«Այս փուլում նման կոսմետիկ քայլեր լինելու են, բայց գնահատականը տալու է ընտրողը»

«Եթե ասում ենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնն այլևս քաղաքական է, մենք կարող ենք պահանջել, որ շտաբի պետը և մյուսները չլինեն որևէ կուսակցության անդամ, ինչը նորմալ է: Իսկ քաղաքակիրթ աշխարհում, եթե դա քաղաքական պաշտոն է, ապա քաղաքական պաշտոնին կարող է նշանակվել կուսակության ներկայացուցիչը: Այնպես որ, այդ առումով այդտեղ հակասություն չկա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, որ առաջիկա օրերին կդիմի ՀՀԿ-ին անդամակցելու համար:

Ըստ Ա.Արզումանյանի` եթե լիներ նախկին Սահմանադրությամբ, երբ պաշտպանության նախարարը նաև ռազմական գործիչ է, որը ղեկավարում է բանակի առօրյան, և գլխավոր շտաբի պետն իր հետ համատեղ իրականացնում է բանակի կառավարումը, ապա այդ մտահոգությունը տեղին կլիներ:

ՀՀ կառավարության անդամները` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ըստ ամենայնի, նույնպես առաջիկայում կանդամակցեն ՀՀԿ-ին, ուստի Ա.Արզումանյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ այս դեպքում և՞ս խնդիր չկա: Ի պատասխան՝ նա ասաց, որ կա քաղաքակիրթ աշխարհի փորձ, երբ կուսակցությունը, որը հաղթում է ընտրություններում կամ ձևավորվում է կոալիցիա, համապատասխան համամասնությամբ նշանակում է իր կուսակցական գործիչներին այդ պաշտոններին. «Կուսակցությունը նախընտրական փուլում, օրինակ` Մեծ Բրիտանիայում, դու գիտես, թե հաղթանակի դեպքում որ գործիչը որ պաշտոնը կզբաղեցնի: Դա նորմալ կուսակցական քաղաքական գործունեություն է: Մեզանում դա դեռևս նորմալ չի ընկալվում, որովհետև մենք նշանակում ենք մարդուն և հանձնարարում, որ դառնա կուսակցական, ոչ թե կուսակցության գործիչն աճում-դառնում է: Այդ տարբերությունն է, որ տարիների ընթացքում կշտկվի»:

Հարցին, թե արդյոք հնարավոր կլինի՞ մինչ ընտրությունները ՀՀԿ-ի դեմքը փրկել, պատգամավորը պատասխանեց, որ հարցը սխալ հասցեատիրոջ է ուղղված. «Հասարակությունը պետք է գնահատականը տա: Ցանկացած մարդ փորձում է իր դեմքը փոխել, բայց ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա: Այս փուլում նման կոսմետիկ քայլեր լինելու են, բայց գնահատականը տալու է ընտրողը»:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, որ այսինքն` խորքային բարեփոխում սպասել այնուամենայնիվ չարժի՞, Ա.Արզումանյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել: Այս 6 ամսվա ընթացքում կա կոնկրետ լուծելու խնդիր: Եթե այդ ընթացքում կլինեն դրական զարգացումներ, որ հասարակության կողմից լավ կընկալվի, վստահ եմ, որ հնարավորություն կտրվի շարունակելու: Եթե ոչ, կվերադառնանք ի շրջանս յուր և կշարունակենք նույն ոգով: Բայց ոնց որ ապրիլյան պատերազմը և «Սասնա ծռերի» գործունեությունը հստակ պատգամ էր իշխանություններին, որ ժողովուրդն այլևս չի ուզում հանդուրժել նման վերաբերմունքը: Այնպես որ, բաղադրիչները միմյանց հետ կաշխատեն ինչ-որ ռեալ փոփոխությունների ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս