«Կարծես կռոլիկներ, խամյակներ կամ մկներ լինեն մեր հիվանդները, չէ՞ որ կենդանի մարդիկ են, ո՞նց կարելի է նման բան». ԱՆ-ից պահանջում են չդադարեցնել որակյալ դեղի մատակարարումը

«Էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ահազանգեց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարիեն Թուխիկյանը։

Նա պատմեց, որ հոգեկան խնդիրներով տառապող շահառուներին մատակարարվում էր որակյալ դեղ, սակայն այդ դեղի մատակարարումը փորձում են կասեցնել 2017 թվականին։ Խոսքը «Զիպրեքսա» դեղի մասին է, որի ընդունումից հետո, Կ. Թուխիկյանի հավաստիացմամբ, շատ հիվանդներ կարողացել են վերադառնալ լիարժեք կյանքի։ Այժմ նախարարությունը որոշել է դադարեցնել այդ դեղի մատակարարումը՝ պատճառաբանելով, որ «թանկ է»։

«Առողջապահության նախարարը հոգեկան խնդիրներ ունեցող  300 շահառուներին սոցիալական արդարությամբ կարծես թե ուղղորդում է «Սևանի» կամ էլ «Նուբարաշենի» հոգեբուժարաններ, և էժան դեղով մարդկանց առողջությունը փորձադաշտի են ուզում վերածել։ Մեր պահանջն է՝ հոգեկան խնդիրներ ունեցողներին ապահովել որակյալ, արդյունավետ դեղով։ Հոկտեմբերի 28-ից սկսել ենք մեր պայքարը, նամակներն ուղղորդել ենք վարչապետի խորհրդականին՝ Գևորգ Մուրադյանին։ 30 րոպեից հետո պատասխանը ստացա, որ համապատասխան մարմինները կզբաղվեն այդ հարցով, սակայն մինչև նոյեմբերի 7-ը ոչ մի պատասխան չեղավ, մեր ջանքերի շնորհիվ՝ մեր շահառուներից 5-6 անձանց հետ հնարավորություն ունեցանք աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպելու, որը պետք է իմանար՝ ինչն է մեր այցի հիմնական նպատակը, որպեսզի հանդիպում  խնդրենք նախարարից։ Բայց այդ հանդիպումը նույնպես անպատասխան մնաց»,- հայտնեց Կ. Թուխիկյանը։

Նա նշեց, որ իրենք բաց նամակներ են ուղղել վարչապետին, հանրությանը, առողջապահության նախարարին։ Նոյմբերի 30-ին Առողջապահության նախարարությունից ասել են, որ ուսումնասիրություններ կանցկացնեն ու մինչև դեկտեմբերի 15-ը կփորձեն պատասխանել, բայց, Կ. Թուխիկյանի խոսքով, ոչ մի պատասխան դեռևս չեն ստացել. «Նախարարը ժամանակ չի գտնում ընդունելու՝ մեր պահանջները լսելու։ Երբ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նախարարին հարց էինք ուղղել, նախարարը պատասխանել է, որ ամերիկյան այդ դեղն արժի 10 դոլար։ Դա բացառապես չի համապատասխանում իրականությանը, այդ դեղի 10 միլիգրամանոցն արժի ընդամենը 1150 դրամ՝ 2.3 դոլար»։

Կարդացեք նաև

Կ. Թուխիկյանն ընդգծելով դեղի կարևորությունը՝ նկատեց, որ իրենց շահառուներն այդ դեղի օգտագործումից հետո ինտեգրվել էին հասարակությանը, կազմել են ընտանիքներ, աշխատանք են գտել. «Ապրիլյան պատերազմի ժամանակ երկու զինակոչիկներ հոգեկան խնդիրներ էին ձեռք բերել, և այս դեղի օգտագործումով՝ նրանք վերականգնեցին իրենց ուսումը բուհերում»։

168.am-ի ճշտող հարցին, թե նախարարության բերած միակ հիմնավորումը դեղերի թանկ լինե՞լն է՝ Կ. Թուխիկյանը պատասխանեց, որ՝ այո, նախարարությունը դա է պատճառաբանում, սակայն, ըստ նրա, իրականում այդ դեղի արժեքն այն է, ինչ ներկայացնում են։

Մեր այն հարցին էլ, թե Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ նախարարությունը ստում է, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է նման քայլի գնում, Կ. Թուխիկյանն այսպես պատասխանեց. «Դա թյուր ինֆորմացիա է, գուցե նախարարը տեղյակ չէ իրական գնին, չեմ կարող ոչինչ ասել։ Մենք արդեն մի ամսից ավելի է՝ պայքարում ենք, հանդիպում ենք խնդրում նախարարից, և մեզ ոչ ոք չի ընդունում՝ բացի աշխատակազմի ղեկավարից։ Նախարարի օգնական Արայիկ Պետրոսյանն էլ խորհրդակցություն է արել, ու խնդրել է, որ ինձ փոխանցեն, որ «ոչ մի տեղ թող չգնան, միևնույն է՝ ոչ մի բանի չեն հասնելու»։ Դա մեր իրավունքն է, մենք ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի չոտնահարվեն մեր շահառուների իրավունքները»։

Հոգեկան առողջությամբ տառապող հիվանդներից մեկի մայրը՝ Ռոզա Սարգսյանը, պատմեց, թե իր տղայի առողջականում ինչպիսի դինամիկա է գրանցվել այդ դեղն օգտագործելուց հետո։ Նա ասաց, որ նախկինում օգտագործած դեղերից իր որդու վիճակն ավելի է վատացել, ավելի ագրեսիվ է դարձել, հարձակվել է, դանակահարություն է կատարել. «Դրանից հետո ուրիշ դեղ է ընդունել, էլի ագրեսիան ավելի շատացել է, ավելի վատացել է, հարձակվում էր մեզ վրա, դռները փակ էինք պահում, հանրավոր չէր տնից դուրս գալ։ Արդեն 5 տարի այս «Զիպրեքսա» դեղն ընդունելով՝ ոչ հիվանդանոց է պառկում, ոչ հարձակումներ է լինում, շատ հանգիստ, նորմալ կյանքով է ապրում։ 5 տարի է՝ այս դեղի շնորհիվ նա հիվանդանոց չի պառկել։ Կարծես կռոլիկներ, խամյակներ կամ մկներ լինեն մեր հիվանդները, փորձարկումները նրանց վրա են կատարում, չէ՞ որ կենդանի մարդիկ են նրանք, ո՞նց կարելի է նման բան»։

Մեկ այլ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդի հայրն էլ՝ առաջին կարգի հաշմանդամ Կամո Դավթյանը, իր խոսքն ուղղեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին. «Ես ուղիղ նայում եմ նախարարի աչքերին և հարց եմ տալիս՝ արդյոք ինքն իրազե՞կ է, թե 2016 թվականին ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության տարի, և նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-՝ը հաշմանդամ անձանց շահերի միամսյակ։ Ես հարց եմ տալիս ձեզ, մի՞թե կարելի է հաշմանդամ անձանց շահերի պաշտպանության տարվա մեջ չընդունել նույնիսկ հաշմանդամ մարդկանց։ Ես առաջին խմբի հաշմանդամ մարդ եմ, իմ ընտանիքը պետք է սոցիալապես ապահով լինի։ 1150 դրամով դեղն ինչի՞ եք դուք վերածում 10 դոլարի։ Մենք խնդրում և պահանջում ենք ձեզ՝ 300 մարդու դուք մի գցեք փողոցները։ Ձեզ չեն նշանակել մեր իրավունքները խախտելու, այլ նշանակել են՝ մեր շահերը պաշտպանելու համար»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս