«Հայ-ռուսական համատեղ զորամիավորման առկայությունն ինքնիշխանության կորուստ չի ենթադրում». Լուկիանով

«Հայ-ռուսական համատեղ զորամիավորման համաձայնագիրը պետք է ընկալել՝ որպես Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի շրջանակում գործող պայմանագիր, որը նախանշում է զորքերի գործառույթները և հակազդման ոլորտները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հայ-ռուսական համատեղ զորամիավորման շուրջ ՀՀ-ում առկա խոսակցություններին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հավանություն է տվել ՀՀ և ՌԴ զինված ուժերի միավորված խմբավորման մասին համաձայնագրին։ Ըստ այդմ, ՌԴ ՊՆ-ն ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ կվարի հայկական կողմի հետ և համաձայնագիր կստորագրի Ռուսաստանի անունից։

Ըստ համաձայնագրի՝ միացյալ զորախմբի հրամանատարին նշանակելու է Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ զորախումբը ենթարկվելու է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբին, իսկ պատերազմական ժամանակ, կախված իրավիճակից՝ նաև «Ռուսաստանի Հարավային օկրուգի զորքերի հրամանատարին»:

Փաստաթղթում նշված է, որ կողմերն ինքնուրույն են իրականացնելու միացյալ զորախմբում ընդգրկված իրենց զորքերի նյութատեխնիկան և ֆինանսական ապահովումը: Սակայն հարկ է պարզաբանել, որ խոսքը գոյություն ունեցող հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին Է, որի մեջ մտնում են ինչպես՝ Հայաստանում տեղակայված ռուսական ուժերը, այնպես էլ՝ հայկական բանակի որոշ ստորաբաժանումներ։ Սակայն զորամիավորման գործառույթները կողմերը գաղտնի են պահում, ինչը մտահոգում է հայաստանյան փորձագիտական հանրությանը, քանի որ հայտնի է, որ բանակային 5-րդ կորպուսը պատերազմի ժամանակ ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ միասին կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնագրի թարմացմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը բարձրացրել են մեկ այլ մակարդակի, ինչը կարևոր է ՀԱՊԿ անդամ երկրների համար։

«Կարծում եմ՝ համաձայնագրում էական փոփոխություններ չկան, ինչպես բոլոր միջպետական փաստաթղթերը, սա ևս պետք է թարմացվեր՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային նոր իրողությունները։ Սա պետք է ընկալել՝ որպես Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի շրջանակում գործող պայմանագիր, որը նախանշում է զորքերի գործառույթները և հակազդման ոլորտները։ Պարզ է, որ այս զորամիավորումը վերահսկելու է թուրքական ուղղությունը, և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտության դեպքում այլ գործառույթներ ևս կարող է իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում։

Փաստաթղթի մանրամասներին ծանոթ չեմ, բայց առանց դրա հասկանալի է, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, թարմացվում է պայմանագիրը, որը գոյություն է ունեցել վաղուց, և խոսքը հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուսական և հայկական ուժերի համատեղ աշխատանքի մասին է»,- ասաց Լուկիանովը։ Վերջինիս հավաստիացմամբ՝ այս պայմանագրով պայմանավորված խոսել ինքնիշխանության կորստի մասին՝ անիմաստ է, քանի որ պայմանագիրը սահմանում է գործառույթները։

«Իմ տեղեկություններով՝ սպառնալիքի ժամանակ տեղում է որոշվելու այս զորամիավորման հրամանատարության հարցը՝ կախված նպատակահարմարությունից դա կիրականացնի կամ հայկական, կամ ռուսական կողմը, դրանում արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- ընդգծեց Լուկիանովը։

Տեսանյութեր

Լրահոս