«Ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, ոչ մի կապ չունեն այն քաղաքի մշակութային կյանքի հետ, որտեղ ապրում են». ադրբեջանցի լրագրող
Ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլուդը իր «Հայերի սերը Բաքվի նկատմամբ» հոդվածում համեմատություններ է կատարում ադրբեջանցիների միջև, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս և հայերի, որոնք երբևէ ապրել են Բաքվում։
Այսպես, գտնվելով ադրբեջանցի միլիոնատիրոջ ընտանիքում, որն արդեն երրորդ սերունդն է, ինչ բնակվում է Մոսկվայում, հեղինակը հասկացել է, թե «որքան հեռու են այդ մարդիկ Մոսկվայի մշակութային կյանքից, անգամ չգիտեն հայտնի գրողներին, մշակույթի գործիչներին, չեն այցելում թատրոններ, համերգասրահներ»։
Նա նշում է, որ տանտիրուհին, որը կրում է 500 դոլար արժողությամբ շարֆ, ափսոսում է համերգի կամ թատրոնի տոմսերի համար վճարվող գումարը։ Հեղինակի հարցին, թե ինչու չեն շփվում մշակույթի գործիչների հետ, տանտիրուհին պատասխանել է, թե ռուսներն ազգայնամոլ են և չեն ընդունում ադրբեջանցիներին իրենց շրջանակը։
Արդյունքում՝ այդ մարդիկ ոչ մի կապ չունեն քաղաքի մշակութային կյանքի հետ, քանի որ նրանց դա պարզապես չի հետաքրքրում։
Մովլուդը ներկայացնում է նաև ադրբեջանցիների օրինակը, որոնք բնակվում են Թբիլիսիում՝ նշելով, թե 2 տարում, երբ ինքը ապրել է այնտեղ, վերջիններս չեն մասնակցել ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքներին, հյուրախաղերին, ժամանած խմբերի եկույթներին։
«Մի անգամ մաեստրո Էլմիր Միրզաևի հետ կազմակերպեցինք պոեզիայի երեկո։ Հրավիրյալ 30 ադրբեջանցիներից եկավ ընդամենը 3-ը, իսկ հրավիրյալ 10 վրացիները բոլորը եկան։ Կան նաև այնպիսի ադրբեջանցի տեղացիներ, որոնք բնակվում են Թբիլիսիի ծայրամասերում և երբեք չեն եղել Ռուսթավելի պողոտայում։Դա սարսափելի է»,- գրում է լրագրողը։
Նրա խոսքով՝ այլ երկրներից ժամանած ադրբեջանցիները, այնտեղ ապրելով անգամ 30 տարի, չեն կարոտում իրենց նախկին հայրենիքը։ Իսկ Բաքվի հայերը դրա մշակութային, հասարակական, քաղաքական կյանքի, նրա կենցաղի ու ոգու մասնակիցներին էին, գրում է Մովլուդը։
Նրա խոսքով՝ հայերն ամենուր էին՝ ղեկավար կազմում, արվեստում, արհեստի ճյուղերում, իսկ ադրբեջանցիները երբեք չեն ձուլվում իրենց բնակության վայրերի հետ։
Նրանք կարող են գումար վաստակել, լինել «օրենքով գողեր», ամուսնանալ տեղացի կանանց հետ, սակայն չեն մասնակցում մշակութային կյանքին, չեն դառնում քաղաքի ոգու ու կենցաղի մասը, որտեղ բնակվում են։
Գյունել Մովլուդն ադրբեջանական ընդդիմադիր Meydan-TV օնլայն հեռուստատեսության աշխատակից է։ Ադրբեջանում ենթարկվելով հետապնդումների՝ ստիպված է եղել հեռանալ երկրից։
Ճնշման տակ է ընկել այնուհետ նրա ընտանիքը՝ կալանավորվել են նրա երկու եղբայրները, իսկ մայրը պարտադրված է եղել հրապարակավ հրաժարվել իր աղջկանից։