«Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3 ենթատիպը. նախանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի». Արտավազդ Վանյան
«Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքով՝ դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները. «Մենք նկատեցինք, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, սակայն աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում»:
Ա. Վանյանը նշեց, որ այդ որոշակի աշխուժացումը տեսնելով՝ ԱՆ-ն համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ տարածքային կառավարման նախարարությանը, կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, առաջարկել է երկուշաբթի օրվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր. «Դա կանխարգելիչ միջոցառում է, որով կարողանում ենք թեթևակի նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել և առաջնային բժշկական կազմակերպության միջոցով կազմակերպել տվյալ երեխայի բուժումը»:
Նա ընդգծեց նաև ծնողների կարևորությունն այս հարցում. «Թեթև նախանշանների դեպքում երեխային չպետք է տանեն դպրոց կամ մանկապարտեզ. մեծ ռիսկի է ենթարկվում ոչ միայն այդ, այլև մյուս երեխաների առողջությունը: Այս հիվանդությունը շատ արագ է տարածվում, ու այս միջոցառումներով կկարողանանք հետագայում խուսափել բռնկումից կամ համաճարակից: Սա այն հիվանդությունն է, որ չպահպանելով անհատական հիգիենայի կանոնները՝ շատ արագ տարածում կարող ենք ունենալ: Օրինակ՝ մեր բնակիչները բողոքում են, որ ամբողջ ընտանիքով հիվանդացել են. պատճառն այն է, որ տանը չեն պահպանվում անհատական հիգիենայի կանոնները: Երբ երեխան ջերմություն է ունենում, չգիտես ինչու՝ երեխայի ջերմությունը փորձում են որոշել համբույրի միջոցով. դա անմիջական կոնտակտ է առաջացնում, և ամբողջ ընտանիքի անդամները շատ արագ հիվանդանում են»:
Հետևաբար ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ: Գործատուներին ևս խորհուրդ տվեց հիվանդ աշխատակիցներին թույլ չտալ ներկայանալ աշխատանքի. «Շատ դեպքերում թեթև նախանշաններ ունենալու դեպքում մարդիկ շտապում են աշխատանքի՝ մտածելով, որ չգնալով՝ կարող են աշխատանքից զրկվել: Ես ուղղակի մեր գործատուներին եմ դիմում. թույլ մի՛ տվեք, որ թեթևակի նախանշանների դեպքում անգամ մարդիկ գան աշխատանքի՝ հատկապես այնպիսի կազմակերպություններում, որտեղ բավականին մեծ հոսքեր կան: Դրանով դուք կարող եք պարալիզել և՛ ամբողջ կոլեկտիվը, և՛ տվյալ անձի առողջական վիճակը»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ հավելեց. «Վիրուսի փոխանցման մեխանիզմը նույնն է, ինչ սեզոնային գրիպի դեպքում՝ օդակաթիլային, և ախտահարվող օրգանն էլ է նույնը՝ շնչառական համակարգը: Արտահայտվում է գլխացավով, մկանացավով, թուլությամբ, ջերմությամբ: Այն կարծիքը, որ ձևավորված է հանրության մեջ, թե գրիպը կարող է երեք օրում անցնել, սխալ է. դա կախված է անհատի օրգանիզմի դիմադրողականությունից ու այլ գործոններից»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում