Մարտակերտում քննարկվել է Սահմանադրության նոր նախագիծը
ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 14-ին հանրային քննարկումները շարունակել են Մարտակերտ քաղաքում:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ներկայացնելով Սահմանադրության փոփոխությունների նախագիծը՝ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը ներկաներին բացատրել են սահմանադրական բարեփոխումների կարևորությունը՝ թվարկելով գործող Սահմանադրության նկատմամբ նորի առավելությունները:
Մարդու իրավունքների, երկրում կառավարման համակարգի փոփոխության և առաջին ու վերջին հոդվածների վերաբերյալ բացատրությունների ժամանակ, քննարկման մասնակիցների հարցադրումներից ելնելով, մասնագիտական հանձնաժողովի անդամները հավելյալ պարզաբանումներ են տվել: Իսկ Սահմանադրության 8-րդ գլխի մասով, որը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգին, Ա. Դանիելյանն առանձնացրել է համայնքների խոշորացման հարցը:
«Կարևոր նշանակություն ունի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համակարգի հարցը, որպեսզի այն էլ ավելի արդյունավետ լինի: Մասնավորապես առաջարկվում է, որ շրջանը ստանա համայնքի կարգավիճակ, իսկ բնակավայրերն առանձին ունենան համայնքի կողմից նշանակված ղեկավարներ: Նշեմ, որ սա դեռ նախագիծ է, և այս առումով մենք հաշվի կառնենք բոլոր համայնքների ղեկավարների ու բնակչության կարծիքները»,- մանրամասնել է Ա. Դանիելյանը և հավելել, որ համայնքների խոշորացումը տեղի կունենա նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 5 տարի հետո: Առաջարկվող նախագծով նախատեսվում է լայն հնարավորություններ տալ համայնքներին, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորեն ու սահմանեն իրենց հարկերը և տուրքերը:
Քննարկման ընթացքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են նաև մասնակիցներին հուզող այլ հարցերի:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Մինասյանն ասել է, որ ողջունում է սահմանադրական փոփոխությունների հետ կապված շատ առաջարկներ: «Կարծում եմ նոր փոփոխությունները նոր հնարավորություններ են տալիս՝ արդյունավետ կառավարման համար:
Մենք հաճախ բողոքում ենք ուռճացված պետական համակարգից, տեղական ինքնակառավարման մարմինների անգործությունից և այլն: Բայց մտավախությունս այն է, որ մեզ առաջարկվող կառավարման մոդելը, տարբերվում է Հայաստանում գործողից: Ես դեմ չեմ նախագահական մոդելին, բայց, իմ կարծիքով, ցանկալի կլիներ, եթե Արցախում և Հայաստանում գործեր միևնույն կառավարման համակարգը»,-ասել է Ա. Մինասյանը: