Բաժիններ՝

«ՏՏ հանրությունը հզորագույն բանակ է, որը ճիշտ մոտիվացման մակարդակում կարող է երկիր փոխել, ստեղծել տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն». Արմեն Դարբինյան

Կայացած և հստակ քայլերով զարգացող Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ ունենալու համար պետք է հեղափոխություն կատարել կրթական ոլորտում: Ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով. այս հարցին էր պատասխանում 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումի ընթացքում քննարկվող «Գիտելիքներ նորարարության և զարգացման համար» թեման:

Թեմայի քննարկումը վարում էր Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով նշեց մի քանի կարևոր հարցեր, որոնց քննարկումը և լուծումը կարող է օգնել հաջողությունների հասնելու ճանապարհին:

«Մեր նպատակը չպետք է լինի նվաճումների քննարկումը: Մենք պետք է բարձրացնենք և քննարկենք այն խնդիրները, որոնք իրենց լուծումները չեն ստացել: Մենք պետք է լուծենք խնդիրներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի տնտեսական զարգացման համար»,- ասաց նա:

Ըստ Արմեն Դարբինյանի՝ հայերը սովորելու գենետիկ հակում ունեն ու դրա համար կրթությանը վերաբերվող մարտահրավերների քննարկումը պետք է լինի առաջնային.

Կարդացեք նաև

«Մեր հիմնական նվաճումն այն է, որ ունենք ձևավորված համակարգ, որն ազդել է տնտեսության զարգացման վրա: Հետաքրքիր է, որ այս համակարգը զարգացել է ներքևից վերև, այն ներքևից է բարձրացել՝ իր հետ բերելով մեր նվաճումները: Ներքևից բարձրացած համակարգերն անկախ են»:

Արմեն Դարբինյանի խոսքով՝ Հայաստանն ունի կայացած  ՏՏ հանրություն, որն էլ ունի 15 հազար անդամ. «Սա հզորագույն բանակ է, որը ճիշտ մոտիվացման մակարդակում կարող է երկիր փոխել, շուռ տալ համակարգը և ստեղծել տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն»:

Ըստ Արմեն Դարբինյանի՝ մենք այնքան էլ լավ չենք զգում հայկական ՏՏ համայնքի հզորությունը:

Նա ուրվագծեց մի շարք խնդիներ, որոնք պետք է քննարկել և լուծել.  քննարկման համար առաջարկեց երեք առաջնային հարցեր:

  1. Ինչո՞ւ 15 հազար անդամ ունեցող հզոր ՏՏ բանակը չի աշխատում այնպես, որ բոլորը զգան այդ բանակի ուժը:
  2. Ինչո՞ւ չի ստեղծվել մշտական համագործակցություն կրթական հաստատությունների հետ, եթե ՏՏ հանրությունն ունի մշտական պահանջարկ:
  3. Ինչո՞ւ ենք մենք անտեսել Եվրասիական միությունում մեր դերը:

Ըստ Արմեն Դարբինյանի՝ ՏՏ համայնքը պարբերաբար պետք է համալրվի նոր դիպլոմավորված  մասնագետներով, ովքեր կարող են  ապահովել  համայնքի շատ ակտիվ աշխատանքը:

Արմեն Դարբինյանի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանը Եվրասիական միությունում:

«Հայաստանը պետք է դառնա Եվրասիական միության տեխնոլոգիական կենտրոն: Հայաստանն ուզում է դառնալ աութսորսինգի համաշխարհային կենտրոն, շեշտը դնում է ԱՄՆ-ի վրա, սակայն անտեսում է Եվրասիական միությունը»:

Այս հարցերի քննարկումն ու լուծումը, ըստ Արմեն Դարբինյանի՝ կարող է դառնալ ՏՏ ոլորտում փոփոխությունների գեներատոր:

Նրա  խոսքով՝ Հայաստանում կան կրթական հաստատություններ, որոնք շատ լավ են աշխատում, բայց դրանց թիվը չպետք է կայուն լինի:

««Թումո»-ն, Այբ-ը, Դիլիջանի UWC-ն գեղեցիկ, բայց եզակի օրինակներ են: Պետք է շարունակել նման կրթական հաստատությունների կառուցումը, չնայած  մենք սիրում են եկեղեցիներ կառուցել»,- ասաց նա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս