«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց … ». Սերժ Սարգսյան
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ժամանակ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։։
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի ձևով չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունն առնչվում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում։
Բոլոր հարցերը լուծվում են առանց ուժի կիրառման, մանավանդ, պատմական հայրենիքում։ Եթե մերժում ենք ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ապա մենք չպետք է դուրս գայինք Խորհրդային Միության կազմից, դա տեղի ունեցավ այդ սկզբունքի հիման վրա։ Այդկերպ, այդ սկզբունքները ոչ մի ձևով չեն հակասում միմյանց»,- ասել է ՀՀ նախագահը։
Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի անգամ Երևանն ու Բաքուն մոտ են եղել ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրմանը, որտեղ արտացոլված էին լինելու դրա հիմնարար սկզբունքները։
«Այն է՝ հայկական կողմը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք ներկայումս զբաղեցված են՝ որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, թե օկուպացված են։ Սակայն առաջին կետով այնտեղ հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը լուծվելու է ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման ճանապարհով։
Այդ ազատ կամարտահայտումն ունի պարտադիր իրավական ուժ, այնուհետ գրված էր, թե ով է մասնակցում, ինչպիսին է օրակարգը, այսինքն՝ հանրաքվե։ Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորում էր, սակայն ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջ քաշում»,- հայտարարել է Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը մինչև այժմ պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթին։ «Սակայն մեր պատրաստ լինելը ոչինչ չի նշանակում, քանի որ նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե մեկ կողմը։
Բացի այդ՝ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերի միջև կա զրոյական վստահություն, վստահություն չկա բացարձակ»,- հավելել է ՀՀ նախագահը։