Բաժիններ՝

«Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա՝ արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար». Նիկոլ Փաշինյան

«Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որովհետև սա  Հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակում է քննարկվել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

Նրա խոսքով՝  այն զինվորի, որի միտքն ազատ է մտահոգությունից, թե ինչ է լինելու իր ընտանիքի հետ, արդյոք երեխաները և ծնողները սոված կմնա՞ն, եթե իր հետ ինչ-որ բան պատահի, նման զինվորի մարտունակությունն ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած  իր մարտի, մարտական գործողության վրա, նրա գործողություններն ավելի պրոֆեսիոնալ են։

«Մեր շատ հայրենակիցներ, սակայն, արդարացիորեն ասում են՝ թող իշխանությունները,   ոչ անհայտ գեներալները  քիչ թալանեին, որպեսզի մեր բյուջեն ի վիճակի լիներ հայրենիքի համար կյանքը կամ առողջությունը  զոհաբերած քաղաքացիներին շատ թե քիչ արժանապատիվ փոխհատուցում տալ։ Ճիշտ են ասում այդ  քաղաքացիները, և մենք հիմա նաև դրա համար պետք է վճարենք այս 1000 դրամները, որ որպես պետություն, որպես հասարակություն՝ չենք կարողացել ստեղծել  այնպիսի իշխանություն, որը կլինի էֆեկտիվ։ Սա մի յուրօրինակ տուգանք է բոլորիս վրա՝ արդյունավետ պետություն և իշխանություն ունենալու գործում մեր կրած խայտառակ պարտությունների համար։ Սա պետք է վճարենք, որ ինքներս մեզ և արտաքին աշխարհին ապացուցենք, որ պետություն ունենալու կամք ունենք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այն խոսքին, որ զինծառայողների ընտանիքները գուցե ազատվեն այդ 1000 դրամները վճարելուց, Ն. Փաշինյանն ասաց.

«Պարոն նախարար, ես ձեզ էլ եմ ասել, նախորդ պաշտպանության նախարարին էլ եմ ասել, որ Հայոց բանակին, զինվորին մատակարարվող սապոգների 40 տոկոսը 20 րոպեում քրքրվում է։ Եթե ուզում ենք ծնողներին լավություն անել, եկեք այնպես անենք, որ  հայոց զինվորի ծնողն ազատվի վերնիսաժից սապոգ, ներքնաշոր, գուլպա, ատամի մածուկ և այլ բաներ առնելու պարտավորությունից։ Այդ պարագայում այդ 1000 դրամը իրենց համար մեծ դժվարություն չի լինի, որովհետև էսօր զինվոր պահելն ուսանող պահելուց դժվար է դարձել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս