Կոշիկ վաճառող տնտեսվարողը դատի է տվել ՊԵԿ-ին և հաղթել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր է ճանաչել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ այս տարվա մայիսի 30-ին իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ տնտեսվարողի շահերի պաշտպանը դիմել է դատարան: «Հայց» փաստաբանական ընկերությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ տուգանքի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է վարչական դատարանում:

Նախնական որոշմամբ հարկային մարմինը փաստում էր, որ կոշիկի մանրածախ առեւտրով զբաղվող ընկերությունը 2016թ. 1-ին եռամսյակի շրջանառության հաշվարկը չէր ներկայացրել, ուստի եւ ընկերության արդեն նախկին տնօրենը (նույն ինքը՝ մեր ընկերության վստահորդը) ենթարկվել էր պատասխանատվության: Այնինչ, ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել էր դեռեւս 2014թ. գարնանը, ինչի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկել էր լիազոր մարմնին, ընկերության հսկիչ-դրամարկղային մեքենան եւս գրանցումից հանվել էր, ավելին՝ ընկերության տնօրենն էլ ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից:

«Թեեւ տուգանքի չափն այնքան էլ մեծ չէր, սակայն մեր վստահորդը սկզբունքորեն չէր ցանկանում հաշտվել իր իրավունքների ոտնահարման փաստի հետ: Ուստի մեր ընկերության փաստաբանի աջակցությամբ տեր կանգնեց դրանց: Ուրախալի է փաստել մեր քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին»,- փոխանցեցին ընկերությունից:

Նշենք, որ խանութը գործել է Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, իսկ տուգանքը կազմել էր ընդամենը 20 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս