Անտուն թոշակառուի վերադարձը

asparez.am. Ցեխաշաղախ փողոցները տանում են Գյումրու տնակային հերթական ավան: Ժանգոտ, գույնզգույն թիթեղներ ու փտած, քայքայված տնակներ` անվերջ ու անթիվ, միմյանց մոտ ու հեռու. մի կերպ հարմարեցրած քարաշեն տնակների բակերում ձմռան վառլիքն է ամբարված, դեսից-դենից հավաքած արկղերը, անպիտան իրերը:

Տիկին Տիգրանուհին ուղեկցում է քրոջ քարուքանդ տնակը, դարպասի ներսում` քարաշեն տնակի կողքին է ապրել նրա քույրը` Սիրանույշ Ղազարյանը, ով արդեն 7 տարի է հաստատվել է Ռուսաստանում: Քրոջ հեռանալու պատճառը եղել է տնակի փլուզումը, 2008-2009 թթ-ին տնակի տանիքը քայքայվել, կաթոցները հաճախակի են դարձել ու Սիրանույշ Ղազարյանը ստիպված հեռացել է Հայաստանից եւ մինչ այժմ ապրում է դստեր եւ թոռների հետ:

8-1

Տիկին Տիգրանուհին ասում է, որ 60-ամյա քույրը ցանկություն ունի վերադառնալու, Գյումրիում ապրելու, սակայն սեփական տանիք չունի: «Որքա՞ն կարող է ուրիշների տանն ապրել»,-ասում է տիկին Տիգրանուհին:

Տիկին Սիրանույշի տնակն այսօր կաթոցների տակ է, ամբողջովին քանդված, 7 տարի շարունակ այստեղ մարդ չի բնակվել: Պատուհանների ապակիները կոտրված են, մուտքի դուռն էլ հազիվ է կողպվում, անբնակելի տարածքի է հիշեցնում:

7-1

Մինչ երկրաշարժը տիկին Սիրանույշն ու ընտանիքի անդամներն ապրել են Մանուշյանի 16 Ա շենքում, 1988-ի երկրաշարժին շենքը չի փլվել, անհրաժեշտ է եղել որոշակիրոեն վերանորոգել: Ամուսինները 1992-ից եկել եւ բնակվել են 228/181 հասցեի այս տնակում` ժամանակավոր բնակվելու հույսով:

2-6

Տիկին Տիգրանուհու խոսքով` որոշ ժամանակ անց ընտանիքից ինքնակամ հեռացել է քրոջ ամուսինը, քույրն ու միակ դուստրը ապրել են այս պայմաններում: «Քրոջս սկեսրայրը գնաց հրաժարվեց Մանուշյանի այդ տնից, որը երկրաշարժից հետո վերանորոգել էին: Առանց ընտանիքի անդամների կամքը հարցնելու, գնաց հրաժարվեց, էդ տունն էլ տվին ուրիշի, իրանք էլ էսպես մնացին դոմիկի հույսով: Էս հարցով էնքան եմ գնացել քաղաքապետարան, բայց մինչեւ հմի ինձ գրավոր չեն պատասխանել»,-պատմում է տիկին Տիգրանուհին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Անի Մկրտչյան

Տեսանյութեր

Լրահոս