«2017 թվականի ընտրությունների հնարավորությունը պետք է օգտագործվի»
«2016 թվականին տնտեսական առումով հաստատ ձեռքբերում չենք ունեցել»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ երևի եզակի տարի էր 1995 թվականից հետո, չհաշված 2009 թվականը, որ տնտեսական աճ չունեցանք. «Սա յուրահատուկ տարի է, նույնը կարելի է ասել հարկահավաքման առումով, որ էլի յուրահատուկ տարի է, որովհետև նախնական գնահատականներով՝ մինչև 90 միլիարդ պլանավորվածի համեմատ հարկ չի հավաքվի։ Պետական պարտքի ռեկորդ սահմանվեց, որն արդեն մոտենում է այն սահմանագծին, որ պետական պարտք վերցնելն անհնար է դառնում»։
Քաղաքական առումով, Վ. Խաչատրյանը նշեց, որ այն սպասելիքներ, որ կային, իրականություն չդարձան. «Նկատի ունեմ, որ կարող էր Ընտրական օրենսգրքի հետ կապված հասնեինք նրան, որ այնպիսի համակարգ ստեղծվեր, որը կարող է ապահովել կամ վստահություն ներշնչել, որ ընտրությունները կարող են լինել արդար, թափանցիկ, վստահություն ներշնչող։ Թեկուզ եղան փոփոխություններ, այդ փոփոխություններին նաև ակտիվ մասնակցեցին քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներն ու քաղաքական ուժերը, բայց ամբողջական սպասելիքները չիրականացան։ Այդ առումով և՛ մի քիչ առաջընթաց կար, և՛ հակառակը՝ խնդիրներ կային»։
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հուլիս ամսին՝ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված, Վ. Խաչատրյանը փորձություն է համարում պետության և քաղաքական համակարգի համար. «Ինչ-որ տեղ ահազանգ էր, որ չեն բացառվում նաև նմանատիպ դեպքեր կամ իրադարձություններ, որոնք իրենց մեջ նաև վտանգ են պարունակում պետության համար»։
Վ. Խաչատրյանը կարծում է՝ 2017 թվականի ընտրությունների հնարավորությունը պետք է օգտագործվի, քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կարողանան իսկապես ընտրական ամբողջ պրոցեսը վերածել ակտիվ քաղաքական միջոցառման, որտեղ նաև շատ կարևոր պետք է լինի քաղաքացիների, ընտրողների ակտիվ մասնակցությունը. «Ի վերջո, միայն այդ դեպքում հնարավոր կլինի այսօրվա քաղաքական մենաշնորհի վերացումը։ Ամեն ինչ արվեց, որ վերականգնվի Խորհրդային Միության մոդելը՝ հանձին միակուսակցական Հանրապետական կուսակցության, որը միայն բացասական կազդի երկրի ապագայի վրա։ 2017-ը կարևոր է այդ առումով, և հնարավորություն կա այդ միակուսակցական համակարգն ուղղակի վերացնել»։
Ըստ նրա՝ բոլորը պետք է իրենց ուժերն օգտագործեն՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակով հանդես կգան ընտրություններին՝ միայնա՞կ, թե՞ դաշինքներով։ Նա նաև նշեց, որ այս պահին ՀԱԿ-ը կոնկրետ որևէ ուժի հետ չի համագործակցում, պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց կարևորագույն նպատակը կլինի՝ իսկապես ընտրություններ անցկացնել, որի արդյունքում կձևավորվի այնպիսի իշխանություն, որն իսկապես և՛ վստահված կլինի, և՛ հնարավորություն կունենա բարեփոխումներ իրականացնել։