«Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը կսահմանափակի Ռուսաստանի մենաշնորհային դիրքը Հայաստանում»
«168 Ժամի» զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը
– Պարոն Քեշիշյան, հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ մեծ համաձայնությունից հետո հաճախ է խոսվում հայ-իրանական հարաբերությունների ողջ ներուժն իրացնելու անհրաժեշտության և հնարավորության մասին։ Վերջապես պաշտոնապես հաստատվեց, որ դեկտեմբերին Հայաստան կայցելի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ այցից։
– Ակնկալիքները պայմանավորվում են մեր ցանկություններով և մեր կամքով։ Եթե շարունակենք խոսքերի սահմաններում մնալ, կարիք չկա արդյունք ակնկալել։ Պետք է պարզապես գործնական քայլերի անցնել, համաձայնություններն իրագործման դաշտ բերել։ Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերությունների խորացման բավականին լայն դաշտ է առկա, կարելի է դրանում աշխատել։ Հայաստանյան կողմը պետք է հասնի նրան, որպեսզի կարողանա հնարավորինս առաջ տանել Հայաստանի շահերը, ինչը և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում դրական կանդրադառնա Հայաստանի համար։ Բարեբախտաբար, իրանական կողմը հարցին դրական է վերաբերվում, իսկ միջազգային և հատկապես տարածաշրջանային փոփոխությունները մեզ հնարավորություն են տալիս ավելի մեծ արդյունքներ քաղել հայ-իրանական հարաբերություններից, եթե մենք ունենք նման կամք։
– Այդ քաղաքական կամքի առկայությունը Հայաստանի պարագայում ի՞նչ գործոններով է պայմանավորված։
– Փաստ է, որ աշխարհում չկան լիակատար անկախ երկրներ, երկրներն իրար հետ կապված են, միմյանց հետ գործունեություն են ծավալում, ինչն էլ որոշակի կախվածություններ է ստեղծում։ Իսկ եթե մի երկիր իր բոլոր հարցերը կապում է մեկ այլ երկրի հետ, կորցնում է իր կամքն ամբողջությամբ։ Եթե ՀՀ կառավարությունը ցանկանա Հայաստանն առաջ տանել, դաշտեր բացել ՀՀ տնտեսության և քաղաքականության առջև, պետք է կարողանա օգտագործել իր բոլոր հնարավորությունները։ Այստեղ հնարավորություններ ասելով՝ նկատի ունեմ այլ պետությունների հետ համահավասար հարաբերություններ հաստատելը։ Որևէ պետության չպետք է տալ մենաշնորհային կարգավիճակ։ Այսօր, դժբախտաբար, գիտակցում ենք, տեսնում ենք այն արգելակները, որոնք կարող է ռուսական կողմն արձակել, սա այն հարցն է, որը վերաբերում է և՛ տնտեսությանը, և՛ քաղաքականությանը, իսկ եթե հայկական կողմը ձգտում է նրան, որպեսզի Հայաստանին առաջ տանի, պետք է աշխատի տարբեր երկրների հետ հարաբերությունների ուղղությամբ։
Իսկ Իրանի հետ հարաբերությունների խորացումը, Իրանի, որը սահմանակից է Հայաստանին և բավականին շատ ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, կսահմանափակի Ռուսաստանի մենաշնորհային դիրքը։ Վստահաբար, եթե նման կամք դրսևորվի, կլինի նաև արդյունք։ Սա այն հարցը չէ, որում կարգախոսներով արդյունքների կարելի է հասնել, գործնական քայլեր են պահանջվում, այսինքն՝ եթե պայմանավորվում ես գազի շուրջ, խողովակի տրամաչափը ճնշումներով չի ձևավորվում, որքան էլ որ ռուսական «Գազպրոմը» մենաշնորհային դիրք ունի հայկական էներգետիկ ոլորտում։
Իրանական գազի մատակարարումը Հայաստան, տարանցումը Հայաստանով հնարավորություններ է տալիս Հայաստանին, որ մանևրի հենց նույն գազի գնի հարցում։ Միայն դրանով չի սահմանափակվում։ Երբ Հայաստանը կարողանա գազ տարանցել դեպի Եվրոպա, դրանից կշահեն երկու պետությունները, որի արդյունքում Հայաստանը կամրացնի իր տնտեսությունը և կկարողանա շատ ավելի հզոր քաղաքականություն վարել։
– Իրանի համար այսօր Ադրբեջանը նույնպիսի գործո՞ն է, ինչպես Ռուսաստանը՝ Հայաստանի դեպքում, քանի որ նկատվել է իրանաադրբեջանական հարաբերությունների սերտացում, թեև այդ հարաբերություններում մշտապես առկա է եղել անվստահություն։
– Իրանական շահերը չեն կարող զոհաբերվել այլ երկրի շահերին։ Պարզ է, որ իրանական կողմը ցանկանում է բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանել։ Իրանի այս դիրքորոշումը լավագույնս տեսանելի է ԼՂ հակամարտության հարցում Իրանի մոտեցման մեջ, իրանական դիրքորոշումը հավասարակշռված և չեզոք է, նույնը կարող է լինել տնտեսական հարաբերություններում։ Իրանական կողմը մշտապես պնդում է, որ ցանկանում է իր հարաբերություններն ընդլայնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարևան երկրների հետ։ Իհարկե, քրիստոնյա, մուսուլման տարբերությունները չեն խոչընդոտում։ Ադրբեջանն այդքան հզոր չէ արգելակի դեր խաղալու համար։ Հաշվի առնենք նաև Ադրբեջանի վարած քաղաքականությունն Իսրայելի իշխանությունների հետ, իսրայելական զենքի գնումները, Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները, Ադրբեջանի քաղաքականությունն իսլամական շարժումների հարցում, այս բոլորը հնարավորություն է տալիս իրանական կողմին՝ ճիշտ գնահատել Ադրբեջանին՝ որպես հարևան, այնպես չէ, որ Ադրբեջանը կարող է արգելակել Իրանին։ Ադրբեջանում ժամանակ առ ժամանակ հակաիրանական համաժողովներ են անցկացվում, որոնք ձգտում են Իրանի հյուսիսային հատվածն Իրանից բաժանելու քաղաքականությունն առաջ մղել, սրանք չեն վրիպում իրանական իշխանությունների ուշադրությունից։ Միևնույն ժամանակ, քաղաքականությունը ենթադրում է հարաբերություններ բոլոր երկրների հետ, ինչն էլ անում է Իրանը։
– Այսինքն՝ հայ-իրանական հարաբերություններում «գնդակը Հայաստանի դաշտում է»։
– Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, ՀՀ իշխանություններն իրավունք չունենք հարցը ներկայիս վիճակում թողնել, երբ հարցը հայկական շահին է վերաբերում, այսինքն՝ «չի կարելի գնդակը պահել հայկական դաշտում»։ Նշեմ, որ սա ամենևին էլ չի նշանակում, որ իրանական կողմը կատարյալ կերպով բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, բայց մենք չենք կարող Իրանից պահանջել քայլեր, երբ մենք մեր քայլերը չենք իրականացրել։ Հայկական կողմը պետք է ազդանշաններ ուղարկի, որ պատրաստ է հարաբերություններ մշակել իր հարևանների հետ, ունենալ այլընտրանքներ Ռուսաստանի մենաշնորհի դեմ։ Իհարկե, սա չի նշանակում՝ հակառուսական քաղաքականություն։ Հասկանալի է, որ բոլոր երկրների հետ ՀՀ-ն պետք է պահպանի իր բարիդրացիական հարաբերությունները, սրանք իրար հետ հակասող գործոններ չեն, միշտ այլընտրանքը պետությունների համար կարևոր է, պետք է ունենալ դա։ Պետք չէ պահել «գնդակը», անհրաժեշտ է անել քայլը և հակառակ կողմից պահանջել անհրաժեշտ քայլեր, որպեսզի գործն առաջ գնա։
