Ադրբեջանի նախագահի հասցեին համացանցով վիրավորական արտահայտությունների համար կսահմանվի քրեական պատասխանատվություն
Ադրբեջանում երկրի ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը ինտերնետ տիրույթում արատավորելու կամ ստորացնելու փորձը կհանգեցնի քրեական պատախանատվության։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն առաջարկություն է ուղարկել Միլի մեջլիս՝ կապված Ադրբեջանի ՔՕ-ում հավելյալ 323.1 հոդված սահմանելու մասին (հրապարակային ելույթներում, ԶԼՄ-ների միջոցով, հրապարակային ստեղծագործություններում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու կամ ստորացնելու մասին)։
Համաձայն նախագծի՝ այդ հոդվածում «կամ զանգվածային տեղեկատվության միջոցներ» բառերը փոխարինվելու են «ԶԼՄ-ների միջոցով կամ տեղեկատվական ինտերնետ-ռեսուրսներում հրապարակային տարածման դեպքում» բառերով։
Այդ գործողությունների համար նախատեսվում է տուգանք՝ 500-1000 մանաթի չափով կամ ուղղիչ աշխատանքներ՝ մինչև 2 տարի ժամկետով կամ 1 տարով ազատազրկում։