«Վաշինգտոնն ավելի պակաս ուշադրություն է հատկացնելու ԼՂ հակամարտությանը, քան նախկինում». Փոլ Գոբլ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո համաշխարհային փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում են հանրապետական, միլիարդատեր նորընտիր նախագահ Թրամփը, նրա հնարավոր աշխատակազմն ու սպասվող արտաքին քաղաքականությունը, որի հարցում էապես տարբերվում էին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի և Թրամփի մոտեցումները։ «168 Ժամն» այս մասին զրուցել է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլի հետ։

Հիշեցնենք, որ Փոլ Գոբլը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` որպես խորհրդական և հետազոտությունների տնօրեն:

– Պարոն Գոբլ, ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում փոխվեց թե՛ նախագահը, թե՛ իշխող կուսակցությունը, որը բոլոր ոլորտներում մոտեցումների որոշակի փոփոխություններ է ենթադրում։ Ըստ Ձեզ` ո՞րն է լինելու Թրամփի աշխատակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասի և Ռուսաստանի նկատմամբ։ Որքանո՞վ է ճիշտ տարանջատել ամերիկյան քաղաքական գործիչներին դեմոկրատների և հանրապետականների, երբ խոսք է գնում ԱՄՆ արտաքին քաղաքականության և, մասնավորապես, հարավկովկասյան ուղղության մասին։

– Ամենակարևորը, ինչ պետք է հասկանալ, առայժմ այն է, որ Վաշինգտոնն ավելի քիչ ուշադրություն կհատկացնի Հարավային Կովկասին, քան նախկինում։ Սա լինելու է այն ուղղությունը, որը տնօրինելու են ավելի ցածրաստիճան պաշտոնյաները, քան բարձրաստիճանները։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, չեն լինի դրամատիկ փոփոխություններ, ինչպես շատերն ակնկալում են։

Ժամանակի ընթացքում սա, հնարավոր է, փոխվի` հատկապես, եթե տեղի ունենան աշխարհաքաղաքական վերադասավորումներ, օրինակ` երբ Ադրբեջանն ավելի կարևոր դառնա Ռուսաստանի համար` որպես կամուրջ դեպի Իրան։ Բայց կարճաժամկետ ապագայի վերաբերյալ պատասխանը հետևյալն է` Վաշինգտոնն ավելի պակաս ուշադրություն է հատկացնելու Հարավային Կովկասին բարձր մակարդակով, քան նախկինում։ Իմ կարծիքով` հավանաբար ականատեսը կդառնանք ավելի պակաս ջանքերի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։ Այն մարդիկ, ովքեր լրջորեն բացասական կամ դրական են տրամադրված, դեռ հակառակում են համոզվելու գոնե առաջիկա 12 ամիսների ընթացքում։

– Ինչո՞վ եք բացատրում Ձեր այն պնդումը, որ պետք է ակնկալել պակաս ներգրավվածություն։

– Հարավային Կովկասի ուղղությամբ պակաս ուշադրության պատճառներն ակնհայտ են։ Առաջինը` Թրամփի աշխատակազմն ավելի մեծ ուշադրության է արժանացնելու տեղական խնդիրները մոտ ապագայում, քան արտաքին քաղաքականությունը։ Երկրորդ, այն, ինչ մենք տեսել ենք մինչ այժմ, ցույց է տալիս, որ պարոն Թրամփն ավելի շատ, քան պարոն Օբաման, մեկն է, որը հավատում է, որ աշխարհը կառուցված է տարբեր ուժերի շուրջ, և ԱՄՆ-ը պետք է ուղիղ կերպով գործ ունենա աշխարհի հզոր, քան փոքր ուժերի հետ։

Սա հաշվի առնելով` ես ակնկալում եմ, որ Թրամփի աշխատակազմն ավելի շատ ուշադրություն կհատկացնի Մոսկվային, քան Օբամայի աշխատակազմը, և ավելի պակաս ուշադրություն` Ռուսաստանի հարևաններին։ Սա անպայմանորեն չի նշանակում, որ լինելու է մեծ փոփոխություն, բայց դա նշանակում է, որ նրանք, ովքեր ակնկալում են, որ Թրամփի աշխատակազմը կարձանագրի դրամատիկ փոփոխություններ արտաքին քաղաքականության հարցում, ամենայն հավանականությամբ, հակառակում կհամոզվեն։

– ՌԴ իշխանությունը, քաղաքական գործիչները, փորձագիտական հանրությունը հավատացած են, որ Թրամփը կվերացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` ճանաչելով նույնիսկ Ղրիմի բռնակցումը։ Հաշվի առնելով Թրամփի նախկին բոլոր հայտարարությունները` ըստ Ձեզ, ինչպե՞ս կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները Թրամփի նախագահության շրջանում։

– Համոզված եմ, որ ղեկավարների համար մշտապես օգտակար է լավ հարաբերություններ ունենալ, բայց լրագրողների և հանրության շրջանում միտում կա գերագնահատել ղեկավարների անձնական կապերը` ի հակադրություն օբյեկտիվ իրականության։ Սա կարող է, ամենայն հավանականությամբ, այն դեպքը լինել, երբ Թրամփի աշխատակազմը Ղրիմի ապօրինի բռնակցումը Ռուսաստանին չի դարձնի լուրջ խոչընդոտ Ռուսաստանի հետ այլ հարցերում բանակցությունների համար, ինչպես արեց Օբամայի աշխատակազմը։ Գրեթե համոզված կարող եմ նշել, որ հաշվի առնելով ուժերի դասավորվածությունը Վաշինգտոնում և Կոնգրեսի հանրապետականների մեծամասնության վերաբերմունքը, նախագահ Թրամփը երբևէ պաշտոնապես չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին։

Սա ավելի պակաս նյարդայնացնող կետ կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում, բայց նրանք, ովքեր ակնկալում են, որ Թրամփը կասի, որ Ղրիմը Ռուսաստանի մասն է, կսխալվեն, քանի որ ես չեմ սպասում, որ նման բան տեղի ունենա։ Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ես կարծում եմ, որ մենք կտեսնենք պատժամիջոցների մեղմացում, բայց ոչ` վերացում։ Կան մի շարք իրողություններ, որոնք թույլ չեն տալիս նախագահին` նույնիսկ Թրամփին, մեկ գիշերվա ընթացքում չեղարկել պատժամիջոցները միայն այն պատճառով, որ նա ավելի դրական է վերաբերվում Պուտինին, քան Օբաման։

Մարդիկ պետք է կենտրոնանան մեկ այլ հարցի վրա, եթե Թրամփն իրականացնի այն քաղաքականությունը, որի մասին խոսել էր, խոսքն ԱՄՆ-ի արդյունաբերության մոդեռնիզացման մասին է, ինչը ենթադրում է անսահմանափակ նավթի և էներգիայի արտադրություն ԱՄՆ-ում, սա կաշխատի Ռուսաստանի դեմ ավելի բացասականորեն, քան պատժամիջոցների ռեժիմն է արել այս ընթացքում։

Առաջինը` եթե որոշում կայացվի մեծացնել էներգիայի արտադրության ծավալները, նավթի գինը կիջնի, եթե դա իջնի մինչև 20 դոլար մեկ բարելի դիմաց, ապա պարոն Պուտինը վատ դրության մեջ կհայտնվի։ Երկրորդ` եթե ԱՄՆ-ը դառնա ավելի մեկուսացված երկիր, ինչը Պուտինին կգոհացնի, այսինքն` ԱՄՆ-Եվրոպա կապերի թուլացում, դրա հետևանքն այն կլինի, որ գումարները զարգացող շուկաներից դուրս կգան։ Երրորդ` եթե Թրամփին հաջողվի իրականացնել հանրային մասսայական աշխատատեղերի ծրագիրը, դա կհանգեցնի ինֆլյացիայի, և յուրաքանչյուրը, ով գումար ունի ներդրումների համար, կարող է դրանք դնել ԱՄՆ բանկերում և շահել, քան ներդնելով Ռուսաստանում։ Թրամփի աշխատակազմի օբյեկտիվ քաղաքականությունը լրջորեն կաշխատի Ռուսաստանի դեմ չնայած` անձերի միջև դրական զգացմունքներ կան։

– Կրկին վերադառնալով Կովկասին, ճշտեմ` Դուք կարծում եք, որ Թրամփի նախագահությունը հարմար շրջա՞ն կլինի Ռուսաստանի և Ադրբեջանի համար` կարգավորելու ԼՂ հակամարտությունը` ի օգուտ Ադրբեջանի, քանի որ հիմնավոր կարծիքներ կան այն մասին, որ Ռուսաստանը փորձում է գրավել Ադրբեջանին, միացնել ԵՏՄ-ին։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում լավագույնս արտահայտվել է ադրբեջանցի մեկնաբաններից մեկի կողմից, որ Ադրբեջանը գինն է։ Եթե ավելի լայն համագործակցություն սկսվի Բաքվի և Մոսկվայի միջև, ապա ես ակնկալում եմ, որ ռուսները կթեքվեն դեպի Բաքու, և կարծում եմ, որ դա կարող է հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վրա։

Բայց ես չեմ սպասում բեկում, քանի որ կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական ուղեծրում է։ Բայց իրականում երկաթուղու բացումը, որը Ռուսաստանը կմիացնի Իրանին, կապելով Ադրբեջանը, նախագահ Ալիևի հայտարարությունները Մոսկվայի հետ համագործակցության մասին, կմերձեցնի Կրեմլին ու Բաքվին։ Եթե դա տեղի ունենա, Հայաստանը կմեկուսանա, որն էլ իր հերթին` կանդրադառնա բանակցությունների վրա։ Բայց կրկին, ես չեմ ակնկալում դրամատիկ բեկում առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս