«2016թ. առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների համար». Մաթիաս Քիսլեր

«Կառավարությունը գիտակցում է, թե որոնք են այն առաջնայնությունները, որոնք անհրաժեշտ են տնտեսական փոփոխությունների համար»,- այս մասին այսօր իր մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով  հայ-գերմանական հարաբերություններին, Գերմանիայի ներքին  և արտաքին քաղաքական հարցերին, ԵՄ-Հայաստան բանակցություններին և մի շարք այլ տնտեսական, քաղաքական, կրթական և մշակութային հարցերի:

Դեսպան Քիսլերը նշեց, որ 2016թ. առանձնահատուկ տարի էր հայ-գերմանական հարաբերությունների համար: Նրա խոսքով՝ տարին հատկանշվեց փոխադարձ այցերի ինտենսիվությամբ: Գերմանիայի դեսպանի դիտարկումների համաձայն՝  ուշագրավ էր ՀՀ նախագահի ապրիլյան այցը Բեռլին, հունիսի վերջին Գերմանիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան, տարին առատ էր խորհրդարանական, միջխորհրդարանական այցերով, բազմաթիվ համայնքային ներկայացուցիչների փոխադարձ այցերով: Ինչ վերաբերում է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություներին, ապա Մաթիաս Քիսլերի փոխանցմամբ՝  Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է Ռուսաստանից և Չինաստանից հետո: Ըստ Քիսլերի՝ ի տարբերություն Հայաստանի մյուս գործընկերների, այս տարի հայ-գերմանական առևտրային հրաբերությունների ոլորտում առևտրաշրջանառության աճ  է գրանցվել: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն արդյունավետ գնահատեց  ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում: Նրա խոսքերով՝ սա իր հերթին ապացուցում է, թե որքան սերտ են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ ռազմական հարաբերությունները:

Գերմանացի դիվանագետը շեշտեց ՀՀ  զորամիավորումների  խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում՝ շնորհակալություն հայտնելով հայկական ուժերին իրենց այդ ներդրման համար: Մաթիաս Քիսլերը խոսեց նաև ամենաարդի խնդրի մասին:

«Հենց նոր եմ վերադառնում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ստորագրվեց երեկ կայացած միջկառավարական բանակցությունների վերաբերյալ արձանագրությունը: Այդ արձանագրությունը  փաստում է, թե որքան ենք մենք կարևորում երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները: Եթե ես խոսեմ թվերով, ապա միայն այս տարի գերմանական կողմից նոր հատկացումները կազմել են 54.4  եվրո»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ գումարներ են տրամադրվել նաև տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Նա շեշտեց, որ Գերմանիան  ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ միասին հանդիսանում է ՀՀ ֆինանսական դոնորը:

Կարդացեք նաև

Հարցին, թե որքանով են գերմանացի գործարարները հետաքրքրված Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով, Մաթիաս Քիսլերը պատասխանեց, որ Գերմանիայի գործարարները հետաքրքրված են այն երկրներով, որտեղ մեծ է շուկան, որտեղ կա  քաղաքական կայունություն:

«Ցավոք, գերմանական ԶԼՄ-ներում ՀՀ-ի և տարածաշրջանի վերաբերյալ արդի լուրերի գլխագրերը չէին խոսում տարածաշրջանային կայունության մասին, ԼՂ հակամարտությունն էր թեման, այսպիսի նորւթյունները խոչընդոտ են հանդիսանում փոքր և միջին ձեռնարկատերերի համար: Մեր հանձնառությունն է՝ ներկայացնել օբյեկտիվ իրականությունը տվյալ դեպքում, որոնք պետք է հետաքրքիր և կարևոր լինեն մեր ձեռնարկատերերի համար: Մենք գերմանացի գործարարներին ասում ենք, որ  հետաքրքրվեն, գան  Հայաստան, որովհետև այստեղ նույնպես հնարավորություններ կան՝ զբաղվելու ոչ միայն առևտրով, այլև արդյունաբերությամբ:

Ես նկատի ունեմ արտադրության ոլորտը, այստեղ կարելի է արտադրություն զարգացնել, ՏՏ ոլորտում աշխատել: Թերևս, լրացուցիչ հնարավորություններ կարող են լինել արտասահմանցի գործարարների համար՝ հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ  Իրանի հետ կան լավ հարաբերություններ, և Հայաստանը ԵՏՄ անդամ է: Սրանք կարող են լրացուցիչ գրավիչ գործոններ լինել: Անշուշտ, կարևոր են նաև այնպիսի գործոնները, թե  որքանով արդյունավետ է հարկային, մաքսային համակարգը, որքանով անկախ է արդարադատությունը, դատական համակարգը, այս խնդիրներին ծանոթ ենք, հայկական կողմի հետ բաց երկխոսության մեջ ենք, ինչպես Գերմանիան, այնպես էլ ԵՄ-ն: Այս թեմաները քննարկելու ենք ներկայիս վարչապետի հետ: Մենք ծանոթացել ենք ՀՀ կառավարության նոր ծրագրին:

Հանդիպում ենք ունեցել ՀՀ նոր վարչապետի  հետ: Իմ համոզմամբ՝ Կառավարությունը գիտակցում է, թե որոնք են այն առաջնայնությունները, որոնք անհրաժեշտ են տնտեսական փոփոխությունների համար: Ես բաժակը կիսով չափ լի եմ տեսնում, քան դատարկ»,- նման մանրամասներ հայտնեց Մաթիաս Քիսլերը:

Տեսանյութեր

Լրահոս