
Խողովակային դիվանագիտություն

«Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը կարծում է, որ «Գազպրոմը» կխոչընդոտի հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների զարգացմանը, իսկ մյուս մասը կարծում է` չի խոչընդոտի։ Ես պատկանում եմ այն փորձագետների թվին, որոնք կարծում են, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է համաձայնության հասնել «Գազպրոմի» հետ։ Իրանից դեպի Վրաստան գազի արտահանումը ձեռնտու է նաև «Գազպրոմին», որովհետև այդ գազը սահմանափակ քանակով է լինելու, նոր գազամուղի կառուցման հարց դրված չէ, գազը տեղափոխվելու է «Գազպրոմին» պատկանող գազամուղով, այսինքն` երբ «Գազպրոմը» ցանկանա` կարող է այդ խողովակն անջատել։ Ամեն ինչ մնալու է «Գազպրոմի» վերահսկողության տակ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Վարդանյանը` անդրադառնալով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հնարավոր այցին Հայաստան ու հայ-իրանական էներգետիկ հարաբերություններին։
Ըստ նրա` եթե Վրաստանը գազ գնի Ադրբեջանից, «Գազպրոմը» դրանից որևէ օգուտ չի ստանա, «Գազպրոմին» ձեռնտու է, որպեսզի Վրաստանը գազ գնի Իրանից, և դա Վրաստանին մատակարարվի իրեն պատկանող գազամուղով։ «Իմ կարծիքով` այս հարցն ամենաբարձր մակարդակով համաձայնեցվել է, ուստի այդ հարցերն առաջ են գնում անխոչընդոտ կերպով։ Այն ծրագրով, որով նախատեսվում է իրանական գազի արտահանում դեպի Վրաստան, նախատեսված չէ նոր գազամուղի կառուցում և իրանական գազի տարանցում դեպի Եվրոպա»,- հստակեցրեց Արմեն Վարդանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: