«Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների». Սերժ Սարգսյան
Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Ես միշտ ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկու կողմի համաձայնությունը։ Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50%-ով լուծվել է։ Սա այդ դեպքը չէ։ Մեզանից ոչինչ կախված չէ այս պարագայում»,- հայտնել է Սերժ Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վաղուց պատրաստ է քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մինչև 2009 թվականը անգամ մեր որոշ ընկերներ էին ասում, թե մենք կոմպլեքսավորված ենք ցեղասպանությամբ, որ պարզապես չենք ցանկանում թուրքերի հետ ունենալ ինչ-որ հարաբերություններ, քանի դեռ չեն ճանաչել ցեղասպանությունը, սակայն գնացինք դրան։
Դուք հասկանում եք իմ այն ժամանակվա վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ողջ աշխարհով՝ հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ դուրս եկան այդ երկրների ազգությամբ հայ քաղաքացիները՝ պահանջելով չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում, ես խնդրում էի։
Արդյունքը՝ ստորագրեցինք, նրանք իրենց պարտավորությունները չեն իրականացնում։ Ի՞նչ անենք այլևս։ Գնանք ու ասենք, թե եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները։ Եվ ինչ հետո՞։ Մեկ ամիս, մեկ տարի կամ կես տարուց, հենց լինի ինչ-որ հակամարտություն, նորից սահմանը կփակեն»,- հավելել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից որոշ ժամանակ հետո պարզ դարձավ, որ թուրքերը պատրաստ չեն վավերացնել դրանք և փաստացի պատրաստ չեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել՝ առանց նախապայմանների։
«Եվ դրանից հետո Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք։ Պարզապես, եթե մենք ինչ-որ տեղ հանդիպում ենք միջազգային ֆորումների ժամանակ, բարևում ենք և վերջ»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ցանկանում է բաց տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։
«Ուզում եմ, որ թուրք երիտասարդությունը հասկանա, որ մեղավոր չէ նրանում, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայերի ցեղասպանություն, քանի որ, իրականում, ո՞րն է այսօրվա թուրք երիտասարդության մեղքը։ Հասկանո՞ւմ եք»,- խոսքը եզրափակել է ՀՀ նախագահը։