Հասանք հատակին
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփեց 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները։ Ասել, որ դրանք մտահոգիչ են, կնշանակի` ոչինչ չասել։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։ Ամսական կտրվածքով պատկերն ավելի տխուր է. 2016թ. հոկտեմբերին` 2015-ի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.8%-ով, իսկ 2016 թվականի սեպտեմբերի համեմատ` 18.7%-ով։
Վերադառնանք, սակայն, 0.4% ՏԱՑ-ին։ Տարվա ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։ Առաջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպը բավականին բարձր էր և հունվար-ապրիլին հասել էր մինչև 6%։ Դրանից հետո տեմպը սկսեց թուլանալ և տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով արդեն մոտենում է զրոյին։ Սակայն սա դեռ ամենը չէ։ 2016 թվականի հունվար-հոկտեմբերյան 0.4%-ն ամենացածր ցուցանիշն է ոչ միայն` ընթացիկ տարում, այլև` այս ցուցանիշի ներդրման տարվանից` 2011 թվականից ի վեր։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 2011 թվականի հունվարից դադարեցրեց ՀՆԱ-ի ամսական ցուցանիշի հաշվարկը և դրա փոխարեն` որպես տնտեսությունը բնութագրող ամսական ամփոփ ցուցանիշ, սկսեց հաշվարկել և հրապարակել Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՀՆԱ-ի ցուցանիշն այժմ հաշվարկվում է միայն եռամսյակային և տարեկան պարբերականությամբ)։ Երկրորդ գծապատկերում ներկայացված է Տնտեսական ակտիվության ցուցանիշը 6 տարվա կտրվածքով` 2011 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հոկտեմբերը։ Ինչպես տեսնում եք, ՏԱՑ-ի գոյության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 թվականի սկզբին (հունվարին` 9.3%, հունվար-փետրվարին` 9%)։ Իսկ ամենացածր ցուցանիշը, ինչպես նշեցինք, հիմա է` 0.4%։
Սա ցույց է տալիս իրական վիճակը։ Այն, ինչի մասին խոսում էր վարչապետը, երբ նշում էր, որ տնտեսության վիճակը շատ վատ է։
Ճիշտ է, մեթոդաբանության առումով ՏԱՑ-ի ու ՀՆԱ-ի հաշվարկն իրարից տարբերվում են (օրինակ, ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի` ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը), սակայն ՀՆԱ-ի աճի ու ՏԱՑ-ի արժեքներն իրարից մեծապես չեն տարբերվում, և ՏԱՑ-ով կարելի է պատկերացում կազմել տնտեսական աճի մասին։ Հիշեցնենք, որ այս տարվա համար բյուջեով կանխատեսվում էր 2.2% տնտեսական աճ։ Սակայն դատելով այս ցուցանիշներից` տարեվերջին աճը կարող է շատ ավելի ցածր լինել։
Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական ակտիվության աճի դանդաղումը։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում թեթևակի անդրադարձավ դրա պատճառներին` հայտարարելով, որ ակտիվության նվազման մասին խոսողները մոռանում են ապրիլյան պատերազմի և հուլիսյան դեպքերի մասին, որոնք բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի վրա։
Այս ցուցանիշների մեջ զարմանալի մի հանգամանք էլ կա։ Ստացվում է` պաշտոնական վիճակագրությունը, ի տարբերություն նախկինի, չի «դզում-փչում» թվերը և ներկայացնում է դառն իրականությունը։ Այս առումով հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ավստրիայի ազգային վիճակագրական ծառայության գլխավոր տնօրեն Կոնրադ Պեսենդորֆերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առջև մաքսիմալ օբյեկտիվ ու անկախ լինելու խնդիր է դրված, քանի որ հանրային վստահության ապահովման համար անհրաժեշտ է ինֆորմացիոն աղբյուրների և ելակետային տվյալների հավաստիություն։
Միգուցե իշխանությունն իրոք հասկացել է, որ խնդիրները լուծելու համար նախ` անհրաժեշտ է ընդունել դրանց գոյությունը։