«Այս կարգի մտայնությունները, ինչպես օձը բնում, դեռ չարթնացած՝ պետք է խեղդել». Գրականագետը՝ ռուսերենը պետական երկրորդ լեզու դարձնելու լուրերի մասին
«Այսպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք ենք անլուրջ. ասողը մի բան բան է կրակել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ խոսելով ռուսերենին հետխորհրդային երկրներում 2-րդ պետական լեզվի կարգավիճակ ընձեռելու վերաբերյալ արված հայտարարության մասին։
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան հայտարարել էր, որ ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու հարցը կներառվի Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցերի օրակարգում։
Դ. Գասպարյանի խոսքով՝ Հայաստանը ո՛չ Բելառուս է, ո՛չ Ղրղըզստան, որի բնակչության մեծամասնությունը ռուս է, և ռուսերենը պահանջված լեզու է. «Հայաստանում դա պահանջված չէ: Ծաղկաձորի գրողների միություն գնացեք, երկու ռուս է աշխատում՝ մեկը Վալյան, մյուսը՝ Լյուբան, երկուսն էլ հայերեն են խոսում, կթողնե՞ն ռուսերեն խոսեք: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները շատ լավ հայերեն գիտեն և շփման լեզվական խնդիր չկա: Այս կարգի մտայնությունները, ինչպես օձը բնում, դեռ չարթնացած՝ պետք է խեղդել: Սա ամենևին չի նշանակում դեմ խոսել նրան, որ չպետք է ուսուցանել ռուսերենը և մյուս լեզուները»։
Ըստ նրա՝ բարձր մակարդակով պետք է ուսուցանել ռուսերենը և անգլերենը, որ մեր պաշտոնյաները չգնան «կուռկուռի ձագի» պես, կամ «բերանը կապած սարի անասունի պես նստեն ու խոսել չկարողանան»։
«Ռուսերենը պետական լեզու հռչակելը միայն լեզվի խնդիր չէ: Սա իր հետ բերելու է կողմնորոշում, մշակույթ և գրականություն: Այդ իսկ պատճառով՝ հարգանք ռուսներին, ռուսերենին, բայց ամեն ինչ իր ձևի մեջ։ Խորհրդային Միության պես գաղափարական բռնատիրական երկիր դժվար է պատկերացնել, բայց անգամ Խորհրդային Միությունը չպարտադրեց պետական լեզու հռչակել ռուսերենը»,- նկատեց Դ. Գասպարյանը։