«Թրամփի աշխատակազմն ավելի քիչ ուշադրություն կհատկացնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը». Փոլ Գոբլ
«Վաշինգտոնն ավելի քիչ ուշադրություն է հատկացնելու Հարավային Կովկասին բարձր մակարդակով, քան նախկինում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
Հիշեցնենք, որ Փոլ Գոբլը երկար տարիներ աշխատել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությանը կից Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում` որպես խորհրդական և հետազոտությունների տնօրեն:
Հարցին, թե ի՞նչ պետք է ակնկալել Թրամփի աշխատակազմի հարավկովկասյան քաղաքականությունից, և որքանո՞վ է ճիշտ ամերիկյան քաղաքական գործիչներին տարանջատել հանրապետականների և դեմոկրատների միջև, երբ խոսքն ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին է, Գոբլը պատասխանեց, որ ամենակարևորը, ինչ պետք է հասկանալ, առայժմ այն է, որ Վաշինգտոնն ավելի քիչ ուշադրություն կհատկացնի Հարավային Կովկասին, քան նախկինում։
Նրա որակմամբ՝ սա լինելու է այն ուղղությունը, որը տնօրինելու են ավելի ցածրաստիճան պաշտոնյաները, քան բարձրաստիճանները։
«Հետևաբար, ամենայն հավանականությամբ, չեն լինի դրամատիկ փոփոխություններ, ինչպես շատերն ակնկալում են։ Ժամանակի ընթացքում սա, հնարավոր է, փոխվի՝ հատկապես, եթե տեղի ունենան աշխարհաքաղաքական վերադասավորումներ, օրինակ՝ երբ Ադրբեջանն ավելի կարևոր դառնա Ռուսաստանի համար՝ որպես կամուրջ դեպի Իրան։
Բայց կարճաժամկետ ապագայի վերաբերյալ պատասխանը հետևյալն է՝ Վաշինգտոնն ավելի պակաս ուշադրություն է հատկացնելու Հարավային Կովկասին բարձր մակարդակով, քան նախկինում։ Իմ կարծիքով՝ հավանաբար ականատեսը կդառնանք ավելի պակաս ջանքերի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ։ Այն մարդիկ, ովքեր լրջորեն բացասական կամ դրական են տրամադրված, դեռ հակառակում են համոզվելու գոնե առաջիկա 12 ամիսների ընթացքում»,- նման համոզմունք հայտնեց ամերիկացի նախկին դիվանագետը։ Վերջինիս կարծիքով՝ Հարավային Կովկասի ուղղությամբ պակաս ուշադրության պատճառներն ակնհայտ են։
Ըստ Գոբլի՝ Թրամփի աշխատակազմն ավելի մեծ ուշադրության է արժանացնելու տեղական խնդիրները մոտ ապագայում, քան արտաքին քաղաքականությունը։
«Այն, ինչ մենք տեսել ենք մինչ այժմ, ցույց է տալիս, որ պարոն Թրամփն ավելի շատ, քան պարոն Օբաման, մեկն է, որը հավատում է, որ աշխարհը կառուցված է տարբեր ուժերի շուրջ, և ԱՄՆ-ը պետք է ուղիղ կերպով գործ ունենա աշխարհի հզոր, քան փոքր ուժերի հետ։ Սա հաշվի առնելով՝ ես ակնկալում եմ, որ Թրամփի աշխատակազմն ավելի շատ ուշադրություն կհատկացնի Մոսկվային, քան Օբամայի աշխատակազմը, և ավելի պակաս ուշադրություն՝ Ռուսաստանի հարևաններին։ Սա անպայմանորեն չի նշանակում, որ լինելու է մեծ փոփոխություն, բայց դա նշանակում է, որ նրանք, ովքեր ակնկալում են, որ Թրամփի աշխատակազմը կարձանագրի դրամատիկ փոփոխություններ արտաքին քաղաքականության հարցում, ամենայն հավանականությամբ, հակառակում կհամոզվեն»,- ասաց Գոբլը։