Ապարանյան ազգագրական երգերը՝ դաշնակահար Վահագն Հայրապետյանի մշակմամբ
Դեկտեմբերի 11-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով նոր խմբերգային էթնո-ջազ ծրագիրը:
Այս մասին այսօր հայտարարվեց հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, դաշնակահար, Վահագն Հայրապետյան ջազ տրիոյի ղեկավար Վահագն Հայրապետյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:
«Այս նախագիծը, որ շատ բարձր գնահատականի արժանացավ Մշակույթի նախարարության կողմից, արժևորվում է իր շատ կարևոր հիմքով՝ ավանդական մշակույթով, որը ներկայանում է ժամանակակից լեզվով, միաժամանակ հնարավորություն տալով ավելի մեծ թվով հանդիսատեսի գրավել դեպի ավանդական երաժշտության լսարան: Երկրորդ կարևորագույն հանգամանքը երկու շատ շնորհալի և ճանաչված երաժիշտների մասնակցությունն է նախագծին, որն այս գաղափարը դարձնում է առավել արժեքավոր և դիտարժան»,- նկատում է հանդիպման բանախոս, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:
Համերգային ծրագրում ընդգրկված Ապարանի թվով 12 ազգագրական երգերը ընտրված են Ալինա Փահլևանյանի ժողովածուներից, որոնց ոչ ավանդական մշակումները կատարել է երաժիշտ Վահագն Հայրապետյանը:
«Այս երգերն այնքան ռիթմիկ ու հարմոնիկ կառուցվածք ունեն, որոնց ես փորձել եմ առանձնապես ձեռք չտալ՝ որպես մեղեդի ոչ մի կերպ չձևափոխելով դրանք, պահպանելով իրենց բնական համը, բույրն ու տոնայնությունը: Պարզապես իմպրովիզացիոն տարրերի կիրառմամբ այդ ամենին հետաքրքիր ժամանակակից երանգ ենք հաղորդել, բայց չէի ցանկանա այս ամենը հենց ջազի հետ կապել, որովհետև ջազը սրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն ինչին չի կարելի ջազ անունը կպցնել, մանավանդ, որ սա պարզապես ավանդական երգերի ոչ ավանդական մշակումներ են»,- միայն իրեն բնորոշ կենսախինդ տրամադրությամբ մանրամասնում է դաշնակահար Վահագն Հայրապետյանը:
Ասուլիսի բանախոս, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանն անդրադառնալով ընտրված ստեղծագործությունների տարածքային առանձնահատկությանը՝ նկատում է, որ Ապարանը ամենաերգեցիկ շրջաններից է, որտեղ և Կոմիտասը ձայնագրել է «Մոկաց Միրզա» կատարումը.
«Այս երգերը շատ մեծ չարչարանքով են մշակվել, մի պահ այս ազգագրական աշխատանքները նույնիսկ ընդհատվել են և միայն 2000 թվականից նորից վերսկսվել: Սրանք հայտնի երգեր չեն: Ես ու Վահագնը հատուկ ենք նման որոշում կայացրել՝ համերգային ծրագրում չանդրադառնալ հայտնի երգերի, որովհետև մենք ուզում ենք՝ սրանք նույնպես հայտնի դառնան: Հազարավոր այսպիսի երգեր կան, որ գանձի պես ապրում են, բայց ցավոք, բոլորի աչքից ու ականջներից հեռու: Դեկտեմբերի 11-ին բոլորս պետք է հանդիպենք հենց այս գանձերի համախմբման առիթով, որոնք պարզապես երգ էին՝ մինչ այն պահը, երբ Վահագնը դրանք դարձրեց երաժշտություն»:
Ասուլիսի մասնակից, «Հովեր» պետական կամերային երգչախմբի տնօրեն Արման Պադարյանը տեղեկացրեց, որ ապագայում պլանավորվում է նաև համերգային ծրագրով հանդես գալ մարզերում, սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև արտերկրում, միաժամանակ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը, որի անմիջական աջակցությամբ էլ իրականություն է դարձել «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով խմբերգային էթնո-ջազ ծրագիրը: