«Ալիևից մեդալ ստանալուց հետո Լուկաշենկոն հիմա կատարում է իր խոստումը». Թևան Պողոսյան
«Այս 1 տարում շատ կոշտ դիրքորոշում է ցուցաբերվել, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում բոլորը գիտեն, որ հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է լիներ ՀՀ ներկայացուցիչը, այսինքն՝ անձ, որը ներկայացնելու է Հայաստանը։ Եվ, փաստորեն, ՀԱՊԿ-ի անցած հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երևանում, մենք տեսանք, որ Նազարբաևը չեկավ, և մեզ ասացին, որ, եթե պայմանավորվեին, թե ում են նշանակում գլխավոր քարտուղար, հարցը կլուծվի։ Իսկ այս անգամ Լուկաշենկոն չի գնացել, և կարծում եմ՝ այդ հարցը էլի մնալու է այնտեղ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով Սերժ Սարգսյանի Սանկտ Պետերբուրգ կատարած այցի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մասին:
Ըստ նրա՝ Ալիևից մեդալ ստանալուց հետո Լուկաշենկոն խոստացել էր, որ անպայման ամեն ինչ կանի, որ արժանանա այդ «բարձր պատվին», և հիմա փորձում է կատարել իր պարտքը նրանով, որ չի մասնակցում ՀԱՊԿ այս վեհաժողովին, և, փաստորեն, գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի հաստատման վերաբերյալ համապատասխան որոշումներն էլ չեն ընդունվելու.
«Մի կողմից՝ կարելի է ասել՝ ի՞նչ կփոխեր դա ՀԱՊԿ-ի համար։ Իրականում, մեծ հաշվով, ոչ մի բան, բայց դրա հետ միասին՝ դա ուղղակի վերաբերմունք է, որ ՀԱՊԿ-ում դաշնակիցներն ավելի շատ մտահոգված են Ադրբեջանի շահերով, քան Հայաստանի։ Նրանից, թե այնտեղ որևէ մեկը կլիներ «յան» ազգանունով, ՀԱՊԿ-ը չէր փոխելու ընդհանուր քաղաքականությունը, չէր փոխելու դիրքորոշումները։ Նմանատիպ իրավիճակում է, օրինակ, ԵՏՄ-ն, որտեղ Տիգրան Սարգսյանի ներկայությունից Հայաստանը ոչինչ չի շահում։ Այնպես որ, այստեղ խնդիրն այն չէ, որ, կրկնում եմ, «յան» ազգանունով ով կլինի, հարցը վերաբերմունքն է։ Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ում դա պետք է լիներ ամենագլխավոր հարցը, որ տարեվերջին լուծվեր»։
Թ.Պողոսյանը հիշեցրեց Երևանում Լուկաշենկոյի կողմից հնչեցված մի նախադասություն, որ կփորձի ՀԱՊԿ-ին նոր շունչ տալ, երբ իրենք նախագահությունը ստանձնեն.
«Փաստորեն, սպասում է Բելառուսում կայանալիք հանդիպմանը և չի մտահոգվում ՀԱՊԿ-ի մնացած պարտավորություններով։ Հիմա շատերը կարող են ասել, որ, եթե չի պարտավորեցնում իրեն ՀԱՊԿ խնդիրներով զբաղվել, միգուցե դիրքորոշումը չի կոշտացել, այլ արհամարհանքն է մեծացել, բայց դա մեկնաբանության խնդիր է՝ ուզում են դիրքորոշումը կոշտացրած համարեն, ուզում են արհամարհանք համարեն, բայց որևէ մեկը ՀԱՊԿ-ում, հատկապես՝ Ղազախստանը կամ Բելառուսը, իրականում այդ կառույցին չեն ուզում լուրջ վերաբերվել։ Իմ կարծիքով՝ արհեստածին կազմակերպությունները միշտ էլ մնալու են թղթի վրա, ոչ թե գործեն իրականության մեջ»։
Թե Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի այս վեհաժողովում, Թ.Պողոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը միայն ու միայն պետք է առաջնորդվի հայկական շահերով.
«Հիմա թե իր ելույթում կանդրադառնա այս խնդիրներին, թե այլ ինչ-որ ձևով, բայց պետք է հայկական շահերն առաջ տանի։ Պետք է գիտակցենք, որ մենք պետք է մեր շահերից առաջնորդվելով՝ աշխարհում այն գործընկերների հետ հարաբերություններ հաստատենք, որոնք կնպաստեն հայկական շահերի առաջմղմանը»։