– Վերջին ձեռքբերումը կողմերի միջև հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին ստորագրված հուշագիրն էր գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ, որով նախատեսվում են քիչ ծավալով մատակարարումներ Վրաստան, ինչը, ըստ մի շարք խոսակցությունների, համաձայնեցված է «Գազպրոմի» հետ, սակայն քննարկվում են շատ ավելի գլոբալ ծրագրեր, որոնք վերաբերում են իրանական գազը Հայաստանով, Վրաստանով Եվրոպա մատակարարելու հնարավորությանը, ինչի համար բավարար ենթակառուցվածքներ չկան։ Որքանո՞վ է Իրանին հետաքրքրում այս հեռանկարը։
– Գիտեք, որ իրանական գազը թուրքական կողմից հասնում է դեպի Եվրոպա։ Այսօր Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը, հատկապես՝ Սիրիայում և Իրաքում հակաքրդական, հակաիրանական գործունեությունը, այնպիսի վիճակ է ստեղծում, որ Իրանը սկսում է մտածել այլընտրանքների մասին։ Այդ այլընտրանքը որքան ավելի բարեկամ երկրի հետ լինի, այնքան ավելի հուսալի կարող է լինել Իրանի համար։ Իսկ Իրանի համար Հայաստանը կարող է հուսալի լինել, եթե ցանկանան դա ՀՀ իշխանությունները և նման քայլի գնան։ Բարեբախտաբար, իրանական կողմը ձգտում ունի օգտվել Հայաստանի տարածքից դեպի Եվրոպա իրանական գազը դուրս բերելու համար, այս տարանցման պրոյեկտը վերաբերում է թե գազին, թե այլ արտադրություններին։ Իրանին հետաքրքրում է նաև Հայաստանի ներկայությունը Եվրասիական տնտեսական միության կազմում, եթե Հայաստանը կարողանա իրանական ապրանքը դուրս բերել եվրասիական շուկա, դրանից օգուտ կքաղի թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը։ Իրանական կողմը դիտարկում է այս հնարավորությունները։
Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ կարևոր հանգամանքի վրա, չնայած Թուրքիա-Իրան հակասություններին, թուրքական իշխանություններն օր օրի աշխատում են իրանցի գործարարներին, գիտնականներին ներգրավելու ուղղությամբ՝ քաղաքացիություն են տալիս, պայմաններ ստեղծում, որպեսզի իրանցիները Թուրքիայում ներդրումներ կատարեն, և այլն։ Այս հնարավորությունը մենք՝ հայերս, չենք օգտագործում, կարծես մի կետի վրա սահմանափակվում ենք։ Այնինչ մենք շատ ավելի լայն դաշտ ունենք Իրանի հետ աշխատելու համար, ինչը չենք անում։
– ՀՀ իշխանությունները ռուսական գործոնին առնչվում են ճնշումի տեսքով, այսինքն՝ ստանում են ճնշումներ, ազդանշաններ, թե որ քայլերը Մոսկվայի համար նախընտրելի չեն։ Ըստ Ձեզ՝ այդ ազդեցությունն ինչպե՞ս կարելի է կրճատել։
– Այնուամենայնիվ իշխանություններն իրենք են վարում իրենց քաղաքականությունը։ Մի՞թե կարող են ճնշումներ ընդհանրապես չլինել։ Որքան մեզ ճնշում են, այդքան մենք իրավունք ունենք պաշտպանել մեր շահը։ Այսինքն՝ դրան դեմ գնալ։ Հետ գնանք դեպի ապրիլյան պատերազմ՝ ո՞վ տվեց Ադրբեջանին զենք, Ադրբեջանն ինչպե՞ս իրեն իրավունք տվեց հարձակվել Հայաստանի վրա, արդյո՞ք դա միայն Ադրբեջանի նախաձեռնությունն էր։ Սրանք հարցեր են, որոնց այլևս պետք է բաց աչքերով նայենք։ Եթե Հայաստանում ստեղծված պայմանները որոշակի հակառուսական տրամադրություններ չտաքացնեին, իսկանդերները կլինեի՞ն։ Ոչ։ Սա է խնդիրը։ Ե՛վ ժողովուրդը, և՛ իշխանությունը ճիշտ չի պահանջում, մենք մեր իրավունքները պահանջելու խնդիր ունենք։ Եթե ճիշտ պահանջենք և մեր շահերը հետապնդենք, կստանանք այն, ինչ ցանկանում ենք։ Պետք է ստեղծել այլընտրանքներ, դա կնեղացնի ճնշումների հնարավորությունը։ Հայությունը պետք է պարտադրի իր կամքը։