«Ապրիլի 1-ին զանգահարել է, դասի եմ եղել, չեմ լսել զանգը ու չեմ կարողացել պատասխանել. սրտիս ահավոր դարդ է եղել». պատմում է Ռոբերտ Աբաջյանի տատիկը
Նոյեմբերի 16-ն ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Ռոբերտի մոր՝ Աննա Աբաջյանի խոսքով՝ որդին սիրում էր ծննդյան տարեդարձը, սիրում էր ուրախանալ: Այսօր ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ որդին իր համար միշտ էլ հերոս է եղել. «Ռոբերտը մարդասեր էր, բարեկամասեր, ընկերասեր, հենց դա էլ հանգեցրեց այդ քայլին»:
Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով ռուսաց լեզու է դասավանդել թոռանն ու եղել նաև նրա դասղեկը, լրագրողներին պատմեց, որ շատ խիստ է եղել բոլոր թոռների, նաև՝ Ռոբերտի նկատմամբ. «Միշտ ուզել եմ, որ նրանց մասին միայն լավը խոսեն: Շատ բան էինք պահանջում երեխայից: Որ նա հայրենասեր է, ընկերասեր ու իր խոսքի տերն է, իհարկե, գիտեինք, բայց ինձ հարցնում են՝ դուք պատկերացնո՞ւմ էիք, որ նա կարող է այդպիսի բան անել. ինձ թվում էր, որ նռնակ պայթեցնելը մնացել է 1941-45թթ., և դրանից հետո այդպիսի բան ոչ լսել էի, ոչ պատկերացնում էի՝ 21-րդ դարում զինվորը պետք է նռնակ պայթեցնի, որ և՛ գերի չընկնի, և՛ հետը թշնամուն տանի… չեմ պատկերացրել: Մենք թերահավատորեն էինք վերաբերվում մեր երիտասարդներին, բայց պարզվեց, որ նրանք իսկական հայ են, որովհետև հայի արյան մեջ է դա»:
Ռոբերտի հետ Անահիտ Ռոբերտովնան վերջին անգամ մարտի 31-ին է խոսել. «Ապրիլի 1-ին զանգահարել է, դասի եմ եղել, չեմ լսել զանգը ու չեմ կարողացել պատասխանել. սրտիս ահավոր դարդ է եղել: Հիմա համարն էլ հեռախոսիս մեջ է, չեմ կարող այդ համարը հեռացնել, ձեռքս չի գնում: Շատ ավելի ծանր է, շատ եմ հուզվում, ինձ թվում էր՝ որ գործի գնամ, մի քիչ կկարողանամ…. Բայց դա էլ չի փրկում: Մի քանի ամսից Ռոբերտը պետք է վերադառնար բանակից, դեռ հաշվում ենք, որ նա բանակում է, ծառայության մեջ է, բայց հունվարին կլրանա նրա ծառայությունը, ու շատ դժվար է լինելու»:
Լրագրող և Ռոբերտի ընկեր Ալիսա Չիլինգարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց Ռոբերտի դպրոցական տարիների հետաքրքիր դրվագներից մի քանիսի մասին: «Իմ ու Ռոբերտի դասարանները կողք կողքի էին, իսկ Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Ռոբերտովնան, իմ ռուսերենի ուսուցչուհին է եղել: Ռոբերտը շատ աշխույժ էր. դպրոցի մի ծայրից մյուսն էր վազում, ու քանի որ շատ սպիտակամաշկ էր, քրտնում էր, կարմրում: Մի անգամ կռիվ էին արել, թե ինչ, վազելով եկավ ու գոռաց՝ Ալիս, հասիր, տատիկը գալիս է, բայց ես ի՞նչ կարող էի անել, ասացի՝ արագ գնա լվացվիր, քանի տատիկդ չի եկել: Անահիտ Ռոբերտովնան շատ էր խոսում նրա վրա: Ռոբերտը եկավ մեր դասարան, մեզ հետ դասի նստեց, Անահիտ Ռոբերտովնան դուռը բացեց ու ասաց՝ արի, անցի դասի, ես գիտեմ, որ այստեղ ես»,- հիշում է Ալիսան:
Նա նաև նշեց, որ Ռոբերտի մեծ եղբայրը՝ Ռուբենը, իր զուգահեռ դասարանից է եղել, բայց քանի որ դասարաններով հաշտ չեն եղել, Ռուբենին էլ չի սիրել. «Մի օր ասացի՝ Ռոբերտ, դու ու Ռուբենն ինչ տարբեր եք իրարից, ոնց որ լրիվ տարբեր մարդիկ լինեք, Ռուբենին չեմ սիրում: Ռոբերտն էլ թե՝ Ալիս, իմ խաթր մի քիչ սիրիր, էլի, իմ ախպերն ա…»:
Իսկ Ռոբերտի պապը՝ Գևորգ Աբաջյանը, նշեց, որ թոռը հանձնարարված գործը երբեք կիսատ չէր թողնում. «Միշտ աշխատում էր կատարել այնպես, որ գոհ մնայինք, ու պատահական չէ, որ հարցուփորձի ժամանակ զորամասում ասել էին, որ իր ջոկը միակն է, որ ճաշարան շարքով ու երգելով է գնում: Իր պատասխանատվությունը, խառնվածքը հանգեցրին նրան, որ գնաց այդ քայլին»:
Ռոբերտի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը, որդուն միշտ ուրախ է հիշում. «Ինքը մեզ հետ է, մեր կողքին: Շատ ուրախ էր, հումորով, աշխույժ, մի բան կամ երկու բան չէ, որ ասեմ, բոլոր լավ գծերը բնորոշ էին նրան: Ես ու նա ընկերներ էինք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: