«Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել». ՀԺ

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ

– Պարոն Բադասյան, Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին զուգահեռ ակտիվացել են Ղարաբաղի սահմանին հրադադարի խախտումները: Ինչպիսի՞ն է վիճակն այս պահին, ունե՞ք տեղեկություններ:

– Դժվար է ասել, թե ինչ կարող է լինել, բայց ես այս պահին գտնվում եմ առաջնագծից ընդամենը մի քանի կիլոմետր հեռու եւ ժողովուրդն այստեղ վար ու ցանք է անում: Խուճապի առիթ իրոք չկա: Մեկ-մեկ կրակում են՝ ոչինչ: Իրավիճակը միշտ էլ լարված է լինելու, բայց մենք մեր աշխատանքները չպետք է դադարեցնենք: Մենք այստեղ ունենք բանակ, որը զգոն կանգնած է իր խնդիրը կատարում է: Մենք պատրաստակամ ենք, որ երբ էլ նոր ինչ-որ բան լինի, բոլորս միանգամից ոտքի ենք կանգնելու:

– Ալիեւը հայտարարել է, որ պատրաստվում են ետ վերցնել բոլոր տարածքները, ինչպես Լելե Թեփեն ետ վերցրին: Ի՞նչ եք կարծում՝ ինչու է Ալիեւը հիշեցնում Լելե-թեփեի գրավման մասին եւ արդյո՞ք լուրջ կարելի է ընկալել նրա այս սպառնալիքը:

– Սպառնում է, որովհետեւ ինքը հաղթանակ ունեցավ, փոքրիկ հաջողություն ունեցավ, նշանակալից բարձունք վերցրեց հարավում, ինչպես նաեւ Թալիշի բարձունքները գրավեց: Սա իրենց համար հաղթանակ է, որովհետեւ 25 տարվա մեջ կոտրեցին այն կարծրատիպը, որ իրենց բանակը դիրքեր գրավել չի կարող: Դա մեր թուլությունն էր, մեր ռազմական եւ քաղաքական ղեկավարության թուլությունն էր, որ չկարողացան պատշաճ կերպով որոշում ընդունել եւ դիրքերը հետ վերցնել:

– Իսկ հայտարարությունը կարելի՞ է ընդունել որպես նոր «ապրիլյան» պատերազմի սպառնալիք:

– Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ատամի տակ շիրա է մնացել: Էդ փոքր հաղթանակից հետո իրենց ատամի տակ շիրա է մնացել, փորձելու են զարգացնել:

– 1000 դրամների նախագծի մասին: Տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, ինչպիսի՞ն է Ղարաբաղում արձագանքը:

– Միանշանակ ես ընդունում եմ ազգ-բանակ գաղափարը, որ որդեգրել է նոր նախարարը: Այդ կոնցեպցիան պետք է աշխատի, 90-ականների սկզբին այդպիսինն էր մեր բանակը: Հետագայում սարքեցին խորհրդային բանակի նման մի ստրուկտուրա, որը չէր կարելի: Ինչ վերաբերում է 1000 դրամներին՝ չեմ կարծում, թե ժողովուրդը դեմ է բանակին օգնելուն: Տեսեք՝ ինչպես ապրիլին կանգնեցին եւ օգնեցին բանակին, մինչեւ հիմա էլ օգնում են: Խնդիրը վստահության պակասն է: Այսօր գեներալները ժողովրդի աչքի առջեւ թալանում են բանակը, շարունակում են թալանել, այլեւս ոչ ոք չի կարող այդ նույն կառույցին կամ որեւէ պետական կառույցի, որ առնչվում է բանակի հետ, որեւէ գումար տալ: Չի ուզի, ես էլ չեմ ուզի:

Ես կարծում եմ՝ ճիշտ է գումար հավաքելը բանակի համար, 1000 դրամի գաղափարը ճիշտ է, բայց արդար չէ: Ապացույցներ կան, որ գողանում են, բայց չկա ապացույց, որ կանխվել է: Պիտի ոչ միայն կանխվի այդ գողությունը, այլեւ այդ գողացածը հետ բերվի, գողացողները պատժվեն, նոր արդեն հարյուր հազարավոր մարդիկ կօգնեն:

– Ազգային ժողովում նախարարը հայտարարել է, թե ովքեր գիտեն՝ թվարկեն այն մարդկանց անունները, որոնք ՊՆ-ի հաշվին կուտակել են իրենց եւ իրենց ընտանիքի երջանկությունը: 

– Ես օրինակ հայտարարել եմ, չէ՞ ով է գողանում եւ ինչքան: Այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձնից չեն հարցնում, թե ով, ինչքան եւ որտեղից է գողանում: Կամ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն անդրադառնում: Դուք չորրորդ իշխանության ներկայացուցիչ եք, չէ՞: Իմ ասածը տպելու եք չէ՞, որ ֆեոդալ գեներալները բանակից գողանում են մեծ գումարներ: Պարտավոր են, չէ՞ դատախազությունը, քննչական կոմիտեն պարզել այդ ամենը:

– Մենք հարցում ենք արել եւ դատախազությունից դեռ պատասխան չենք ստացել:

– Չեն զբաղվում, չէ՞, ուրեմն թքած ունեն չորրորդ իշխանության վրա: Եթե ես թքած ունեմ չորորդ իշխանության վրա՝ չորրորդ իշխանությունն էլ կարող է թքած ունենալ առաջին, երկրորդ, երրորդ իշխանության վրա: Հետո էլ ասում են՝ խոսում եք, հետո էլ ասում են՝ խիյարը թարս է բուսնում դրա համար: Որպեսզի ինձ պատասխանատվության ենթարկեն՝ բամբասել-չբամբասելու համար կամ գողությունը կանխվի… նախարարը կարող է դիմել դատախազություն, որ կոնկրետ այն հայտարարությունը, որ հնչեցրել եմ ես եւ Աժ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ընդունելով իմ հայտարարությունը, թող զբաղվեն դրանով՝ պարզեն, եթե ուզում են պարզել: Բայց չեն ուզում: Խի՞, ոչ ոք չգիտի՞, թե որ գեներալը քանի հազար քառակուսի մետր բնակարան է ստացել, հեկտարներով բնակարաններ են ստացել: Իրենք չե՞ն կարող դա իմանալ:

 

Տեսանյութեր

Լրահոս