Իշխանության փողն ու փողի իշխանությունը
Հայաստանում ընդդիմության բացակայությունը կամ դիսֆունկցիոնալությունը երբեք այնքան ընդգծված չի եղել, որքան այսօր։ Ընդդիմադիր ուժեր, իհարկե, կան։ Կան իրական, անկեղծ ու հավատավոր ընդդիմադիրներ, կան իշխանության համար գործող ընդդիմադիրներ, կան այնպիսիք, որոնք մի քիչ իրական են, մի քիչ՝ իշխանության համար գործող։ Կան այնպիսիք, որոնք դեռևս չկան, ու որոնց լինելիությունն այս օրերին մշակվում ու որոշվում է ամենաիշխանական կաբինետներում։
Ընդդիմությանը մեղադրելն, իհարկե, հիմա մոդայիկ է ու թրենդային։ Բայց ընդդիմության դաշտում կա այն, ինչ կա։ Որովհետև չկա այն, ինչը լինելու դեպքում ընդդիմությունը կարող էր լինել ավելի ֆունկցիոնալ ու ավելի արդյունավետ։ Փող։ Դա Հայաստանում ամեն ինչով, բայց քաղաքականությամբ զբաղվելու առաջին նախապայմանն է։
Երկրում ու հասարակությունում, որտեղ փողը պաշտամունքի առարկա է դարձել, քաղաքական պայքար, որպես այդպիսին, գոյություն չունի։ Որովհետև երբ բոլոր հարցերում դոմինանտը փողն է, գաղափարների, մտքերի, ծրագրերի, այլընտրանքային կարծիքների գոյությունը ծիծաղելի է անգամ։ Մեր հասարակությունը գուցե սիրում է լսել գեղեցիկ մտքեր ու ծափահարել ստեղծարար գաղափարներին, բայց, միևնույն է, ընտրության օրը ընտրում է այն, ինչը Հայաստանում ամենայնի չափման միավորն է՝ փողը։
Փողն, իհարկե, պարտադիր չէ, որ լինի կանխիկ կամ հենց թղթադրամի տեսքով։ Փողը կարող է արտահայտվել լցոնված ասֆալտափոսով, մուրաբայի կամ էլեկտրաէներգիայի պարտքի վճարմամբ կամ թաղի լավ տղու բարեհաճ վերաբերմունքով։ Կարևորն այն է, որ Հայաստանում ընտրություններում ընտրողների վարքագիծը պայմանավորող ամենազորեղ գործոնը նյութական շահն է՝ ամենատարբեր դրսևորումներով։ Այդ պայմաններում քաղաքականությունը դասական ընկալմամբ անգամ անիմաստ է դառնում, որովհետև ցանկացած փողատեր կարող է ցանկացած գաղափարական կուսակցությունից ավելի շատ ձայներ ստանալ։ Գնել՝ ավելի ճիշտ։ Ու երևի պատահական չէ, որ Հայաստանում ամենագաղափարական կուսակցության համարում ունեցող Դաշնակցությունն, ի վերջո, որոշեց թարգել ընդդիմադիր սեթևեթանքը՝ կցվելով իշխանությանը։
Դաշնակները հասկացան, որ անգամ Ծովից-ծով Հայաստանի գաղափարը չի կարող գերադասվել պարարտանյութին, ու անցան այնտեղ, որտեղից բաժանվում է պարարտանյութը։ Նաև քաղաքական ուժերին։ Ու հիմա պարարտացված մասնակցելու են փողաբաժան ընտրապայքարին՝ երաշխավորված ելքով։ Որովհետև կցվել են Հայաստանում փողի միակ աղբյուրին՝ իշխանությանը։
Քանի դեռ Հայաստանում չի ձևավորվել միջին ու միջինից բարձր ազատ խավ, որը այդպիսին չի լինի իշխանությանը ծառայելու համար, այլ կլինի ինքնաբավ ու նաև ինքնորոշ ու այդպիսին լինելով՝ կկարողանա աջակցել ոչ իշխանական կուսակցություններին, ընտրություններում միշտ հաղթելու է իշխանությունը։ Որովհետև իշխանությունն ունի փողատերեր և ոչ սեփական փողատերերի վրա ազդեցության լծակներ։ Այսինքն՝ իշխանությունը գրեթե ամբողջությամբ տիրապետում է այն միակ ռեսուրսին, որը Հայաստանում որոշում է ընտրությունների ելքը։ Այս իրավիճակը իշխանության ստեղծած իրավիճակն է ու իշխանության մեղավորությամբ ստեղծված իրավիճակը։ Որովհետև իշխանությունը տարիներ շարունակ մի կողմից՝ հավաքագրել է բոլոր փողատերերին ու աճեցրել նորերին, մյուս կողմից՝ հետևողականորեն վարկաբեկել է քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ՝ մարդկանց մեջ սերմանելով այն գաղափարը, որ որևէ գաղափար չի կարող ավելի կենսունակ լինել, քան փողը։
Առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հենց այս պայմաններում։ Ու որքան էլ ընդդիմադիրները փորձեն միավորվել, ինչն, իհարկե, չմիավորվելուց դրական է, միևնույն է՝ վառ երևակայություն է պետք՝ հավատալու համար, որ ընտրություններում որևէ ծրագիր կամ գաղափար կարող է գերակայել փողին։
Երբ հասարակության համար պետությունն ընդամենը լավ ապրելու տեղ է, որտեղից հեռանում են, երբ հայտնվում է ավելի լավ ապրելու այլ տեղ, որևէ այլ մատերիա, քան լավ ապրուստի միջոցը չի կարող դառնալ մարդկանց վարքագծային կողմնորոշիչ։ Այդ իմաստով Հայաստանում իշխանությունն ավելի քան լեգիտիմ է։
Չունենալով ընտրական լեգիտիմություն՝ իշխանությունն ունի հոգեբանական, իդենտիֆիկացիոն լեգիտիմություն, քանի որ հասարակության մեծ մասի երազանքների, իմա՝ փող ունեցողների հավաքականություն է։ 2017 թվականին այդ հավաքականությունը կվերարտադրվի՝ այնպես, ինչպես ծնվել ու զարգացել է անցած 20 տարիներին։ Հնարավոր է, հավաքականության դեմքը փոխվի, երիտասարդանա, բարձրանա կրթական ցենզը, բայց անփոփոխ է մնալու նրա գոյության հիմնաքարը՝ փողը։
Հայաստանն ապրում է երկիշխանության պայմաններում՝ իշխանության փողի և փողի իշխանության տիրապետության տակ։
Հարություն Ավետիսյան