Հայաստանում ամեն տարի գրանցվում է շաքարային դիաբետով հիվանդացության 60-70 նոր դեպք

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում տարեցտարի ավելանում են շաքարային դիաբետով հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշները: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  ՀՀ  առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ  Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով, 10 տարվա կտրվածքով վերլուծությունը  ցույց է տալիս, որ 2 անգամ ավելացել է հիվանդացության, մոտ 3 անգամ՝ մահացության ցուցանիշը:

«Ներկայում Հայաստանում  դիսպանսեր հսկողության տակ է գտնում շուրջ 78 հազար մարդ: 2015 թվականին շաքարային դիաբետ առաջին անգամ հայտնաբերվել է 7 հազար 800 մարդու մոտ: Նախարարությունն իրականացնում է ռազմավարական նշանակության ծրագրեր, որ իրավիճակն առնվազն կառավարելի լինի»,-ասաց  Ծաղիկ Վարդանյանը:

Նա կարևորեց կանխարգելիչ ծրագրերը: Հանրապետությունում իրականացվում են սկրինինգային ծրագրեր, որոնց շրջանակում քաղաքացիները հետազոտվում են անվճար: 2015-2016 թվականին շաքարային դիաբետի հետ կապված հետազոտվել են  303 հազար քաղաքացի:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ պետությունը նաև ապահովում է դեղորայքով:  Ինսուլինի հետ կապված՝ հանրապետությունում 100 տոկոս ծածկույթ է ապահովվում, ինչ վերաբերում է հաբերին, ապա՝ մոտ 80 տոկոս: Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում 2017 թվականից հաբերով նույնպես 100 տոկոսով ապահովելու համար:

Շաքարային դիաբետը տարածված է նաև երեխաների շրջանում, և այստեղ նույնպես հիվանդացության աճ է նկատվում: 2016 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով 497 երեխա: Նրանք այն երեխաներն են, որոնք ինսուլին ստանալու կարիք ունեն:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի խոսքով, դիտարկելով 2007 թվականից մինչ այսօր ունեցած տվյալները, տեսնում ենք, որ հիվանդացության աճ է նկատվում:

«Պետք է նշեմ, որ այդ միտումը նկատվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: 2007 թվականի համեմատությամբ, ընդհանուր առմամբ, երեխաների շրջանում 40 տոկոսով աճել է շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշը: Այս խնդիրը կա աշխարհի բազմաթիվ երկրներում: Աշխարհում կես միլիարդից ավելի շաքարային դիաբետով հիվանդ երեխա կա: Տարեկան  86 հազար երեխայի մոտ առաջին անգամ հայտնաբերվում է այս հիվանդությունը: Հայաստանում ամեն տարի գրանցվում է 60-70 նոր դեպք: Մեր հանրապետության համար դա շատ է»,- ասաց Ելենա Աղաջանովան:

Անդրադառնալով հիվանդության պատճառներին` մասնագետը նշեց, որ չկա մեկ կոնկրետ պատճառ: Նախկինում խոսվում էր ժառանգական նախատրամադրվածության մասին, երբ հիվանդությունը 100 տոկոսով փոխանցվում է ծնողից երեխային: Ներկայում խոսվում է նաև էպիգենետիկայի մասին: Այսինքն, երբ գեները փոփոխության են ենթարկվում շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ներքո:

«Տասնյակ տարիների ընթացքում տրանսպորտի զարգացումը, սննդի փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, սթրեսները, այդ ամենը նպաստում են, որ տեղի ունենան գեների փոփոխություններ: Գենային մուտացիաներն այդ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում»,-ասաց էնդոկրինոլոգը:

Այդ ամենից բացի, մասնագետը կարևորեց առողջ ապրելակերպը, այն է` ճիշտ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը: Ելենա Աղաջանովան նշեց, որ շատերը գիտեն այդ մասին, սակայն չեն հետևում այդ կանոններին: Նա խորհուրդ տվեց հետևել քաշին և սննդակարգին: Ամենակարևորը, ուշադիր լինել, եթե ընտանիքում կան շաքարային դիաբետով հիվանդներ:

Տեսանյութեր

Լրահոս