Կառավարության մղձավանջը

«Ի՞նչ պետք է անենք, որ մենք մեր երկիրը, մեր մարզը զարգացնենք: Այդ աշխատանքի մեջ յուրաքանչյուրը պետք է ֆիքսի այն խաղի կանոնները, թե ինչպես ենք աշխատելու, ինչպես ենք համագործակցելու, ինչպես ենք ծրագրերը քննարկելու, նաև՝ թե համայնքը, մարզպետարանն ու կառավարությունն ինչ բեռ են իրենց վրա վերցնելու: Խաղի կանոնները լինելու են շատ պարզ: Նախ և առաջ՝ մենք ակնկալում և սպասում ենք մինչ տարեվերջ, բոլոր համայնքների զարգացման ծրագրերը, իրենց երազանքը, թե ինչպես են տեսնում համայնքի զարգացումը…»,- Դիլիջանում Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա էլի բազմաթիվ խելացի մտքեր է հայտնել համայնքների, մարզերի զարգացման վերաբերյալ։ Բայց ամենակարևորը Կարեն Կարապետյանի՝ մեջբերված հայտարարության մեջ, թերևս, կանոնն է ու երազանքը։

Կարևոր՝ մտածողության, աշխարհայացքի, կենսափիլիսոփայության իմաստով։ Կարեն Կարապետյանը, գոնե հրապարակային հարթությունում հաճախ է խոսում խաղի կանոնների մասին։ Իհարկե, երբեմն նա տուրք տալով կանոնապաշտությանը՝ կարծես մոռանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի օրենսդրություն, որը հենց կանոնների լեգիտիմ հավաքածու է, և խոսում է տարբեր ոլորտներում տարբեր պաշտոնյաների կողմից կանոններ հաստատելու անհրաժեշտության մասին։

Շատ ավելի հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ՝ ավելի խոցելի է երազանքի մասին Կարեն Կարապետյանի հայտարարությունը։ Ի սկզբանե։ Նույնիսկ ամենապայծառ երևակայության պարագայում։ Ի՞նչ ասել է՝ երազանք՝ համայնքի, մարզի, պետության համար, վերջին հաշվով։ Դա այն տեսլականն է, այն մոդելը, որին պետք է ձգտի տվյալ միավորը։ Իսկ ո՞րն է Հայաստանի երազանքը՝ որպես պետություն։ Այս հարցի պատասխանն է Կարեն Կարապետյանի փիլիսոփայությունը դարձնում շատ խոցելի։ Եվրասիական միությանն անդամակցությամբ Հայաստանը սահմանել է իր երազանքի նշաձողը՝ Ռուսաստան։ ԵՏՄ-ն՝ իր գաղափարախոսությամբ, նպատակներով ու մնացյալ ամենայնով զարգացումը, առաջընթացը զսպող միություն է, որի անդամների համար զարգացման առավելագույն շեմը կարող է լինել Ռուսաստանը։ Ոչ միայն տնտեսապես, այլև ու առաջին հերթին՝ քաղաքակրթական իմաստով։ Իսկ թե ինչպիսի ու ինչպիսի երազանքով երկիր է Ռուսաստանը, Կարեն Կարապետյանը պետք է որ բոլորից լավ իմանա։
Կարեն Կարապետյանի հայտարարություններն ու երազանքի պահանջները կլինեին միանգամայն այլ, եթե նա հայտարարեր, որ Հայաստանը սխալ ընտրություն է կատարել՝ անդամակցելով ԵՏՄ-ին։

Բայց նա, ինչպես հայտնի է, ոչ միայն դեմ չի արտահայտվել, այլ նաև բոլոր կողմերից կողմ է արտահայտվել ԵՏՄ-ին ու Հայաստան է վերադարձել ԵՏՄ-աստեղծ երկրում զբաղեցրած բարձր պաշտոնից։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի՝ և՛ որպես պետության, և՛ պետականակազմ մնացած միավորների երազանքները ոչ թե իրականանալի, այլ երազախաբության ենթակա տեսիլքներ կարող են լինել, քանի որ դրանց առավելագույնը ռուսական տարածությունն է, որն այսօր հետընթաց ապրող տարածություն է ու դեպի անդունդը գլորվող տարածություն է։

Ընդհանրապես, Կարեն Կարապետյանի գործունեության ամենահակասական կողմն այն է, որ նա՝ լինելով ռուսական տարածության գործիչ և չմերժելով ռուսականությունից ածանցվող արատները, հանդես է գալիս ավելի շատ արևմտյան ոճի ղեկավարի դիրքերից։

Էսթետիկապես դա, իհարկե, հաճելի է։ Գործնականում, սակայն, շատ մեծ է ձախողման կամ հիասթափության կամ ֆրուստրացիայի հնարավորությունը։ Ոչ այնքան՝ անձամբ իր, որքան՝ իրեն հավատացող հասարակության համար։ Ինքը՝ վարչապետը, հայտարարել է, որ տապալվելու դեպքում մի օր ավելի չի մնա այդ պաշտոնում։

Հասկանալի է՝ նա երբեք անգործ չի մնա։ Բայց հասարակությունը կապրի հերթական երազախաբությունը՝ հերթական անգամ համոզվելով, որ եվրասիական երկիրը չի կարող նորմալ, կամ որ նույնն է՝ եվրոպական զարգացում ունենալ։ Իսկ դա արդեն ոչ թե երազ է, այլ իսկական մղձավանջ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս