
«Եթե այս միտումները շարունակվեն, դեֆոլտը սարերի հետևում չէ». Աշոտ Եղիազարյան

Տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Եղիազարյանն այսօրվա ասուլիսին ամփոփելով տնտեսական տարին՝ ասաց, որ եռամսյակների կտրվածքով ՀՆԱ աճի տեմպերը դանդաղել են. «Եթե առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 4.3% ՀՆԱ աճ, երկրորդում՝ 1.6%, ապա երրորդում՝ -2.6: Կանխատեսվում է, որ տարվա կտրվածքով զրոյական աճ կունենանք, գուցե և բացասական ցուցանիշ ունենանք: Կրճատվում են պետական բյուջեի եկամուտները, այս ամիսների կտրվածքով հայտարարվում է, որ թերակատարվել է 80 մլրդ դրամի չափով: Այս տարի ևս շարունակվեց մասնավոր տրանսֆերտների ծավալների կրճատումը, շատ լուրջ խնդիրներ կան առևտրի, շինարարության, ներմուծման ոլորտներում, ինչը վկայում է այն մասին, որ մեր ձեռնարկություններն ու բնակչությունը եկամուտների առումով նույնպես լավ վիճակում չեն: Կրճատվել են օտարերկրյա ներդրումները: Շարունակում է մեծանալ պետական արտաքին պարտքը, նկատվում է նաև կապիտալի արտահոսք երկրից»:
Այս ամենը, ըստ տնտեսագետի՝ մեր տնտեսության կախյալ զարգացման մոդելի հետևանքն է. «Մենք տնտեսական վատ վիճակում հայտնվեցինք հատկապես 2013թ. հետո, երբ հայտարարվեց, որ Հայաստանը պետք է դառնա ԵՏՄ անդամ: Փաստացի կախյալ զարգացումն ամրագրվեց, ու Հայաստանը զրկվեց այլ երկրների հետ համագործակցությունից: Տվյալ իրավիճակն ընդունում է նաև կառավարությունը, որն ասում է, որ վիճակը վատ է, որովհետև Ռուսաստանում ևս տնտեսության վիճակը վատ է, կամ՝ վիճակը կարող է լավանալ, որովհետև Ռուսաստանում վիճակը կարող է լավանալ»:
Խոսելով 2017թ. ակնկալիքների մասին՝ նա ասաց, որ այս միտումներն ու զարգացումները կշարունակվեն, և որևէ դրական գործոն, ըստ նրա՝ չկա. «Բայց 2017թ. կմոտեցնի հանգուցալուծմանը. Այնպիսի հանգուցալուծման, որ մենք ստիպված պետք է էքզիստենցիալ ընտրություն կատարենք, որովհետև վիճակի շարունակությունն այս տեմպերով մեզ կհասցնի կամ կոլապսի, կամ փաստացի երկիրը պետք է շրջվի դեպի Արևմուտք: Կառավարությունը կարևորում է օտարերկրյա ներդրումները՝ առաջարկելով, որ ներդրումների շնորհիվ Հայաստանից կարող են դուրս գալ ԵՏՄ շուկաներ, բայց դա կեղծ կոնցեպտ է, որովհետև Հայաստանն անգամ սահման չունի ԵՏՄ երկրների հետ: Բացի այդ՝ կան այլ պատճառներ. Հայաստանն ինքնին փոքր շուկա է, զարգացած ենթակառուցվածքներ չկան, և Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները չեն կարող լուրջ գործընկերներ դիտվել օտարերկրյա ներդրողների համար: Երբ կառավարությունը խոսում է ներդրումների մասին, նախ և առաջ պետք է բացատրություն տա, թե ինչու է կապիտալի արտահոսք տեղի ունենում»:
Նրա խոսքով՝ խնդրի լուծումը ռուսական ազդեցությունից ազատվելն է, նախ՝ գազի, նավթամթերքի, կապի, ավիաշուկայի և այլ ոլորտներից, և կարծում է, որ մենաշնորհի դեմ պայքարը ևս պետք է սկսել հենց այդտեղից:
Որոշ գնահատականներով՝ եթե պետական պարտքի կառավարման ոլորտում Հայաստանը ՀՆԱ-ի 50%-ի շեմն անցավ, ապա դեֆոլտի հավանականությունը մեծ է: 168.am-ի հարցին՝ որքանո՞վ է նման հեռանկարը հավանական, և առհասարակ, ինչքանո՞վ է վտանգավոր այդ 50%-ի շեմն անցնելը, նա այսպես պատասխանեց. «Բնականաբար, լավ չէ, որ արտաքին պարտքն ավելանում է տնտեսության տեմպերի դանդաղեցման պայմաններում: Եթե տնտեսությունն աճեր, ես դրա մեջ մեծ վտանգ չէի տեսնի: Բայց եթե խորքային ենք նայում, թե այս միտումներն ու զարգացումները մեզ ուր պետք է հասցնեն, բանականաբար, դա վտանգավոր է: Եվ այս իմաստով՝ եթե այս միտումները շարունակվեն, սարերի հետևում չէ դեֆոլտը»: