Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց են անցկացրել փոխադարձ պայմանավորվածությամբ: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի ղեկավարը նշել է նոր վարչակազմի հետ գործընկերային երկխոսություն հաստատելու պատրաստակամությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Խոսակցության ընթացքում Պուտինը եւ Թրամփը ոչ միայն համակարծիք են եղել ռուս-ամերիկային հարաբերությունների ներկայիս խիստ անբավարար վիճակի հարցում, այլեւ հանդես են եկել դրանց նորմալացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանք ծավալելու օգտին: Ընդգծվել է, մասնավորապես, երկկողմ կապերի հուսալի հիմք ստեղծելու կարեւորությունը դրանց առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացման ճանապարհով»,- նշում է ռուսական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պուտինը եւ Թրամփը համակարծիք են եղել թիվ մեկ ընդհանուր թշնամու՝ միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի միավորման անհարժեշտության հարցում: Այս առումով քննարկվել են նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պուտինը եւ Թրամփը պայմանավորվել են շարունակել հեռախոսային շփումները եւ հեռանակարում նախատեսել անձնական հանդիպում, որի նախապատրաստմամբ կզբաղվեն երկու կողմերի ներկայացուցիչները: