Հրանտ Բագրատյանի հաշվարկներով՝ 170-ից ավելի զոհի կամ վիրավորի դեպքում 1000 դրամների հավաքագրումը քիչ կլինի. նա «սիստեմատիկ» լուծում է առաջարկում

«Ես կարծում եմ, որ մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված, առողջությունը կորցրած ընկերների հարցը պետք է լուծենք նաև կենդանի զինվորների հարցի հետ միասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

«Ես կարծում եմ, որ  մենք արդեն սկսել ենք սիրել և ավելի շատ հարգել զոհվածներին, քան, երբ նրանք կենդանի են։ Նույնիսկ, երբ հերոսին մեդալ ենք տալիս,  մի քիչ խուսափում ենք կենդանի մարդկանց տալ. 1990-ականների և ապրիլյան իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ դա սխալ մոտեցում է։ Սա Սովետական Միությունը չէ, ժամանակն է, որ զինվորին դրա համար տրվի լիարժեք աշխատավարձ»,- նշեց պատգամավորը։

Հ. Բագրատյանի խոսքով՝ եթե մենք զինվորներին տալիս ենք նվազագույն աշխատավարձ, մեզ անհրաժեշտ է տարեկան լրացուցիչ 30 միլիարդ դրամ, իսկ եթե մենք ուզում ենք միջին աշխատավարձ տալ՝ 170 հազար դրամ, պետք է 80 միլիարդ դրամ. «Դրանից հետո մենք նաև պետք է լուծենք այն զինվոների հարցը, որոնք արյուն են տվել կամ առողջություն են կորցրել։  Ինչպե՞ս պետք է լուծել այդ հարցը։ Պետք չէ ասել, որ բյուջեում այդ փողերը չկան։ Հանրապետությունը պղինձն ու մոլիբդենն արտահանում է  օֆշորներ, օֆշորներից ծախում է իրական գնով։ Պղինձն արտահանվում է օֆշոր, ասենք, 2000 դոլար,  այնտեղից վաճառում է 4-4.5, 5-5.5 հազար դոլար։ Բոլորը դրա մասին գիտեն, այդ փողի տեղը գիտեն։ Կամ մենք ասում են՝ բարձրացրեք գույքահարկը, սա էլ կլինի 20 միլիարդ։ Ինչո՞ւ պետք է Ազգային ժողովը 53 մեքենա ունենա, այն 5-6 մեքենա պետք է ունենա, մեկը՝ Ազգային ժողովի նախագահը, մի երկու հատ էլ մյուսներին սպասարկելու համար։ Ինչո՞ւ պետք է Կենտրոնական բանկում 20 տարում 250-300 հազար դրամից հաստիքը դառնա 820 հազար դրամ։ Կամ ինչո՞ւ պետք է ավելի քան երկու անգամ ավելանա կառավարությունը։ Սա այն դեպքն է, երբ կարելի է կրճատել։ Այս ձևով վերաբաշխեք»։

Խոսելով այն մասին, թե, այնումենայնիվ, ո՞րն է ճիշտ լուծումը, եթե պատերազմում կան զոհեր կամ վիրավորներ՝ Հ. Բագրատյանը նշեց, որ կարող էին իրենցից հարցնել.

«Պետք է լինի, որ եկամտահարկը 23 տոկոս է՝ պլյուս-մինուս 2- 3 տոկոս, որը կառավարությունն ամեն անգամ բյուջեն հաստատելիս նկատի ունենա։ Ահա ձեզ լուծում, և ոչ ոք չէր կարող ասել՝ սա սխալ լուծում է։ Սա պատերազմող երկրի համար սիստեմատիկ լուծում է։ Հիմա ձեր լուծումը՝ 1000 դրամ, սա ինձ համար անհասկանալի է, 1000 դրամը 4-5 միլիարդ է։ Իմ հաշվարկով՝ եթե ունենք մինչև 150-170 վիրավոր կամ զոհված, սա հերիք է, իսկ եթե ունենք 300, իսկ եթե կրկնվում է 1992 թվականինը՝ 2000 և ավելի, սա արդեն 4-5 անգամ պակաս է։  Այսպիսի՞ լուծում եք տալիս։ Էն ժամանակ էլ նոր օրենք ենք ընդունում՝ 1000 դրամը դարձնում ենք 2000 դրա՞մ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930