Ինչո՞ւ Պուտինը զոհաբերեց իր էկոնոմիկայի նախարարին. Bloomberg View
Վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բավական հետևողականորեն ու հստակ կերպով հասկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ապահովագրված չեն կոռուպցիայի մեղադրանքներից, գրում է Bloomberg View-ի տեսաբան Լեոնիդ Բերշիդսկին։
Եվ այնուամենայնիվ, նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կալանավորումն առանձնանում է ընդհանուր շարքից։ Ուլյուկաևի հետ կապված պատմությունը ստիպում է կասկածներ ունենալ թե՛ Պուտինի տնտեսական թիմի, թե՛ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի ապագայի նկատմամբ։
Բերշիդսկու կարծիքով՝ Ղրիմի բռնակցումից և նավթի գնանկումից հետո Պուտինին սկսեց դուր չգալ 21-րդ դարի առաջին տասնամյակի ԽԾԲ կապիտալիզմը (կամ Պուտինը այլևս չի կարող այն պահել՝ առանց իրեն անհարմարություններ պատճառելու) և հիմա ցանկանում է, որ երկիրը ռազմականանա, տարվի հայրենասիրական ոգով և դիմի շրջանաձև պաշտպանության։
«Որպեսզի ազդարարեր փոփոխությունների մասին՝ Պուտինին անհրաժեշտ էին կոռուպցիայի խոշոր հետաքննություններ»,- շարունակում է հեղինակը։
Սակայն, ըստ նրա, Պուտինը չի սպառնացել կառավարությունում և ԿԲ-ում տնտեսական թիմին, քանի որ Ռուսաստանը կարիք ունի տնտեսության կոմպետենտ ղեկավարման։
Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերն անհնար է բարձրացնել առանց կառուցվածքային բարեփոխումների, իսկ Ուլյուկաևն այն քչերից է, որ ունի փորձ, գիտելիք և դիմացկունություն՝ փոփոխություններ իրականացնելու համար կամ դիմանալու ճնշմանը՝ դրանց անհնարինության դեպքում։
Բերշիդսկին նաև գրում է, որ թեև քննիչները չեն մեղադրել «Ռոսնեֆտին» և Սեչինին հակաօրինական գործողությունների մեջ, ըստ իր աղբյուրների, վերջնական թիրախը, հնարավոր է, Սեչինն է։
«Նրա անդադրում փորձերը՝ ազգայնացնել նավթային արդյունաբերությունը, վաղուց անհանգստացնում է անկախ նավթարդյունահանող ընկերություններին, որոնցից խոշորագույնը «Լուկօյլն» է։ Ուլյուկաևի կալանավորման մեջ կա ինչ-որ տրամաբանություն, եթե դա քայլ է Սեչինի շնորհազրկման ուղղությամբ։
Սակայն պուտինյան «նավթային ցարը» չի հեռանա առանց մարտի։ Եթե Սեչինը հաղթի և պահպանի վերահսկողությունը «Ռոսնեֆտի» նկատմամբ, ապա Պուտինի համաձայնությունը Ուլյուկաևին կալանավորելու վերաբերյալ, հնարավոր է, միայն թուլացնի նրա տնտեսական թիմը»,- գրում է հոդվածագիրը։