«Ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը». Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համանախագահի պաշտոնը թողնում է անձնական պատճառների հետևանքով։
«Իմ հեռանալու պատճառն անձնական է։ Ես ամերիկացի դիվանագետի հաջողված կարիերա եմ կառուցել և ծառայության 30 տարիներից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը:
«Ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնը։ Ես վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից ոչ մեկը չի ցանկանում պատերազմ։ Կայուն խաղաղություն հաստատելու մեր բոլոր ջանքերը ուղղված են հենց դրան»,- ասել է Ուորլիքը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահի անունը կհայտարարվի մոտ ապագայում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են իրականացնել միջնորդական գործունեություն՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Ես միանգամայն վստահ եմ, որ ԱՄՆ նոր համանախագահը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը` Ուորլիքն ասել է, որ բանակցային սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին բազմակողմ խաղաղության համար լավ հիմք ստեղծել։
«Ինչպես և ցանկացած բանակցային գործընթացում կա կարծիքների որոշակի տարբերություն, որի վրա անհրաժեշտ է աշխատել։ Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ներկայումս մենք ամենաշատը կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և ստանձնեն բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորությունը»,- ընդգծել է Ուորլիքը:
Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը, Ուորլիքը նշել է, որ դա կարևոր քայլ է «ճիշտ ուղղությամբ»։
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահները պարտավորություններ են ստանձնել՝ կապված առաքելության ընդլայնման և երկու կողմերից աջակցության ցուցաբերման հետ։ Մենք հիմա աշխատում ենք առաքելության ընդլայնման դետալների վրա։ Վստահ եմ՝ մենք դրան կհասնենք»,- հավելել է նա։
Անդրադառնալով Համբուրգում կայանալիք հնարավոր հանդիմանը` նա նշել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումն իրենց կողմից դիտարկվում է որպես Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև երկխոսության շարունակության հնարավորություն: