Գերկենտրոնացած Երևան
Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և ֆինանսական շարժը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևանը, 2016» զեկույցի տվյալները հերթական անգամ հիշեցնում են այս ոչ համաչափ պատկերի մասին։ 2015 թվականին ՀՀ մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 տրլն 314 մլրդ դրամ։
Այդ թվից 1 տրլն 4.3 մլրդ դրամը կամ 76.4%-ը բաժին է ընկնում Երևանին։ Նախորդ տարիներին, ինչպես տեսնում եք գծապատկերում, մայրաքաղաքի տեսակարար կշիռն ավելի մեծ է եղել` 83-84%։ 2015-ին մանրածախ առևտրաշրջանառության մեջ Երևանի տեսակարար կշիռը նվազել է մինչև 76.4%։ Դա տեղի է ունեցել ինչպես` մարզերի առևտրաշրջանառության ծավալների աճի, այնպես էլ` Երևանի ցուցանիշի կտրուկ նվազման հետևանքով։ 2016 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով, Երևանի կշիռը 3.4 տոկոսային կետով նվազել է և կազմել 73%։
Սակայն տարածքային տարբերություններն ավելի ակնհայտ երևում են ներկայացված աղյուսակից, որը կոչվում է մանրածախ առևտրի համեմատական ակտիվություն։ Այստեղ հաշվի է առնվել նաև յուրաքանչյուր մարզի բնակչության թիվը։
Ամբողջ հանրապետության մասշտաբով 2015 թվականին մեկ բնակչին միջին հաշվով բաժին ընկնող առևտրաշրջանառությունը կազմել է 437.3 հազար դրամ։ Երևանում այդ ցուցանիշը 936.3 հազար դրամ է` երկու անգամ ավելի, քան հանրապետության միջինը։
Մեկ շնչին բաժին ընկնող առևտրի ծավալով Երևանի և երկրորդ տեղը զբաղեցրած Լոռու մարզի տարբերությունը հսկայական է. Լոռիում` 208 հազար։ Իսկ Գեղարքունիքում ընդհանրապես տխուր վիճակ է` 1 շնչին բաժին ընկնող տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է ընդամենը 93 հազար դրամ։
Այսինքն, Գեղարքունիքի մարզի բնակիչները 10 անգամ քիչ առևտուր են անում, քան երևանցիները։
Ծառայությունների առումով նույնպես կենտրոնացման աստիճանը բարձր է։ 2015 թվականին Հայաստանում ծառայությունների ծավալը կազմել է 1 տրլն 144.6 մլրդ դրամ, որից 931.3 մլրդ դրամը (81.3%-ը) բաժին է ընկնում Երևանին։
Ծառայությունների առանձին տեսակների գծով ցուցանիշները փոքր-ինչ տարբերվում են միմյանցից։ Օրինակ, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտի եկամտի 85.2%-ը բաժին է ընկնում Երևանին։ Իսկ մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մայրաքաղաքի կշիռը 74.8% է։ Եվս 24.8%-ը բաժին է ընկնում Կոտայքի մարզին, ինչը պայմանավորված է այս մարզում գործող խաղատների գործունեությամբ։
Զեկույցը բավականին ծավալուն է, և այդտեղ ներկայացված են Երևանի ու մարզերի համեմատականները` սոցիալական, ֆինանսական, առևտրային և այլ ոլորտներում։ Առաջիկայում մենք կրկին կանդրադառնանք այս զեկույցի` մյուս հետաքրքիր ցուցանիշներին։