Արդիականացումը` որպես ուղիղ ճանապարհ

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, որպես հետագա զարգացման մոդել ընտրեցին քաղաքական ժողովրդավարական բարեփոխումները և շարժվեցին արևմտականացման (westernization) ճանապարհով, ինչն իր հերթին` ենթադրում էր ժողովրդավարացում և ազատականացում (լիբերալացում)։

Արևմտականացումը (համընդհանուր արդիականացում) ենթադրում է արևմտյան ժողովրդավարական արժեքների ընդունում և ժողովրդավարություն տնտեսական ազատական համակարգի պայմաններում։

Փոփոխությունները կրում էին ամբողջական բնույթ և նախատեսում էին խորհրդային ամբողջատիրական համակարգից անցում արևմտյան արժեքների` արևմտյան քաղաքականության բոլոր ինստիտուտների ներդրմամբ։ Սակայն հաշվարկված չէր, որ ամբողջատիրական համակարգից նման անցումը գրեթե անհնար էր, քանի որ այդպիսի համակարգը չէր ենթադրում քաղաքական, հասարակական ինստիտուտների առկայություն, որոնց միջոցով կապահովվեր շփումն անհատի և պետության միջև։ Մարդիկ վերածվում էին «ատոմների», որոնց միակ շփման ոլորտն իշխանություններն էին և իշխանության մարմինները։

Անշուշտ, հաշվի չէին առնված նաև քաղաքական, մշակութային, էթնիկ և այլ արժեքներն ու ավանդույթները, և բավական համարելով արևմտյան ընտանիքի անդամ լինելու ցանկությունը` որոշվեց առկա ռեսուրսներով անցնել արևմտականացմանը։
Բարեփոխումներն արդյունք չտվեցին մի շարք պատճառներով։

Կարդացեք նաև

Strategy concept with creative light bulb idea modern design template, Vector illustration

Հաշվի չէին առնված`
1. երկրների քաղաքակրթական առանձնահատկությունները,
2. տնտեսական զարգացման առկա մակարդակը,
3. ձևավորված էլիտաների և միջին խավի բացակայությունը,
4. համապատասխան ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը։

Բացառությամբ Մերձբալթյան երկրների, որոնք հեշտությամբ ընդգրկվեցին արևմտականացման գործընթացներում (քանի որ ընդունելով արևմտյան արժեքները` ամբողջությամբ նույնականացել էին արևմտյան հասարակության հետ), մյուս երկրները չկարողացան գրանցել նույն արդյունքը` հասարակության կողմից այդ արժեքների մերժման պատճառով։ Արևմտյան քաղաքագետների կարծիքով` հետխորհրդային մյուս երկրները «գորշ գոտիներ» են, որի տակ հասկացվում է ոչ ամբողջատիրական, ոչ ժողովրդավարական, այսինքն` առկախ կամ ամբողջապես ամբողջատիրական վիճակ։

Փաստորեն, կարելի է արձանագրել, որ բոլոր հետխորհրդային երկրներում (բացառությամբ Մերձբալթյան) համապատասխան ինստիտուտների, ձևավորված ավանդույթների և արժեքային համակարգի բացակայությունը թույլ չտվեցին իրականացնել արևմտականացումը։ Գրեթե բոլոր տեղերում գործող իշխանությունները շատ արագ կարողացան կենտրոնացնել ու ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել բոլոր քաղաքական, տնտեսական և ֆինանսական լծակները։ Ստեղծված էր մի այնպիսի իրավիճակ, երբ միայն ծույլ իշխանությունը չէր կարողանա օգտվել նման պատեհությունից։

Ընդ որում, վերոհիշյալ գործընթացը տարբեր երկրներում տարբեր դրսևորումներ ունեցավ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունն ընթացավ և ընթանում է պետական մենաշնորհացման ճանապարհով, իսլամական արժեքներ կրող ասիական երկրները հիմնականում ընթացան և ընթանում են միապետական համակարգերի ձևավորման սկզբունքով, իսկ Հայաստանում, Ուկրաինայում ձևավորվեց և ձևավորվում է օլիգարխիկ համակարգը, և այլն։

Այսպիսով, կարելի է ասել, որ նման երկրներում արևմտականացման տանող բարեփոխումները չեն կարող իրականանալ և հաջողությամբ պսակվել համապատասխան ինստիտուտների, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ արժեհամակարգերի բացակայության պայմաններում։ Այստեղ գործում է նաև, այսպես կոչված, արևմտականացման վանումը (ՏՑՑՏՐՋպվՌպ), այսինքն` առաջարկվող զարգացման մոդելը չի տեղավորվում տվյալ ազգի կամ երկրի արժեքային համակարգում և չի ընդունվում։

Հարկ է նշել, որ ամբողջ պատմության մեջ ընդամենը 2-3 երկրների է հաջողվել իրականացնել նման շրջադարձային արժեքային փոփոխություններ և արձանագրել շատ մեծ քաղաքական ու տնտեսական վերելք` Թուրքիային (Մուստաֆա Քեմալ Աթաթուրք), մասամբ` Ճապոնիային (Մայդզի), մնացած դեպքերում հիմնականում եղել են մեծ դժվարություններ, կամ ծրագրերը չեն իրականացել, օրինակ` Եգիպտոսում (Մուհամեդ Ալի), և այլն։

Հասարակական կամ սոցիալական պայմանագիր

Այսպիսով, «գորշ գոտիների» երկրներում բարեփոխումների ձախողման հետևանքով գործող իշխանությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ բացակայում էր երկարատև լեգիտիմությունը։ Նման երկրներում գործում է կարճատև լեգիտիմության ինստիտուտը, որը հասարակական և սոցիալական պայմանագրի առկայության պարագայում լուծում է իշխանության և հասարակության միջև փոխհամաձայնության խնդիրը։ Ընդհանրապես, լեգիտիմությունը ոչ միայն իրավական, այլև ավելի շատ հոգեբանական հասկացություն է, որով իշխանությունն արդարացնում է իշխելու իր իրավունքը հասարակության առջև` ստանձնելով որոշակի պարտավորություններ։

Շատ երկրներում իշխանության լեգիտիմության արդարացման հիմքում կարող է դրված լինել վերոհիշյալ «հասարակական կամ սոցիալական պայմանագիր» հասկացությունը (առաջին անգամ ձևավորվել է Հին Հունաստանում (Պրոտագորաս), այս գաղափարը զարգացում է ապրել նաև Անգլիայում (Լոկ))։ Օրինակ, Ռուսաստանը, ըստ ռուսական քաղաքական մտքի, սկզբնական շրջանում ընտրեց արևմտյան և ժողովրդավարական արժեքները և ամբողջական արևմտականացման ուղին, և այստեղ էլ համապատասխան ինստիտուտների ու ավանդույթների բացակայությունը բերեց անկառավարելի կամ վայրի կապիտալիզմի:

Հետևանքում` ժողովուրդը չընկալեց նոր արժեքները, և անհրաժեշտություն կար մի այնպիսի անհատի, որն առաջարկեր կայունություն, տնտեսական աճ և բարեկեցություն` քաղաքական ու տնտեսական ազատությունների փոխարեն։ Կնքվեց առաջին, այսպես կոչված, «հասարակական կամ սոցիալական պայմանագիրը»` ապահովելով իշխանության լեգիտիմությունը։ Այնուհետև, նավթի, էներգակիրների գների անկման և այլ պայմաներից ելնելով` նույն տնտեսական և քաղաքական ազատությունների փոխարեն` առաջարկվեց «ռուսական հողերի միավորման», գերհզոր պետություն դառնալու գաղափարը` վերակնքելով մեկ այլ պայմանագիր։ Թեպետ նշյալ պայմանագիրն այսօր գործում է, սակայն ցանկացած անհաջողություն կբերի նոր պայմանագրի անհրաժեշտության կամ լեգիտիմության կորստի։

Որոշ երկրներում գործադրվեցին այլ մեխանիզմներ` սեփական արժեհամակարգերի, մշակույթի, ավանդույթների համաձայն, և ձևավորվեցին տարբեր (միապետական, օլիգարխիկ և այլն) համակարգեր, գործեցին այլ տարրեր պարունակող հասարակական կամ սոցիալական պայմանագրեր։

Հայաստանի պարագայում նման հասարակական պայմանագրի առարկա էր տնտեսական և քաղաքական ազատության փոխարեն` անվտանգության ապահովումը, ինչը, սակայն, կարիք ունի վերանայման և լրացման։

Հայաստան

Ինչպես արդեն նշվեց, Հայաստանը, ի թիվս այլ հետխորհրդային երկրների, անկախությունից հետո ընդունեց ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման արևմտականացման մոդելն ամբողջ ծավալով։ Վերը նշված մի շարք գործոնների հետևանքով` բարեփոխումները չտվեցին ակնկալվող արդյունքը: Հակառակը, անկախության հենց առաջին տարիներից ստեղծվեց մի համակարգ, որտեղ քաղաքական, տնտեսական և այլ ինստիտուտներ կենտրոնացան իշխանության ձեռքում, ձևավորվեց օլիգարխիկ համակարգ։

nasibyan-1

Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումները չկայացան, և շատերը խոսում են, որ հենց այդ է երկրի ծանր սոցիալական վիճակի, տնտեսական աճի շատ ցածր տեմպերի (եթե նշենք 25 տարվա միջին արդյունքը), արտաքին պարտքի պատճառը, և այլն։

Շատ բանախոսների կարծիքով` Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը ստեղծել է մի համակարգ, որտեղ քաղաքական և տնտեսական բոլոր լծակները կենտրոնացած են մեկ տեղում` ըստ էության բացառելով տնտեսական աճը։ Իսկ խաղի անհավասար կանոնների պայմաններում երկրի տնտեսության հանդեպ առաջանում է անվստահություն, որն իր հերթին` բերում է արտաքին ներդրումների գրեթե բացառման, փոքր և միջին բիզնեսի զարգացման կասեցման, ինչն անհնար է դարձնում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը (փակ շղթա)։ Ըստ Ռայֆազենբանկի վերջին հետազոտության` հասարակության մեջ բարեփոխումների իրականացման պահանջն առաջանում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի 20-25 հազար դոլարի դեպքում, մինչդեռ Հայաստանի միջինը կազմում է 3500 դոլար։

Այս պայմաններում ցանկացած տիպի իշխանափոխություն չի բերի ո՛չ համակարգի փոփոխման, ո՛չ տնտեսության զարգացման, ո՛չ համապատասխան ինստիտուտների ձևավորման. կլինեն միայն անձերի փոփոխություններ` առանց արժեքային համակարգի փոփոխության։

Առանց մեծ ցնցումների նման համակարգը համեմատաբար կայուն կարող է լինել միայն ֆինանսական հոսքերի առկայության դեպքում, օրինակ` Ադրբեջանում, Ղազախստանում, որոշ չափով` Ռուսաստանում` բնական ռեսուրսների վաճառքից առաջացած ֆինանսական հոսքերի շնորհիվ, իսկ Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում` արտաքին դրամական փոխանցումների (տրանսֆերներ) շնորհիվ։

Որո՞նք են այս իրավիճակում Հայաստանի հեռանկարները, և ի՞նչ ուղղություններ են մատնանշվում.

1. Ինքնամեկուսացվել կամ փակվել` դառնալով միայնակ երկիր, ինչը սխալ է և անհեռանկարային։ Այս ուղղությունը կհանգեցնի երկրի զարգացման կանգի, տնտեսության դեգրադացման և առհասարակ մեկուսացման։

2. Նույնականացվել, ընդունել կամ կցվել մեկ այլ արժեհամակարգի։ Այստեղ կարևոր է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական դիրքը («քաղաքակրթությունների խաչմերուկ»), ինչպես նաև շփման գծի հարևան քաղաքակրթությունները և երկրները` ռուսական «ուղղափառ աշխարհը», քեմալական ժողովրդավարական համբավ ունեցող Թուրքիան, որը կարծես թե փոխվում է ու գնում ամբողջատիրության ու վերադառնում իր արմատական իսլամական արժեքներին, և մեզ բարեկամ Իրանը, որը կրոնապետական երկիր է։ Այս ուղին նույնպես նպատակահարմար չէ, մանավանդ, որ դեռ հարց է` մեզ ընդհանրապես սպասո՞ւմ են այնտեղ։

3. Ընտրել արևմտյան քաղաքակրթական մոդելը։ Ընդունված է ասել, որ ամենակենսունակ և ամենաբարձր տնտեսական արդյունք ապահովող մոդելն արևմտյան քաղաքակրթությունն է, որն անհատներին տալիս է ազատություն, բազմակողմանի զարգացման հնարավորություն ձևավորելու քաղաքական, տնտեսական և ընդհանրապես ստեղծագործ միտք։ Նման արևմտյան մոդելը Հայաստանի համար, համենայն դեպս, այս պահին չի կարող լինել ճիշտ ուղի` մի քանի պատճառներով.

  • Այսօր արևմտյան մոդելը նույնիսկ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի մի շարք երկրներում բերում է կատակլիզմների։
  • Հայաստանը, ինչպես և հետխորհրդային այլ երկրները, որպես զարգացման ուղի, արդեն մեկ անգամ ընտրել են այս մոդելը և չեն հասել համապատասխան արդյունքի, բացառությամբ Մերձբալթյան երկրների (պատճառները նշված են վերևում)։
  • Ցանկության և ընդունման դեպքում էլ տասնամյակներ շարունակ Հայաստանին ոչ ոք չի ընդունի Եվրոպական Միություն։
  • Իհարկե, հայկական իրականության մեջ կարելի է գնալ չորրորդ ուղիով` ընտրել «թագավոր ախպեր» և ենթարկվել նրան։ «Թագավոր ախպեր»-ն իր համար մեծ տուն կկառուցի` հարյուր հեկտար հողով, իր համար կգնի ինքնաթիռ, աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան, 1000-կարատանոց քարով մատանի և կասի, որ այդ ամենը ժողովրդի՛ համար է, և ինչ անում է, ժողովրդի՛ համար է անում։ Հուսով ենք` այդ ուղին չենք ընտրի, ինչքան էլ թվում է, թե մոտ ենք դրան։

Հայաստանի համար կիրառելի մոդելի ընտրության համար կարևոր է նախևառաջ հասկանալ` արդյոք արևմտյան արժեքային համակարգը` քաղաքական ու տնտեսական ազատությունները, օրենքի գերակայությունը, կրոնի ու դավանանքի ազատությունն ու տարանջատումը, ազատականությունը և այլն, ընդունելի՞ են հայաստանյան հասարակության համար, թե՞ ոչ։ Այստեղ, անշուշտ, պետք է հաշվի առնել նաև մեր առանձնահատկությունները` պետական ավանդույթների բացակայությունը, միայնակ երկրի պատմական առանձնահատկությունները, չնույնականացվելն այլ քաղաքակրթական արժեքների հետ, և այլն։

Կարևոր է հասկանալ նաև, թե որ մոդելին պետք է ձգտել` համընդհանուր արդիականացմա՞ն, թե՞ մասնակի արդիականացման (այստեղ շատ կարևոր է տարանջատել այս երկու հասկացությունները)։

Արդիականացման անհրաժեշտությունը Հայաստանի համար կարևոր է` հաշվի առնելով տնտեսական, արտաքին և ներքին մարտահրավերներն ու ռիսկերը.

1. Տնտեսական

  • Մինչև հիմա տնտեսական աճի հիմքում ընկած գործոնների բացակայությունը` տրանսֆերտներ, ֆինանսական հոսքեր (այս պահին քիչ հավանական է, որ կվերականգնվեն նախկին ծավալով).
  • Օլիգարխիկ համակարգի առկայությունը, իշխանության և բիզնեսի սերտաճումը.
  • Մենաշնորհային տնտեսության ձևավորումը.
  • Մրցունակության կրճատումը, արտադրողականության աճի բացակայությունը։

2. Քաղաքական

Հայաստանում գոործում է ավանդական քաղաքական համակարգը, որին բնորոշ է ներկայացվածությունը` տարբերակված քաղաքական և կառավարչական կառուցվածքներով, որոնք գործում են ենթարկվելու քաղաքական մշակույթով։ Մարդիկ այս համակարգում պատկերացում ունեն իշխանության և համակարգի մասին, բայց կողմնորոշված են համակարգից ծառայություններ ստանալուն և չեն տեսնում համակարգի վրա ազդելու հնարավորություն (Ալմոնդ և Պաուլներ)։

Այս համակարգին բնորոշ ռիսկերը (արևմտյան քաղաքագետների տեսություն նման երկրների համար).

  • Քաղաքական բախումների էությունը պայքար է իշխանության համար` առանց ծրագրերի և երկրի զարգացման տեսլականի.
  • Պայքար համակարգի դեմ և ոչ թե համապատասխան քաղաքական ինստիտուտների միջև.
  • Համակարգի նորարարական կարողությունների բացակայություն` արագ արձագանքելու մարտահրավերներին և անկանխատեսելի իրավիճակներին.
  • Հասարակության սպասումները ծրագրերի և քաղաքականության ձևափոխելու անկարողություն.
  • Քարոզչության բացակայություն.
  • Գործողությունների և պահվածքի համաձայնեցման բացակայություն.
  • Անհրաժեշտ միջոցների հայթայթման անկարողություն.
  • Զանգվածները ներգրավված չեն հասարակական կյանքում, որը հղի է հեղափոխական, երբեմն նաև` զինված հակաէլիտայի ձևավորմամբ, ինչը վտանգում է քաղաքական կայունությունը։

Այս բոլոր մարտահրավերներից զերծ մնալու համար կան հետևյալ երկու տարբերակները.
Քանի որ ավանդական հասարակության մասին արդեն իսկ նշված է վերևում, ավելի մանրակրկիտ անդրադառնանք արդիականացմանը։ Արդիականացում։ Տեսություն (ձևավորվել է 1950-ական թթ. և գրականության մեջ հայտնի է` որպես առանձին տեսություն), որը բնորոշում է արդիականացման մոտեցումները` ըստ երկրների պատմական առանձնահատկությունների և պահանջների։

Գոյություն ունի զարգացման երկու դինամիկա` սկզբնական, որը ձևավորվել է 15-րդ դարում արևմտյան եվրոպական երկրներում և 16-րդ դարից շարունակական ընթացք է ունեցել, և երկրորդային` այն երկրները, որոնք լինելով ավանդական հասարակություններ` երկրորդ փուլով որոշել են անցնել արդիականացման։

Արդիականացումը լինում է ընդհանրական, տնտեսական, քաղաքական, և, ինչպես ամեն մի տեսություն, այս տեսությունն էլ է ունեցել իր զարգացումը։ Արդիականացման գործընթացն աշխարհի երրորդ երկրների համար սկսվել է 1950-60 թվականներին և նախատեսում էր տնտեսության կատարելագործման միջոցով իրականացնել քաղաքական բարեփոխումներ։

Սակայն 1970-80 թթ.-ին այս մոտեցումը համարվեց ոչ լիարժեք, և այս տեսության հիման վրա ստեղծվեց ժամանակակից արդիականացման տեսությունը։ Փոփոխման հիմքում դրված էր, որ արդիականացումը չի կարող սահմանափակվել միայն տնտեսական մոտեցումներով, և դրա հետ միաժամանակ` մեծ նշանակություն ունեն ոչ տնտեսական գործոնները` աշխարհաքաղաքականություն, սոցիալական, մշակութային և այլն։ Այսինքն` արդիականացումը ձեռք բերեց սոցիալ-մշակութային բնույթ։

Արդիականացման ժամանակակից տեսություններն արդիականացման գործընթացները դիտարկում են կոնկրետ հասարակության շրջանակներում` որպես պետությունների գիտակցված ձգտում` իրականացնելու հասարակության որակական ձևափոխումները։

Ընդ որում, տարբեր երկրներում մոտեցումները տարբեր են, օրինակ, արևմտյան էլիտան ժողովրդավարությունը դիտարկում է որպես առաջնահերթ և անհրաժեշտ պայման իսկական տնտեսական արդիականացման համար, Չինաստանը 1979թ.-ից սկսած` կայուն տնտեսական աճը համարում է լավագույն միջոց զարգացման համար, իսկ Ռուսաստանը կարծում է, որ, ինչպես տնտեսական արդիականացումը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների առկայություն, այնպես էլ քաղաքական արդիականացումը չի կարող կայուն լինել առանց տնտեսական աճի։

Շատ երկրները հաջողություն ունեցան արդիականացման շնորհիվ, օրինակներ` Սինգապուր, Հարավային Կորեա, Թայվան, Չիլի և այլն։ Այդ հաջողություններն իրենց հերթին` բերեցին ազգային ինքնագիտակցության, ազգային արժանապատվության բարձրացմանը` չխանգարելով այլ որակական դրսևորումներով նույն արմատներին վերադառնալուն։

Ի վերջո, տնտեսական արդիականացման միջոցով ժողովրդավարության ձևավորման համար ապահովվում է երեք պայման.

1. Բախումների նվազում։ Քաղաքական բախումների խաղաղ լուծման հնարավորությունը, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ավելացումը, աղքատության կրճատումը վերջ է դնում դասակարգային և խմբային հակազդեցության։

2. Քաղաքական ռեսուրսների վերաբաշխում։ Տնտեսական զարգացումը թույլ է տալիս ավելի արդյունավետ օգտագործել քաղաքական ռեսուրսները, քաղաքական ազդեցության գործիքները` ֆինանսական միջոցները, գիտելիքները, կապերը և այլն։

3. Մշակույթի տարածում։ Տնտեսական զարգացումն ազդում է մշակույթի զարգացման վրա։ Բնական է, որ ժողովրդավարությունն անգործունակ է, երբ քաղաքացիները չունեն մշակույթի և կրթության նվազագույն մակարդակ։

Հայաստանի համար անհրաժեշտ է մշակել համապատասխան արդիականացման ծրագիր։ Հասարակության սպասումները պետք է ձևավորեն համապատասխան քաղաքական ծրագիր, որում արտացոլված լինի պետության ձգտումը` իրականացնելու հասարակության որակական բարեփոխումներ։ Այստեղ կարելի է հաշվի առնել նաև այլ երկրների փորձը։

Նման ծրագիր Հայաստանում իրականացնելը, հնարավոր է, ավելի դյուրին լինի, քան այլ երկրներում` հաշվի առնելով մեր առանձնահատկությունները և առավելությունները` հիմնականում միատարր և միակրոն բնակչություն, համեմատաբար կրթված և գործարար ջիղ ունեցող ժողովուրդ, ընտանիքի և անհատի կողմնորոշվածություն, Սփյուռքի ներուժ, և այլն։ Հարկ է նշել, որ արդիականացման մոդելն ընտրած մի շարք երկրներում նույնիսկ բացակայում էին վերոհիշյալ ազգային առանձնահատկություններն ու այլ գործոնները, սակայն այդ հանգամանքը չխանգարեց գրանցել զգալի հաջողություններ։

shutterstock_195219530-653x339

Անշուշտ, պետք է հաշվի առնել նաև ազգային առանձնահատկությունները, որպեսզի ծրագիրը հասարակության համար լինի հասկանալի, պարզ և համապատասխանի ազգային դիմագծին ու արժեհամակարգին։

Որպես առաջնային քայլ` մինչև ծրագրի մշակումը պետք է կատարվեն մի շարք հակաճգնաժամային քայլեր` խոսքի արժեքի վերականգնում, արդյունավետ կառավարում, կառավարման ռեսուրսների ճիշտ բաշխում, բյուջեի ճիշտ գնահատում, անտրամաբանական ծախսերի կրճատում, բիզնեսի համար համապատասխան պայմանների ստեղծում, հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառում, և այլն։

Անհրաժեշտ է միաժամանակ հասարակության լայն շրջանակներում կազմակերպել քննարկումներ արդիականացման ծրագրի ամբողջ դրույթների մասով (ինչպիսի՞ երկիր ենք ուզում, եթե ընտրում ենք արդիականացումը, ո՞ւր կբերեն բարեփոխումները, ինչպիսի՞ն ենք տեսնում Հայաստանը 5-10 տարի հետո, և այլն)։

Արդիականացման ծրագրով նախատեսված բարեփոխումները պետք է կրեն փուլային բնույթ։

Առաջին փուլ (3-4 տարի)` տնտեսական բարեփոխումներ` հենվելով իշխանության մոբիլիզացիոն կարողությունների վրա, որը ենթադրում է իրական քաղաքական իշխանություն, պետական ինստիտուտների կայունություն, որոշակի իրավական և վարչարարական մակարդակ։

Երկրորդ փուլ` քաղաքական բարեփոխումներ, որը կնպաստի ամբողջովին արդիականացված հասարակության ստեղծմանը։

Կարևոր են նաև անհատի ինքնաձևավորման, ինքնարտահայտման համար պետական և հասարակության համար անհրաժեշտ սոցիալական ինստիտուտների ձևավորմանն ուղղված քայլերը։

Ներկայումս Հայաստանում առաջացել է նաև նոր հասարակական կամ սոցիալական պայմանագրի պահանջ։ Արդիականացման ծրագիրը կարող է դառնալ հենց այդ նոր հասարակական պայմանագրի առարկան, որով իշխանությունները պետք է արդարացնեն իրենց գոյությունն ու լեգիտիմությունը։

Ընդ որում, այդ պայմանագրի կողմ հանդիսացող իշխանությունը պետք է հստակ ձևակերպի իր կարճատև կամ երկարատև լեգիտիմությունը համապատասխան ծրագրային դրույթներով, իրականացվող բարեփոխումների ժամանակացույցով և տեսանելի մեխանիզմների մատնանշմամբ։

Կարևոր է, որ այն քաղաքական ուժը կամ անհատը, որը կվերցնի նշյալ արդիականացման գաղափարը, որպես ծրագրի հիմնական մաս` լինի հետևողականորեն հաշվետու և պատասխանատվություն կրի գործընթացների ամբողջ ժամանակահատվածում: Հակառակ դեպքում կկորցնի իր լեգիտիմությունը, իսկ հնչեցված գաղափարները կմնան հռչակագրային։
Հայաստանի ներկա իրավիճակում (համապատասխան ինստիտուտների բացակայության պայմաններում) որևէ կուսակցության կամ անհատի հանդես գալը` առանց նմանատիպ ծրագրի, առանց հետևողական հաշվետվության և պատասխանատվության, չի ունենա լեգիտիմության անհրաժեշտ պաշար։

ԱՅՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈԴԵԼ` ԱՅՍՏԵՂԻՑ ԲԽՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ։ Եթե «քաղաքական ազատության դիմաց» արտահայտությունն ինչ-որ մեկին սարսափեցնում է, ապա կարելի է այն ձևակերպել արևմտյան ականջների համար ավելի բարեհունչ արտահայտությամբ։
Այստեղ, անշուշտ, նաև պետք է հաշվի առնվեն Հայաստանի ներկա տնտեսական պայմանները` ԵՏՄ-ի հետ անդամակցությունը, շրջափակումը, ռեսուրսների և այլ սահմանափակումները։

Հայաստանի տնտեսության արդիականացումը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ ԵՏՄ-ի հարթակում տնտեսական ինտեգրման գործում։ Ի տարբերություն Միության այլ երկրների, Հայաստանը չունի ոչ համապատասխան մարդկային, ոչ բնական ռեսուսների պաշար, և տնտեսության արդիականացումը միակ ուղին է` լինել մրցունակ նաև այդ դաշտում։ Ավելին, արևմտյան աշխարհի համար մենք կարող ենք ընդունելի դառնալ և ստանալ աջակցություն, եթե նրանք տեսնեն, որ ԵՏՄ հարթակում միայն մենք ենք ընտրել զարգացման այս ճանապարհը և ինչ-որ իմաստով հանդիսանում ենք արդիականացվող կղզի։

Շատ կարևոր է, որ Հայաստանն աշխարհին ներկայանա հասկանալի ձգտումներով ու սպասումներով, որը, անշուշտ, իր հետ կբերի նաև քաղաքական, տնտեսական հաջողություններ։ Այդ ժամանակ յուրաքանչյուր համապետական ընտրություններից հետո կարելի է չկենտրոնանալ «մանրուքների» վրա, օրինակ` ինչ-որ մարզի ինչ-որ գյուղում ինչ-որ ընտրող մեկ, երկու թե երեք քվեաթերթիկ գցեց քվեատուփը, և այլն։

ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս