«Փողեր պետք է ծախսել` արդարության դեֆիցիտը պակասեցնելու համար». Միքայել Մելքումյան
Հայաստանում գոյատևելու համար, պաշտոնական տվյալներով, 1 շնչին ամսական անհրաժեշտ է 95 հազար 680 դրամ, մինչդեռ նվազագույն աշխատավարձը, հարկերը հանելուց հետո, 55 հազար դրամ է: Այս պայմաններում պաշտպանության նախարարությունը ներդնում է 1000 դրամների պարտադիր ապահովագրության համակարգը: Թե ինչպե՞ս են այս թվերը մեկտեղվում, 168.am-ը հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանից:
«Այդ 95 հազարն ինքնին ծիծաղելի է, ստացվում է` օրական մոտ 3000 դրամ, այսինքն` մարդն այդ գումարով պետք է գոյատևի: Չգիտեմ՝ դա ինչպե՞ս կստացվի, բայց եթե գոյատևի էլ, ապա խնդիրներ կունենա, շուտ կհիվանդանա, մի երկու տարի հետո էլ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն կունենա, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ծերերին, որոնք ավելի շատ դեղեր են օգտագործում, նրանց բնակտարածքն ավելի շատ պետք է տաքացվի: Եվ այս ամեն ինչը հաշվի առնելով` այդ 95 հազարն էլ է ծիծաղելի»,- ասաց պատգամավորը:
Մ. Մելքումյանը նշեց, որ նվազագույն աշխատավարձի վերանայման հարցն ինքը նախկինում էլ է բարձրացրել, իսկ հաջորդ տարվա բյուջեի համար առաջարկել է այդ ցուցանիշը սահմանել 101 հազար դրամ.
«Տեղերն էլ ցույց ենք տալիս, թե որտեղից: Հերիք է ասեն` որտեղի՞ց: Լավ էլ տեղերը կան, լավ էլ ստվերային շրջանառությունը 2.5-3 անգամ աճեց դրոշմապիտակներից հետո: Ավելին` ո՞վ է խանգարում իրենց, որ հիմա պետական կառույցների բենզինի ծախսը 430 դրամով է հաշվարկված, բայց բենզինի գինն ընկել է այսօր, լիտրը 350 դրամ է և շարունակելու է իջնել: Կամ` Կենտրոնական բանկը համակարգիչների՝ նոութբուքերի համար 950 հազար է տալու, բայց այսօր 550 հազարով կարելի է շատ որակյալ նոութբուք գնել, ի՞նչ պարտադիր է Apple լինի: Նվազագույն աշխատավարձը պետք է անպայման աճի: Կառավարությունը չկատարեց իր հնգամյա վերջին երկու տարիների ծրագիրը, 2017թ. համար պետք է արդեն 65 հազար դրամ լիներ նվազագույն աշխատավարձը: Կառավարությունը չի կարողանում իր պարտավորությունները կատարել, և դա լավ նշան չէ»:
Սոցիալական համապատկերի առումով Մ.Մելքումյանը նշեց, որ ազգային վիճակագրական ծառայությունը հեռու է իրական պատկեր տալուց:
Նա համաձայնեց, որ, եթե նվազագույն աշխատավարձ ստացողը չպետք է վճարի 1000-ական դրամները, բայց գոյատևման համար էլ անհրաժեշտ է 95 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձի և գոյատևման գումարի միջակայքում եկամուտ ունեցողներից գանձելու են այդ 1000 դրամները, ապա դա հավելյալ անարդարության խնդիր է առաջացնում.
«Իհարկե, և այդ պատճառով էլ այդ հիանալի ազգ-բանակ գաղափարը և ցանկացած այլ գաղափար չի կարողանում անվստահության մթնոլորտում ճիշտ ծիլեր տալ: Լավ նպատակներով գաղափարներն այդ վստահության դեֆիցիտի պատճառով չեն կարողանում օգտակար արդյունքի հասցնել: Սա միայն հազար դրամին չի վերաբերում, այլ նպատակներով նույնպես շատ ծրագրեր կարող ենք անել, բայց արդյունք չկա: Այնպես որ` փողեր պետք է ծախսել` արդարության դեֆիցիտը պակասեցնելու համար»: