
Չհայտարարված այց՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ չհայտարարված այց են իրականացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաև այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն: Այցի շրջանակներում հանդիպում է կայացել նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկվել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Արձանագրված մի շարք խնդիրների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախապատրաստվում են համապատասխան հարցումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