Զեկույցների քաղաքական տրամաբանությունը
Ակնկալելի էր, որ Եվրահանձնաժողովը Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության հարցով տարեկան իր զեկույցում խիստ շեշտադրումներ եւ ընդգծումներ վերապահած լիներ Անկարային: Ներթուրքական իրադարձությունները, մարդու իրավունքների ոտնահարումը, զինվորական «հեղաշրջման» փորձի դիմաց շարունակվող ձերբակալությունները, քրդամետ կուսակցության պատգամավորների անձեռնմխելիությունը չեղարկելն ու հետագա ձերբակալությունները կազմում են ստվար թղթածրար ԵՄ-ի անդամակցության արգելակման առումով:
Մի պահ լուսարձակի տակ առնենք հիմնական այն կետերը, որոնք Եվրահանձնաժողովը իր տարեկան զեկույցում հրապարակել է իբրեւ քննադատություն.
Ա.- Անկարան բացահայտ աջակցել է Բաքվին, ապրիլյան քառօրյա պատերազմին:
Բ.- Մատնանշել է թուրքական իշխանությունների խիստ եւ կանոնավոր արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Գ.- Անդրադարձել է Հրանտ Դինքի սպանության քրեական գործին, հայոց լեզվի դասավանդման կազմակերպման խոչընդոտներին, «Գորշ գայլ»-երի հայատյաց գործունեությանը:
Դ.- Նշել, որ Երեւան-Անկարա արձանագրությունները մնացել են չվավերացված:
Շատ ծանր ամբաստանություն է առաջին կետը. Անկարան իբրեւ «երրորդ կողմ», ոչ միայն զինադադարի հաստատման, կամ խաղաղության վերականգնման ուղղությամբ չի աշխատել, այլ ընդհակառակը` բացահայտորեն աջակցել է Ադրբեջանին: Բրյուսել-Անկարա հարաբերությունների հավելյալ լարվածության պահին այս մեղադրանքը կարող է շատ ավելի հեռուները գնալ, հասնելու համար նաեւ նախահարձակման մեջ դերակատար լինելու եւ մանավանդ ռազմական հանցագործություններին մեղսակից լինելու իրողությունների շեշտմանը:
Երկրորդը պարզ բնագրով մեկնաբանվում է այնպես, որ Անկարան շարունակել է ժխտողականության իր վարքագիծը, հակառակ դրան, որ ԵՄ-ի կազմի մեջ մտնող, նաեւ ղեկավարող հիմնական պետություններն Անկարային կոչ են արել իր սեփական պատմության հետ հաշվի նստելու: Այստեղ բնականաբար հատկապես նկատի կառնվեն Գերմանիայի որոշումն ու դրան հետեւած հիմնավորումները` հերթական անգամ համոզելով ԵՄ-Անկարա հարաբերությունների ներկա պահի թելադրած քաղաքական տրամաբանությանը հետեւող այս դիրքորոշումները:
«Գորշ գայլ»-երի ուղղությամբ կատարված ակնարկը պարզապես Թուրքիայում ծայրահեղականության, այլատյացության եւ ցեղապաշտ մոլուցքի ենթահողի մասին կարմիր թանաքով ընդգծում է եվրոպական բարձրագույն կառույցի կողմից` վերահաստատելու համար, որ Անկարան այսօր իր երկրում թույլատրում է եվրոպական արժեքներին ամենից սուր կերպով հակադրվող երեւույթների ծավալումը:
Նրբանկատ դիտարկման է արժանի արձանագրությունների բաժինը: Այստեղ պարզ է, որ Անկարան մեղադրվում է արձանագրությունները վավերացրած չլինելու հանցանքով: Բայց թե Եվրոպան ներկա պահին գերադասո՞ւմ է Անկարայի կողմից արձանագրությունների վավերացումը կամ առնվազն առաջադրո՞ւմ է նման քայլ. տարակուսելի է: Խնդիրը հայկական կողմի համար այն է, որ արձանագրությունների վավերացման հիշեցումը իբրեւ խաղաթղթերից մեկը պիտի շարունակվի արծարծվել, ամեն անգամ որ մերժողական ուղերձ պիտի հղվի Անկարային:
Եվրոպական քաղաքական տեսակետից դիտված ո՛չ ներթուրքական իրադարձությունները եւ ո՛չ էլ Երեւան-Անկարա հարաբերությունները գերակա խնդիրներ են Թուրքիայի` ԵՄ-ի անդամակցության համար, որքան դեպի Եվրոպա փախստականների ալիքի բարձրացումը եւ դրան առընթեր իբրեւ անմիջական հետեւանք տնտեսական ու անվտանգության հետեւանքները Եվրոպայի տարածքում:
Զեկուցույցների խստության ընդգծումը ուղղակի կապ ունի Բրյուսել-Անկարա հարաբերությունների ելեւէջների հետ, այդ պատճառով էլ խանդավառվելու առիթ պետք չէ փնտրել բավական խիստ այս զեկույցի հրապարակման մեջ: Այս տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի սեռային խտրականության, ցեղապաշտական, այլատյացության կամ կայսերապաշտական բնույթի շանտաժային հայտարարությունները` Եվրոպայի փակվող դռների դիմաց. նույնիսկ դեպի Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միություն դառնալու մտադրությունների բարձրաձայնումը:
Հայկական կողմի աշխատանքն ու քարոզչությունը Թուրքիայի հակաեվրոպական արժեքների դավանումը շեշտող, այս օրերին, մեծ ճիգեր չի պահանջում: Կարեւորը եվրոպական այս գնահատականների իրավական հետեւանք ունենալն է, ինչ որ քաղաքական տրամաբանությամբ ներկա պահին դեռեվս տեսանելի չէ:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր