«Ո՞ր երկրի գործակալներին ենք ուզում բացահայտել». Լևոն Մարտիրոսյանը՝ Զարուհի Փոստանջյանին

«Վերջերս մեր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը նշում էր 90 թե 91-ամյակը, այսինքն` պատկերացնում է իրեն ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի մաս, իսկ դա չի կարող այդպես լինել: Այո, մենք խոսում ենք ԿԳԲ-ի աշխատակիցների մասին, որոնք այսօր, մենք ունենք կասկածներ, որ ներգրավված են Հայաստանի Հանրապետությունում` որպես բարձրաստիճան պաշտոնյաներ, և հաճախ գործում են ի վնաս ՀՀ շահերի»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` ներկայացնելով «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» իր հեղինակած օրինագիծը:

Ըստ այդմ` առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը: Օրենքով առաջարկվում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաև վերջիններիս` օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու և սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով ՀՀ յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նկատեց, թե լյուստրացիան օտար պետությունների գործակալների բացահայտումն է, և հարցրեց. «Ո՞ր երկրի գործակալներին ենք ուզում բացահայտել»:

«Հանրությունը պետք է իմանա, օրինակ` Սերժ Սարգսյանը, որը պատրաստ է հանձնել մեր սուրբ հողերը թշնամուն, նա ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախկին գործակալ է: Նույնիսկ մականուն է ունեցել` Նարիմանով»,- պատասխանեց Զ.Փոստանջյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի կարծիքով` օրինագիծը ՀՀ օրենսդրության, Սահմանադրության, Վենետիկի հանձնաժողովի հետ բավականին խնդիրներ ունի. «Անձամբ ես և մեր բոլոր գործակալները, լյուստրացիայի գաղափարի կողմնակիցները, և Հայաստանում, եթե նախկինում եղել են օտարերկրյա գործակալներ, նրանք պետք է անպայման բացահայտվեն»:

Նրա խոսքով` ԽՍՀՄ-ի գործակալներին խորհուրդ էին տալիս բացահայտվել մինչև 94-95թթ., և նրանց պատասխանատվության ենթարկելու հարց չկար:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նկատեց, որ այս նախագիծը խախտում է դատաքննության իրավունքը: Նա նշեց, որ գլոբալ իմաստով կողմ են լյուստրացիային, բայց այդ ինստիտուտը ներդրվել էր ԽՍՀՄ-ից հետո և ավարտվել է:

«Слышали звон, да невидим он»,- նկատեց Լ.Մարտիրոսյանը` ակնարկելով, թե Զ.Փոստանջյանը տեղյակ չէ լյուստրացիայի բուն էությունից: Ըստ նրա` լյուստրացիան ԽՍՀՄ գործակալների բացահայտումն էր, երբ Հայաստանն էլ ԽՍՀՄ մաս էր, և նրանք ծառայում էին նաև Հայաստանին: Լ.Մարտիրոսյանի կարծիքով` նախագիծը կապ չունի լյուստրացիայի բովանդակության հետ:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը ժպիտով է վերաբերվում, որովհետև հասկանում է, որ «Ժառանգությունում» լյուստրացիայի կարիք ունեն՝ նաև օվկիանոսից այն կողմ «Ժառանգության» կապերի առումով:

«Նման նախագծերը որևէ լավ տեղ չեն տանում»,- ասաց Հ.Սահակյանը` խոստովանելով, որ դադարել է կարդալ Փոստանջյանի որևէ նախագիծ, որովհետև դրանք հետապնդում են քաղաքական նպատակներ, իսկ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ով և երբ լյուստրացիայի կարիք ունի:

«Ամեն օր ուրբաթ կլիներ, կյանքը հեքիաթ կլիներ»,- նկատեց Լ.Մարտիրոսյանը` հաճախակի անհարկի դիտարկումներով խանգարելով նիստը:

«Մի խանգարեք»,- նրան դիտողություն արեց Հ.Սահակյանը:

Զ.Փոստանջյանն իր ամփոփիչ ելույթում խոսեց Հայաստանի կորսված հնարավորությունների մասին, և, թե ինչպիսին կարող էր լինել մեր երկիրը, եթե ցարական Ռուսաստանը չօկուպացներ Հայաստանը: Նա կոչ արեց դրական եզրակացություն տալ օրինագծին, սակայն հանձնաժողովականները մերժեցին նախագիծը:

 

Տեսանյութեր

Լրահոս