Բաժիններ՝

Հայ-վրացական սահմանի դյութի ֆրիում սահմանափակումներ են մտցրել

Վերջին շրջանում Վրաստանից Հայաստան վերադարձող քաղաքացիները չեն կարողանում սահմանին դյութի ֆրիից հանգիստ առևտուր կատարել։ Ցանկացած ապրանքի վրա քանակի սահմանափակում կա և 2-ից ավելի չեն վաճառում, հատկապես՝ ալկոհոլային խմիչքները։ Եթե նախկինում դյութի ֆրիում առևտուրն ավելի ազատ էր, ապա Ամանորի շեմին խիստ հսկողություն է սահմանվել։

168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ո՞րն է խնդիրը։ Նախարարը հայտարարեց, թե բոլոր երկրներն անմաքս առևտրի խանութներում ունեն սահմանափակումներ սպիրտային խմիչքների և, առհասարակ, ենթաակցիզային ապրանքների նկատմամբ, որպեսզի «չչարաշահվի առանց հարկերի վճարման ապրանքաշրջանառությունը»։ Ըստ նրա՝ դա կարգավորվում է իրավական նորմերով։

Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը նախարարի այս բացատրությունն անընդունելի է համարում և պնդում, որ աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի։

«Չկա նման բան աշխարհում, Կարայանն էլ թող նոր կարգուկանոն չմտցնի։ Դյութի ֆրին հենց նրա համար է, որ մարդիկ օգտվեն դրանից։ Հակառակ դեպքում՝ փակեք դյութի ֆրիները։ Ի՞նչ է նշանակում՝ «չարաշահել»։ Այսինքն՝ մարդը գնում է 50 շիշ, բերում-վերավաճառո՞ւմ է։ Խնդիրը միայն այդտեղ կարող է լինել, որ առանց համապատասխան իրավունքի՝ առևտրով չզբաղվեն։ Բայց եթե սովորական քաղաքացին գնում է անում, ի՞նչ տարբերություն՝ 20, թե 50 հատ է գնում։ Այդ դեպքում եկեք վերացնենք դյութի ֆրին»,- ասաց Վ.Խաչատրյանը։

Նա նշեց, որ նախկինում բազմիցս անձամբ գնումներ է կատարել հայ-վրացական սահմանի դյութի ֆրիից և որևէ սահմանափակում չի եղել։ Վ.Խաչատրյանի խոսքով՝ Վրաստան գնալիս այլ կարգի սահմանափակում կա, որ անձը 1 լիտր ալկոհոլից և 20 տուփ ծխախոտից ավելի չի կարղ տանել, բայց դա միջազգային նորմ է։

Տնտեսագետը բերեց «Զվարթնոց» օդանավակայանի օրինակը, որի դյութի ֆրիից օգտվելիս սահմանափակում չկա, իսկ առհասարակ այլ երկրներում շահագրգռում են, ակցիաներ են անում, որ մարդիկ մեկից ավելի գնում անեն։

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ հայ-վրացական սահմանի դյութի ֆրիում այս սահմանափակումը կարող է արվել միայն մենաշնորհների համար, այնպես, ինչպես արհեստական խնդիրներ են առաջացնում բանանի կամ շաքարավազի ներկրման դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս