
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը հրաժարական կտա

«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք 7-րդ արտահերթ համագումարի ժամանակ հրաժարական կտա և կընտրվի կուսակցության նոր ղեկավար: Այսօր այս մասին կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Է.Անտինյանը` հավելելով, որ համագումարից հետո ինքը չի գլխավորելու կուսակցությունը:
Կուսակցության շարքերը վերջերս համալրած Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ համագումարի ժամանակ նախատեսվում է կուսակցության նոր կանոնադրության ընդունումը, կուսակցության նոր ծրագրի ընդունումը և, եթե կուսակցության գործող ծրագիրն ընդհանրական է և մի քանի էջից է բաղկացած, ապա նորը` 50 էջից և համապարփակ, նաև կընդունվի համապատասխան բանաձև, որի միջոցով կարտահայտեն իրենց վերաբերմունքը խորհրդարանական ընտրությունների մասնակցության վերաբերյալ: Նա նշեց, որ համագումարը զուտ կանոնադրական և ծրագրային խնդիր է քննարկելու և կողմնակի հյուրեր չեն հրավիրվելու: