Տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն կայացել է, այլեւ ապացուցել իր կենսունակությունը. Սերժ Սարգսյան
ՀՀ տեղական ինքնակառավարման ներդրման համակարգը նշում է 20-ամյակը, ինչի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 14-ին կազմակերպված միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «1996 թվականի նոյեմբերի 10ին կայացան համայնքների ղեկավարների եւ ավագանիների մեր առաջին ընտրությունները:
Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից: Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթն արդեն վաղուց ընդհատված է: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը եւ կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպական խորհրդին:
Այս բնագավառում մեր առաջընթացի կարեւոր գրավականներից էր օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին եւ դրա արդյունավետ կիրառումը: Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն կայացել է, այլեւ ապացուցել իր կենսունակությունը»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կայացում դեռեւս չի նշանակում, որ ոլորտում թերություններ չկան: «Ասածս չի նշանակում, որ թերացողներ չկան, ասածս նշանակում է հետեւյալը, որ իրոք համակարգը կայացել է, եւ մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը, որը պետք է վայելի համայնքի բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների եւ գյուղաբնակների համար բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը:
Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմինները ապրում են իրենց հոգսերով, անհրաժեշտ է, որ այդ կառուցներն իրենց ամբողջ կարողությամբ լծվեն համայնքները կարգավորելու գործին: Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, եւ նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների, համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանը, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն»,- նշեց ՀՀ Նախագահը եւ շեշտեց, որ ճիշտ ինքնակազմակերպումն ու ինքնակառավարումը երկրի զարգացման ամենահուսալի ճանապարհն է:
Միջոցառման շրջանակում Նախագահը պետական բարձր պարգեւներ շնորհեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի ղեկավար Վարդան Ներսիսյանին, Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանին, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանին, Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանին եւ այլոց:
Սահմանամերձ Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գյուղի խնդիրներին, նշեց, որ թեպետ դրանք շատ են, փորձում են աշխատել գյուղի զարգացման ուղղությամբ: «Ոռոգման ջրի խնդիրը լուծելով, գյուղատնտեսական աշխատանքները մեխանիզացնելով՝ մենք փորձում ենք գյուղի հետագա զարգացումն ապահովել: Վերանորոգված լավ դպրոց ունենք, որտեղ սովորում է 92 աշակերտ: Ցավոք, թիվը գնալով պակասում է: Թեպետ մանկապարտեզ չունենք, բայց մանկահասակ երեխաների ժամանցի վայր ենք ստեղծել:
Խաչիկն իր խնդիրները համայնքով որքան կարողանում է, լուծում է, մնացած գլոբալ խնդիրներն էլ՝ Կառավարության աջակցությամբ: Օրինակ՝ 2012 թվականին բնակարանաշինության խնդիրն ենք լուծել, 12 նոր բնակարան է կառուցվել»,ասաց գյուղապետը: Մեկ այլ սահմանամերձ Պառավաքար գյուղի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն էլ հենց պարգեւատրման ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել էր գյուղի խնդիրներից մեկը, տեղեկացրել, որ գյուղում այժմ կամ խմելու ջրի խնդիր, 27 կմ հեռավորություն վրա գտնվող ջրագիծը վերանորոգման կարիք ունի:
«Շատ խնդիրներ ունի, բայց հիմնականն այն է, որ սահմանամերձ է, միշտ անհանգիստ ենք լինում, հատկապես աշնան բերքահավաքի ժամանակ կրակոցներ են լինում, չնայած այս աշնանը բերքահավաքը նորմալ է ընթացել: Հացատունն էլ է անհրաժեշտ վերանորոգել երկու ամսում դա ենք անելու: Իսկ խմելու ջրի խնդիրն այն է, որ ջրաչափեր էլ չունենք, դեռ չի կարգավորվել, ժամով ենք տալիս ջուրը: Միեւնույն ժամանակ կարող եմ ասել, որ փողոցային լույսեր ունենք, գյուղը գազաֆիկացված է, համայնքի կենտրոն ենք կառուցել, դպրոցում մարզադահլիճ վերանորոգել»,- եզրափակեց Պառավաքարի գյուղապետը: