ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում առկա են բազմաթիվ անճշտություններ. Արմեն Աբրոյան
168.am-ը շարունակում է լույս սփռել Երևան քաղաքում տեղակայված արժեքավոր մշակութային օբյեկտների միտումնավոր ոչնչացման դեպքերին՝ փորձելով պարզել նաև դրանց օրենսդրական-իրավական դրույթները, որոնցով պայմանավորված՝ տեղի է ունենում մայրաքաղաքի չդադարող հուշարձանաթափը: Օրերս 168.am-ը հանդիպել և զրուցել էր ՀՀ մշակույթի նախարարության ենթակազմակերպություն հանդիսացող Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում Երևան քաղաքի և ոչ մի մշակութային օբյեկտ չի հաշվառվել և չի ընդգրկվել ՀՀ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Ըստ վերջինիս, սակայն, պարզվում է՝ խնդրում մեղավոր կողմը բոլորովին էլ իր կողմից ղեկավարվող ՊՈԱԿ-ը կամ դրա չիրականացվող գործառույթները չեն, այլ հենց մշակույթի նախարարությունն է՝ ի դեմս Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության և դրա պետ Արմեն Աբրոյանի:
168.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության պետ Արմեն Աբրոյանն է, ով համաձայնեց պատասխանել իրեն վերագրված բացթողումների մեղադրանքին:
– Պարոն Աբրոյան, ինչպե՞ս է կատարվում հուշարձանների հաշվառումը, որովհետև պատկերը, ըստ սահմանված օրենքի և Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավարության մեկնաբանությունների, կարծես հակասություններ ունի: Այստեղ, ըստ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի, մեղավորության բաժին ունի նաև Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալությունը, որի պետն եք Դուք:
– Հայտնի է, որ հաշվառման սկզբունքները օրենքով սահմանված են, իսկ ՀՀ կառավարության N 438 որոշմամբ հաստատված է նաև հաշվառման կարգը, ըստ որի` մշակույթի նախարարությունը պատմամշակութային արժեք ունեցող անշարժ օբյեկտների հայտնաբերման, հաշվառման, ուսումնասիրման նպատակով պարբերաբար երթուղային գիտարշավներ է կազմակերպում դեպի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն ու բնակավայրերի տարածքները:
– Հակոբ Սիմոնյանը պնդում է, որ այդ գիտարշավների կազմակերպումը պետք է պատվիրի գործակալությունը: Կպարզաբանե՞ք՝ ինչպե՞ս են կազմակերպվում այդ գիտարշավները:
– Յուրաքանչյուր տարի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ը մշակույթի նախարարության, այլ ոչ գործակալության հետ, կնքում է սուբսիդիայի պայմանագիր: Այլ հարց է, որ այդ սուբսիդիայի պայմանագրում ներառվող առաջադրանքը կազմում է իմ ղեկավարած գործակալությունը, ինչպես Դուք նշեցիք, իսկ գործակալությունը «պատվեր» չի տալիս: Առանձնակի դեպքերում, երբ նախարարությանը համապատասխան հիմնավորմամբ առաջարկություն են ներկայացնում պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելու վերաբերյալ՝ ՊՈԱԿ-ին համապատասխան գրությամբ, ապա նախարարության կողմից տրվում է հանձնարարական՝ այն կատարել տրված սուբսիդիայի պայմանագրին (որում՝ առաջադրանքին) համապատասխան:
– Պարոն Սիմոնյանը նշում է նաև, որ գիտամեթոդական խորհրդի քննարկումների ընթացքում իրենց ներկայացված օբյեկտների մեծ մասը անհարկի պատճառաբանություններով չեն ներառվում պատմամշակութային հուշարձանների նորահայտ ցանկում: Ինչո՞ւ է այդպես, եթե այդպես է:
– Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելը, ինչպես նաև դրանք այդ ցուցակներից հանելը կատարվում է ոչ թե գիտամեթոդական խորհրդի, այլ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Փորձագիտական հանձնաժողովում ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված առաջարկները հաճախ մերժվում են՝ դրանք սահմանված կարգով կազմված չլինելու կամ անճշտությունների, թերությունների դեպքերում, իսկ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը ներկայացվում են որպես դրանց տարածքներ, կամ դրանք չունեն օգտագործման պայմանակարգեր՝ ռեժիմ, որոնց չընդունման քանակն, ի դեպ, 1200-ից ավելին է: Նման փաստաթղթերի ընդունման պայմաններում չեն կարող կատարվել հուշարձանների և պատմական միջավայրի պատշաճ պահպանություն և օգտագործում: Այժմ էլ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված և ՀՀ կառավարության կողմից ընդունված պետական ցուցակներում առկա են բազմաթիվ անճշտություններ:
– Հակոբ Սիմոնյանը նշում է, որ իր կողմից ղեկավարվող ՊՈԱԿ-ը կատարում է պետական պատվեր, այսինքն՝ իջեցնում են համապատասխան հանձնարարականներ: Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ պատվերը չի իջեցվում Երևան քաղաքի համար, որովհետև ինչպես ինքը՝ պարոն Սիմոնյանը, փաստեց, Երևան քաղաքի հետ կապված իրենց առաջադրանք, որպես այդպիսին, չի իջեցվել:
– Համաձայն ՀՀ կառավարության N 896-ն որոշման՝ ՊՈԱԿ-ի գործունեությունն է Հայաստանի պատմամշակութային անշարժ հուշարձանների և հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքների պետական հաշվառումը:
Ըստ ՀՀ կառավարության N 438 որոշմամբ հաստատված կարգի՝ պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելու վերաբերյալ նախարարությանը կարող են առաջարկություն ներկայացնել գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպությունները և ստեղծագործական միությունները՝ համապատասխան հիմնավորմամբ: Տվյալ դեպքում ՊՈԱԿ-ի արշավախմբերի կողմից կարող են լինել նոր հայտնաբերումներ, իսկ գործակալությունը հնարավոր և առկա հայտնաբերումների դեպքում է (հայտնաբերումները չեն կարող նախապես որոշվել) առաջարկում նախարարությանը (կազմակերպում է) իրականացնել դրանց հետագա գործառույթները, անկախ այն հանգամանքից՝ հուշարձանը գտնվում է Երևանո՞ւմ, թե՞ Հայաստանի այլ համայնքներում:
Եթե այն Երևանի դեպքում կատարվում է առանձին պատվերով, ապա ինչպե՞ս է, որ ՊՈԱԿ-ը 2006-2015թթ. Երևան քաղաքում նոր հայտնաբերված 230-ից ավելի օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու համար առաջարկ է ներկայացրել նախարարություն: Այսինքն՝ ՊՈԱԿ-ն իր սուբսիդիայի պայմանագրով կարող է կատարել ինչպես հանրապետության մյուս բնակավայրերի, այնպես էլ Երևան քաղաքի (որպես նաև մարզային կարգավիճակ ունեցող տարածքի) նոր հայտնաբերումներ և սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել նախարարությանը:
Տեղեկացնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալությունը մշակում է պահպանական գոտու նոր օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ նպատակ ունենալով պահպանել ինչպես հուշարձանը, այնպես էլ հուշարձանի միջավայրը՝ գծելով «անձեռնմխելիության» որոշակի սահմաններ։ Օրինագծի դրույթներից մեկը սահմանում է՝ 100 տարին լրացած ցանկացած շենք կդիտարկվի որպես պատմամշակութային հուշարձան։ Հարց է ծագում՝ վաղեմության չափանիշը՝ սահմանված 100 տարին, օրենքի նախագիծ ներառելու միտումն արդյո՞ք ցանկալի արդյունքների կբերի՝ այն դեպքում, երբ այսօր մայրաքաղաքում վտանգված են հին չափազանց արժեքավոր, բայց ոչ 100 տարին լրացած բազմաթիվ շենքեր ու շինություններ, որոնց ճակատագրերը, սակայն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մնալ մշուշոտ: