«Կիբերկրիմինալը սկսել է թիրախավորված աշխատել Հայաստանի վրա». տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան
Այսօր տեղի ունեցավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում բանախոսն անդրադարձ կատարեց անցնող՝ 2016 թվականին ոլորտում արձանագրված միտումներին, առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև 2017 թվականի սպասելիքներին և անելիքներին:
2016 թվական այս առումով մտահոգիչ էր: Սրա ապացույցներն էին նաև անցնող տարվա ընթացքում սկիզբ առած երկու սպեցիֆիկ ուղղությունները՝ կիբերկրիմինալի թիրախավորված աշխատանքը Հայաստանի վրա, նաև հաքտիվիզմի ծնունդը, որոնք տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքերով՝ մտահոգիչ են:
Այսպիսով, ամփոփելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռազմական ձեռքբերումների ու բացերի խնդիրը, Սամվել Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց քաղաքացիական ոլորտին՝ առանձնացնելով տեղեկատվական անվտանգության տեսակետից մի քանի լուրջ փոփոխություններ.
«Առաջին փոփոխությունը, որ ես դրական չէի համարի, հետևյալն է. կիբերկրիմինալը սկսել է թիրախավորված աշխատել Հայաստանի վրա: Մինչև 2016 թվականը մենք հիմնականում հանդիսանում էինք կիբերհանցագործությունների զոհ, որպես ընդհանուր մարդկության մի մաս: Այստեղ կար սպեցիֆիկ մի սեգմենտ՝ ադրբեջանական և թուրքական հաքերների հարձակումները մեզ վրա, որոնք, բնականաբար, ուղղված էին միայն հայերի դեմ, բայց դրանք ունեին զուտ վնաս տալու բնույթ: Հիմա արդեն խոսքն առավել մեծածավալ հարձակումներն են, ինչպես, օրինակ՝ բանկային ոլորտն է, կամ ֆիշինգային հարձակումները, երբ մարդկանց խաբում էին կեղծ ոստիկանական հայտարարություններով: Սրանք նորություն են մեր իրականության մեջ այնքանով, որ մենք առաջին անգամ ենք հանդիպում հենց Հայաստանի դեմ թիրախավորված զանգվածային հարձակումներին»:
Անդադառնալով հարցին՝ արդյոք սրանք իրականացնում են հայաստանյա՞ն թիմերը, թե՞ դրանք խմբեր են, որտեղ ազգությամբ հայեր կան, բանախոսը նկատեց՝ դեռ վաղ է նման գնահատականներ տալ: Իսկ եթե բանկային հարձակումների մասին խոսենք, ապա այստեղ պետք է նկատել՝ խումբը Հայաստանից չէ, բայց կոնկրետ Հայաստանի վրա է աշխատում.
«Մեզ մոտ հաքերային ոլորտը մինչև վերջերս զարգացել է զուտ հայրենասիրական մղումներով՝ հայ հաքերը միշտ եղել է հայ ֆիդայու պես, և իր թիրախը մշտապես եղել է ադրբեջանական և թուրքական կիբերտիրույթը:
Այսօր մենք ունենում ենք առաջին հերթին՝ կիբերկրիմինալի ծնունդ, երկրորդ հերթին՝ հաքտիվիզմի ծնունդ, որը հաքերի և ակտիվիստի խառնուրդն է, որի առաջին դրսևորումները մենք նկատեցինք «Էլեկտրիկ Երևանի» օրերին, իսկ հաջորդ դրսևորումը՝ ՊՊԾ գնդի մոտ ոստիկանական բռնություններից հետո: Երկու դեպքերն էլ շատ առտառոց էին, որովհետև առաջին անգամ հայ հաքերներն իրականացրեցին բացահայտ գործողություններ՝ ուղղված պետական կառույցների դեմ, և սա որակվեց՝ որպես հենց բողոք-գործողություններ՝ պետական համակարգի դեմ»: