Բաժիններ՝

«Ռոքֆելերը գլուխը պատին ա տվել՝ մեր բանակի գեներալիտետի և որոշ արտոնյալ սպայական անձնակազմի համեմատ». Նաիրա Զոհրաբյան

«Մենք քվեարկելու ենք կողմ, բայց մենք չենք կարող չխոսել վստահության գործակցի մասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ այսօր որևէ նախաձեռնության հանդեպ չկա հանրային վստահություն, ինչը, ըստ նրա, ողբերգություն է.

«Ես այս օրերին մտածում էի, որ, եթե այդ հոգաբարձուների խորհուրդը կազմված լիներ ինչ-որ անվանի մտավորականներից, ինչ-որ հանրային վստահություն ունեցող մարդկանցից, և ինձ համար պարզեցի մի դառը ճշմարտություն՝ չվարկաբեկված մտավորականներ էլ գրեթե չենք թողել, բոլորին գնել են, վարկաբեկել են, դարձրել են պալատական գրչակ»։

Նա հայտարարեց, որ իրենք աջակցելու ենք նախագծին, բայց որևէ մեկն իրավունք չունի իրենց «բերանը փակելու» ու ասելու, որ իրավունք չունեն խոսելու բանակում առկա և ընդհանրապես կոռուպցիոն երևույթների և թալանի մասին։

«Պարոն Նահապետյանն ասում է՝ օրինակներով խոսեք։ Օրինակներ գրվել են՝ գոմեշի մսի էպոպեան՝ մեկ, գնացե՛ք Վահագնի թաղամաս, տեսեք ձեր գեներալիտետի և պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների դղյակները։ Որտեղի՞ց։ Ուսումնասիրում ես իրենց հայտարարագրերը, որևէ տեղ միլիոնավոր դոլարների աղբյուրներ նշված չեն, բոլորը կամ տոկոսով փող են տալիս, կամ փոխառություն են ստացել, կամ իրենց մամաներից, պապաներից նվիրատվություն է։ Մամաների կենսագրությունն ես ուսումնասիրում, պապաներինն էլ՝ հետը, որևէ մեկը միլիարդատեր չէ։

«Հայկակսն Ժամանակը» փաստեր ներկայացրեց բանակին մատակարարվող հացի ուռճացված գների մասին։ Երբ պետք է լինում՝ մեր պատկան մարմիններն անմիջապես մամուլի հրապարակումն ընդունում են հիմք և գործ են հարուցում ու սկսում են հետաքննել, այս դեպքում ասվում է՝ չխոսեք այդ ոլորտի մասին, դա այս նախագծի հետ կապ չունի։ Երկուսի մասին էլ պետք է խոսվի»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։

Նա նաև հիշեց հայտնի անեկդոտը՝ «որ բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ո՞վ գողացավ».

«Նայում ես ձեր ապրելակերպին, ունեցվածքին, Ռոքֆելերը գլուխը պատն ա տվել՝ մեր բանակի գեներալիտետի և որոշ արտոնյալ սպայական անձնակազմի համեմատ։ Ես չեմ հավատում, որ այդ բոլոր հարստություններն օրինական են։ Չեմ հավատում, որ մեր նման աղքատ երկրում հնարավոր են այդքան հարուստ, օլիգարխ գեներալներ»։

Տեսանյութը՝ 1in.am-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս