Գյումրի-Շիրակ գյուղ հատվածում 150 մեքենա է արգելափակվել
Շիրակում մի շարք ճանապարհներ փակ են, այդ թվում` Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհը՝ Ջաջուռի հատվածը, Գյումրի-Քեթի-Թորոս հատվածը, ինչպես նաև Ձորի գյուղեր տանող ճանապարհը: Դժվարանցանելի է Գյումրի-Բավրա, Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհը: Երկու կողմերից դժվարանցանելի է Արմավիր-Գյումրի-Գյումրի-Երևան ավտոմայրուղին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՎ Շիրակի մարզային փրկարարական վարչություն պետի տեղակալ փոխգնդապետ Կարեն Եղշատյանը՝ փաստելով, որ իրավիճակն այստեղ վերահսկելի չէ որոշ հատվածներում՝ եղանակի ու քամու պատճառով իրավիճակը կարող է փոխվել ամեն րոպե:
Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունները շարունակում են մաքրման աշխատանքները: «Ընդհանրապես մարզում այս պահի դրությամբ էլի բուքը շարունակվում, կա քամու ուժգնացում, ինչը դժվարացնում է ճանապարհների մաքրման աշխատանքները»,- նշեց փոխգնդապետ Կարեն Եղշատյանը՝ խորհուրդ տալով բոլորին զերծ մնալ մեքենաներով այս ճանապարհներին երթևեկելուց, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օգտվել երկաթուղուց և հետևել ճանապարհային ոստիկանության պահանջներին:
Ողջ գիշեր մարզի փրկարարական վարչությունը լարված աշխատել է: Կուտակումներ են եղել Գյումրի-Շիրակ գյուղ հատվածում՝ ավելի քան 150 մեքենա: Կուտակումներ գրանցվել է նաև Գյումրի-Աշոցք, Գյումրի-Հայկավան և Գյումրի Կապս հատվածներում:
Մի օրվա ընթացքում կուտակումներից դուրս է բերվել 154 տրանսպորտային միջոց 441 ուղևոր, որից 46 երեխա և 1 հղի կին, փրկարարները օգնել են նաև 2 հիվանդի Ամասիայից տեղափոխել Գյումրի «Բժշկական կենտրոն»:
Արմենուհի Մխոյան