ապրիլի 13-ին հայտնի սևամորթ երաժիշտ Քայնե Ուեսթը (Քարդաշյան քույրերի և դստեր հետ) հայաստանյան այցի ընթացքում Կարապի լճում ինքնաբուխ համերգի ընթացքում բոլորի համար անսպասելի նետվեց ջուրը՝ ոչ միայն տեղական, այլև համաշխարհային մամուլը կայծակնային արագությամբ դեպքը մեկնաբանեց մոտավորապես այսպես՝ «Ջրերի վրա քայլող աստղը՝ Հայաստանում»:

4. System of a Down խմբի մենահամերգը Երևանում

1534869_10203791123617262_6773779298992995825_o

Ապրիլն աննախադեպ հագեցած ամիս էր հայաստանյան մշակութային դաշտում: Հենց այս ամսվա ընթացքում էր, որ համաշխարհային մամուլն ուշի ուշով հետևում էր Հայաստանում տեղի ունեցող մշակութային (և ոչ միայն) իրադարձություններին, որից մեկն էլ՝ աշխարհահռչակ System of a Down խմբի մենահամերգն էր Երևանում՝ Հանրապետության հրապարակում, որը նախաձեռնվել էր Wake Up the Souls (Արթնացնելով հոգիները) խորագիրը կրող համերգային շրջագայություն ներքո՝ մեկնարկելով Լոս Անջելեսից, ապա շարունակվելով աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում:

5. Վենետիկի 54-րդ բիենալեն

Վենետիկի 54-րդ բիենալեում մայիսի 9-ին Հայաստանի գրանցած հերթական հաղթանակը ցույց տվեց հայկական արվեստի ներուժը: Միջոցառմանը մասնակցող 53 երկրից Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին: Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանն այս տարի մասնակցություն բերեց սփյուռքահայ 18 ժամանակակից արվեստագետ:

6. Ոսկե Ծիրան

voske ciran

2015-ին «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի առանցքում նույնպես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմատիկան էր: Փառատոնի շրջանակներում իրականացվեցին Մեծ եղեռնին նվիրված` «Մենք կանք» և «Այլևս երբեք» երկու ծավալուն ծրագրերը: «Ոսկե Ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի այս տարվա հյուրերի ցանկն աստղառատ էր, փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան այցելեցին իտալացի կինոդերասանուհի Օռնելա Մուտին և գերմանացի կինոդերասանուհի Նաստասյա Կինսկին: Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորեց «Ոսկե Ծիրանի» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Երևան ժամանեց նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն:

7. Հանդիպում-երեկո՝ Արտավազդ Փելեշյանի հետ

Peleshyan

Հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և լսելու վարպետին:

8. Գրողներ Քրիս Բոհջալյանի և Վարուժան Ոսկանյանի հայաստանյան այցը

Ավարտվող տարվա սեպտեմբեր ամիսը նշանավորվեց գրական աշխարհում «Գրական տապանը» փառատոնի բարեհաջող անցկացմամբ, որի շրջանակներում ներկայացվեցին տարբեր երկրների մի շարք հայտնի գրողներ, այդ թվում՝ նշանակալից էին անվանի հայազգի գրող Քրիս Բոհջալյանի («Ավազե ամրոցի աղջիկները» աղմուկ հանած ստեղծագործության հեղինակը), ինչպես նաև ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր, «Շշուկների մատյան» հայտնի վեպի հեղինակ Վարուժան Ոսկանյանի հայաստանյան այցերը:

9. Շառլի Ազնավուրի մենահամերգը Երևանում

Aznavur

Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի անցկացման կապակցությամբ հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հայաստանյան մենահամերգը:

10. Թբիլիսիի Սբ. Գևորգ տաճարի վերաբացումը

Surb Gevorg ekexeci-Vrastan

Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման և վերաբացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, եկեղեցու վերականգնման ծրագրի նվիրատուները, Հայաստանի և Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերաօծման հանդիսավոր արարողությունը կատարվեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ: Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ծրագիրն ընդհանուր արժեքով կազմել է 3,5 մլն դոլար:

11. Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի և Հ. Այվազովսկու 200-ամյակի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր իրադարձությունների օրացույցային ընդգրկումը

Վարդապետ Ոսկան Երևանցու Աստվածաշնչի տպագրության 350-ամյակը (1666 թ.) և Հովհաննես Այվազովսկու (1817-1900) ծննդյան 200-ամյակն այս տարի ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թվականների նշանակալի իրադարձությունների օրացույցում: Որոշումն ընդունվեց Փարիզում՝ նոյեմբերի 4-18-ին անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գերագույն ասամբլեայի 38-րդ նստաշրջանում: Հատկանշական է, որ սկսած 1998 թվականից մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների օրացույցում ներկայացվել է Հայաստանին վերաբերող 21 հոբելյանական իրադարձություն:

12. Սերբ ռեժիսոր-երաժիշտ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» խմբի երևանյան համերգը

Emir Kusturica pays a visit to the Armenian Genocide memorial complex

Հայաստանում մշակութային տարին եզրափակվեց աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Էմիր Կուստուրիցայի հայաստանյան այցով: Հայտնի ռեժիսորի ու երաժշտի մասնակցությամբ տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց վերջինիս այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի երկրպագուները հնարավորություն ունեցան մասնակցելու վերջինիս մասնակցությամբ խելահեղ համերգային ծրագրին:

168.am-ը տարվա ավարտը կամփոփի նաև սեփական ուսումնասիրությամբ «Հակամշակութային 2015»-ի թոփ ութնյակը, որտեղ կներկայացվեն մեր դիտարկմամբ՝ տարվա ընթացքում տեղի ունեցած բացասական մշակութային իրադարձությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս