«Երբ Թրամփի աշխատակազմը հայացք ուղղի դեպի Ղարաբաղ, դա ձեռնտու չի լինի Երևանին, Բաքվին և Մոսկվային»

168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը

Պարոն Տրոֆիմչուկ, ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվ աշխատեցին, տեղի ունեցան նախագահական գագաթաժողովներ Վիեննայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգում, որից հետո բանակցային գործընթացը կրկին հայտնվեց փակուղում։  Ավելին, նոյեմբերի 10-ից սկսած ադրբեջանական կողմը սկսել է կրակահերթերը շփման գծի որոշ հատվածներում։ Ինչո՞ւ իրավիճակը կրկին հայտնվեց փակուղում, և արժե՞ արդյոք ակնկալել լայնածավալ ռազմական գործողություններ։

– Իրավիճակն անխուսափելիորեն փակուղում էր հայտնվելու, քանի որ բանակցային գործընթացը, որը սկսվել էր ապրիլյան պատերազմից հետո, ինչպես մենք բոլորս հիշում ենք, միայն ժամանակավոր միջոցառում էր՝ կայուն հրադադարին ընդառաջ։ Այս բանակցային գործընթացի ժամանակ պետք է երևակվեին կոնկրետ լուծումները, որոնք, ի դեպ, Բաքուն էր պնդում։ Այնինչ, արդեն նոյեմբերն է, բայց իրավիճակը նույն այն փուլում է, ինչ ապրիլի 6-ին։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների արդյունքում որևէ խնդիր  չի լուծվել, մասնավորապես՝ հստակություն չկա այն հարցի վերաբերյալ, թե որ կողմն է որ կողմին հարձակման ենթարկել, ով է պատասխանատվություն կրում զոհերի և տնտեսական կորուստների համար։ Խնդիրների այս ամբողջությունը  նախանշում է իրավիճակի նոր սրում։ Հավելյալ լարվածություն է առաջանում  նաև՝ պայմանավորված այն դադարով, որը ձևավորվել է Սպիտակ տանը նախագահի փոփոխությամբ, ինչն ինքնաբերաբար ԱՄՆ-ին մղում է կենտրոնանալ  սեփական խնդիրների լուծման վրա։ Ավելին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ակտիվության նկատմամբ հետաքրքրված  շատերին թվում է, որ ամեն ինչ ինքն իրեն հարթվել է։  Եթե Երևանի, Բաքվի, Մոսկվայի բարձրաստիճան չինովնիկներն  այսօր ևս հանդիպեին այնպիսի ինտենսիվությամբ, ինչ ապրիլ ամսին, դա կհեռացներ պատերազմի սպառնալիքը։ Բայց ներկայումս Բաքվին թվում է, որ բանակցային նոր փուլի հաշվին իրեն  հերթական անգամ խաբել են, և, որ այս պաուզան թույլ է տվել էականորեն ամրապնդել ՀՀ բանակը, որն ակնհայտորեն այսօր ավելի ուժեղ է, քան 2016թ. ապրիլի 1-ին։

Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են համաձայնեցված աշխատում համանախագահ երկրները բանակցային գործընթացում, քանի որ վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարն ասել էր, որ Ռուսաստանի նախաձեռնության էությունն այն է, որ «հայերը պետք է դուրս գան 5 շրջաններից», իսկ ԱՄՆ-ը, որպես բանաձև՝ առաջարկում է «կարգավիճակ՝ տարածքների փոխարեն»։ Սա չի՞ նշանակում, որ կան էական տարբերություններ մոտեցումներում։

– Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնվում է օդից կախված կարգավիճակում, քանի որ բոլորը սպասում են Սպիտակ տան նոր տիրոջը, իսկ չբարձրաձայնվող կանոնի համաձայն՝ համարյա թե ողջ աշխարհի «տիրոջը»։  Հենց այս պատճառով էլ համաձայնեցվածության մասին խոսելու կարիք չի լինում։ Ինչ վերաբերում է սկզբի համար «5 օկուպացված շրջանների վերադարձին», ապա այդ թեզը փորձում են կապել Ռուսաստանի հետ այն ժամանակ, երբ ինքը երբևէ այդ մասին չի հայտարարել։  Դրանով ստեղծվում է Հայաստանին ճնշելու մթնոլորտ, որին համարյա թե համոզել են, անհիմն կերպով, որ Մոսկվան իրեն շուտով դավաճանելու է, քանի որ իբրև թե անհանգստացած է այդ «հինգ շրջաններն» Ադրբեջանին «վերադարձնելու» հարցով, որպեսզի հանդարտեցնի նրան։ Իրականում նման ծրագրեր չկան, ինչպես և սկզբունքորեն չկա որևէ հստակություն։  Կա միայն ցանկություն՝ վերադարձնել խնդիրը քիչ թե շատ հանգիստ փուլի ֆորմալ բանակցությունների հաշվին։ ԱՄՆ-ը այս հարցում սեփական դիրքորոշումն ունի, բայց այդ դիրքորոշումն այլևս կապված է գնացող աշխատակազմի հետ։ Ընդհանուր առմամբ Արևմուտքի դիրքորոշումը, իմ կարծիքով, այն է, որպեսզի Ղարաբաղին տրվի Հարավային Կովկասում նոր պետության կարգավիճակ՝ միաժամանակ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի նկատմամբ վերահսկողություն ստանալու նպատակով։ Ի դեպ, Ղարաբաղի հայտարարությունն «Արցախի Հանրապետություն» վերանվանվելու մասին ամբողջությամբ տեղավորվում է այդ ծրագրերում, քանի որ նման անվանումն  ավտոմատ կերպով  ազատում է վիճելի տարածքը վերջին ադրբեջանական արմատներից, որոնք առկա էին ԼՂՀ  և ԼՂԻՄ հապավումներում։ Ղարաբաղը վերանվանելու որոշումը  ևս լուրջ սադրիչ քայլ էր Բաքվի տեսանկյունից, քանի որ այս իրադարձությունները տեղի են ունենում, հիշեցնեմ ևս մեկ անգամ, ապրիլի սկզբին հայտարարված ժամանակավոր հրադադարի ընթացքում։  Այնինչ նոր անվանումը ներառված չէ ոչ վիեննական, ոչ պետերբուրգյան հռչակագրերում։ Միևնույն ժամանակ, նոր անվանումով հանրապետության հայտը խոսում է այն մասին, որ Ղարաբաղը հավակնում է բանակցային գործընթացում կողմ դառնալու  լիարժեք դերակատարությանը։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքեր չկան, քանի որ կողմերը պատրաստ չեն դրան, Ադրբեջանի նախագահը հարցազրույց տվեց Դմիտրի Կիսելյովին՝ չբացառելով Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին։  Մի շարք հայ փորձագետներ կարծում են, որ եթե նրա այս դիվանագիտական ակնարկը  պարզեցնեն, կստացվի գործարքի առաջարկ. «կհամաձայնենք՝ նայած թե ինչ կստանանք դրա փոխարեն»։ Որքանո՞վ է իրատեսական նման գործարք Բաքվի և Մոսկվայի միջև։  

Տեսականորեն ԵՏՄ-ի հետ Ադրբեջանի  մերձեցման հավանականություն կա։ Դրանում որևէ արտասովոր բան չկա, քանի  որ արևելյան ուղղությամբ շարժ Բաքուն սկսել էր  Շանհայի համագործակցության կազմակերպությունում իր ավելի ամուր կարգավիճակով։ Բացի դրանից, Բաքու-Արևմուտք հարաբերությունները ներկայումս բավականին լարված բնույթ են կրում, որը ևս Ադրբեջանին  մղում է հակադիր՝ եվրասիական, ուղղությամբ։ Բայց Ադրբեջանի  ԵՏՄ անդամակցության գլխավոր խնդիրը Ղարաբաղն է։ Հենց այդ  պատճառով էլ Բաքուն արդեն ներկայումս ազդանշաններ է տալիս Մոսկվային այն մասին, որ պատրաստ է դիտարկել եվրասիական ինտեգրացիայի հարցը միայն նախապես Ղարաբաղի շուրջ հստակության դեպքում։ Բաքուն նույնիսկ պատրաստ է կոմպրոմիսի,  որի կոչն  էր անում ՌԴ նախագահը, և հայտարարում է, թե համաձայն է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավար կարգավիճակին։

Հիմա հերթը Մոսկվայինն է։ Ամեն դեպքում, Ադրբեջանի նախագահն այս թեմայի շուրջ Մոսկվայից հստակ մեկնաբանություն է ակնկալում։  Ի դեպ, Վաշինգտոնը համոզված է, որ այս հարցի շուրջ գործարքներ չեն լինելու, քանի որ այստեղ  կա նաև Հայաստանը, որը բացարձակապես հակադիր դիրքորոշում ունի Ղարաբաղի վերաինտեգրացիայի հարցի վերաբերյալ։ Ուստի, եթե սկսվի Ադրբեջանի շարժը ԵՏՄ ուղղությամբ, ապա միաժամանակ կարող է սկսվել Հայաստանի շարժը ԵՏՄ-ից դուրս՝ նույն Արևմուտքի օգնությամբ։

Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է դուրս գալ բանակցային փակուղուց՝ ստիպելով Ադրբեջանին կատարել վիեննական և պետերբուրգյան պայմանավորվածությունները։

– Իմ կարծիքով՝  այդ փակուղուց դուրս գալ այլևս չի հաջողվի։ Միակ տարբերակը երեք երկրների միությունն է՝ ՌԴ, ՀՀ, ԱՀ բոլորովին նոր ինտեգրացիոն միությունում, քանի որ նույնիսկ ԵՏՄ-ի շրջանակներում դա անել չի հաջողվի։ ԵՏՄ-ն քաղաքականությամբ  չի զբաղվում,  առավել ևս՝ նման տարածքային հակամարտությամբ, ինչպիսին Ղարաբաղն է, ԵՏՄ-ն զբաղվում է տնտեսությամբ։  Բանակցային փակուղուց հնարավոր է դուրս գալ միայն ժամանակավորապես բանակցային գործընթացն ինտենսիվության  այնպիսի մակարդակի բարձրացնելով, ինչպես ապրիլի սկզբին էր։ Բայց վերսկսված ակտիվ քննարկումների մի քանի ամիսների ընթացքում՝ ամեն դեպքում գտնել և ձևակերպել պրակտիկ լուծումներ։  Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացի տեմպի անկումից հետո շատերն արդեն չեն էլ հիշում, թե կոնկրետ ինչ էր առաջարկվել կողմերին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։  Փաստորեն, ամեն ինչ պետք է սկսել նորից, բայց քիչ հավանական է, որ նյարդերը դրան կարողանան դիմակայել։ Ադրբեջանն արդեն չի կարողանում վերահսկել իր նյարդերը, և նա դա չի թաքցնում։ Նկատեմ նաև, որ Բաքուն որոշակիորեն փոխել է հայերի նկատմամբ վերաբերմունքը՝ սկսելով գրավել մի շարք հասարակական գործիչների իր կողմ։  Քաղաքական տեսանկյունից սա բավականին  արտասովոր քայլ է Ադրբեջանի կողմից, քանի որ նախկինում նկատվում էր բացարձակ անհանդուրժողականություն, եթե նույնիսկ Հայաստանը  հայերի տվյալ խմբին չի համարում արժանի «նյութ»։ Այսինքն՝ տակտիկական որոշակի փոփոխություններ տեսանելի են։

ԱՄՆ-ում նախագահ փոխվեց։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ քաղաքականություն կարելի է ակնկալել Թրամփից Հարավային Կովկասի, ԼՂ հակամարտության և Ռուսաստանի նկատմամբ, հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ռուսաստանում բավականին մեծ ոգևորություն է նկատվում  ամերիկյան  ընտրություններից հետո։

– Հարավային Կովկասի, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ ընդհանուր տակտիկական գիծն անփոփոխ կմնա, ինչպեսև Ուկրաինայի և Եվրամիության դեպքում։  Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ուղիղ կերպով հայտարարեց, որ իրեն անհրաժեշտ է իրապես ուժեղ Ամերիկա, որի առջև իր գործընկերները յուրաքանչյուր դոլարի համար պետք է հաշվետու լինեն։ Եթե ավելի պարզ ասեմ, ապա որևէ մեկին հենց այնպես «կերակրել» որևէ մեկը չի պատրաստվում։  Այն խնդիրները, որոնք հնարավոր կլինի լուծել տարածաշրջանում տնտեսական ճնշումների հաշվին, լուծվելու են հենց այդ ճանապարհով, քանի որ նման մոտեցումը մոտ է Թրամփին՝ որպես բիզնեսմեն։  Ռուսաստանին, իմ համոզմամբ, պետք չէր այդքան ակտիվությամբ մտնել ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթաց, քանի որ փաստ չէ, որ Թրամփը  վերջնարդյունքում և մի շարք առանցքային հարցերում  կլինի ավելի պարզ ու դրական, քան Հիլարի Քլինթոնը կլիներ։ Ընդհակառակը, բիզնեսմենը հակված է  իրավիճակը լուծել ուժի գործադրմամբ այնտեղ, որտեղ քաղաքական գործիչը նախընտրում է ճկունությունը։ Ներկայումս Ղարաբաղը դեռևս մաքսիմալ կերպով հեռու է նոր աշխատակազմի տեսադաշտից, բայց երբ նա ամեն դեպքում հայացք ուղղի դեպի Ղարաբաղ, ապա դա, ամենայն հավանականությամբ,  ձեռնտու չի լինի Երևանին, Բաքվին և Մոսկվային։

Այնուամենայնիվ, դրա հետ հույսեր կապելը տարօրինակ  կլիներ, առավել ևս, որ ընտրություններից հետո  նկատվում է նաև հայկական լոբբիի որոշակի թուլացում ԱՄՆ-ում։  Մյուս կողմից՝ նոր աշխատակազմի ղեկավարությունը կնախընտրեր, որպեսզի իրեն վճարեին, և ոչ թե՝ ինքը որևէ մեկին։  Ուստի և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կարող են ներկայումս փորձել «գնել» Ղարաբաղը Վաշինգտոնում։

Տեսանյութեր

Լրահոս