Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական ապարատի օպտիմալացումը համարում է նոր աշխատատեղեր ստեղծելու միջոց և հնարավորություն: Այդ մասին նա նշեց կառավարությունում`լրագրողների հետ հանդիպմանը: «Եթե արդյունավետ չէ, եթե շատ մարդ է, եթե շատ մարդու դեպքում պատասխանատվությունը լղոզվում է, փոխանակ անձնական պատասխանատվություն լինի` կոլեկտիվ անպատասխանատվություն է, դուք լրագրողների այն շարքո՞ւմ եք, ովքեր ասում են պետական կառավարումն արդյունավետ չէ, ուռճացված է և այլն:

Ես` որպես ՀՀ քաղաքացի, մի փոքր էլ վարչապետ, ասում եմ` այստեղ աշխատում է 120 մարդ և բյուջեից 40 կամ 50 մարդն ավելի փող են «ուտում»: Ես 70­-ով որ աշխատեմ, 40­50 մարդու աշխատավարձը մեկ ուրիշ տեղ կարող եմ դնել` չրի գործարան բացել, արտադրություն ստեղծել, որտեղ կլինի աշխատատեղ: Ճի՞շտ եմ անում, թե՞ սխալ»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ` հարց ուղղեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց, որ կրճատումների ամփոփ պատկերը չունի, բայց յուրաքանչյուր անգամ, երբ ասում է, որ այս կամ այն ԾԻԳ-­ի կրճատման արդյունքում այդքան մարդ է կրճատվում և 264 մլն դրամ տնտեսվում, միանգամից մտածում է, թե այդ միջոցը որքան տրամաբանական աշխատատեղ կարող է ստեղծել:

«Եթե մի աշխատատեղ էլ չստեղծեմ, ունենալով վատ կառավարում և ավելորդ մարդ, պետք է նա դուրս գա: Եթե դա չանեմ, պետական ապարատն ուռճացնեմ, կասե՞ք, որ ես հերոս եմ և գործազրկության դեմ պայքար եմ տանում: Չեք ասի` չէ՞»,-­ ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով` կառավարումը ևս արվեստ է, գիտություն, որն ունի կանոններ, որտեղ հստակ գրված է` եթե մի գործը կարող է 6 մարդ կատարել, 5 մարդ պետք է վերցնել: «Եթե թվում է, թե 6-­ի փոխարեն 10 մարդ վերցնես` գործն ավելի լավ է կատարվելու, հստակ իմացիր` չի կատարվելու:

Անձնական պատասխանատվությունից անցնելու են կոլեկտիվ անպատասխանատվության»,-­ նկատեց Կարեն Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս